Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Ադրբեջանական բարբարոսությունը՝ քրեական գործերի նյութերով

Նոյեմբեր 25, 2009թ. 17:10

SumgayitՀՀ գլխավոր դատախազությունը բացում է արխիվները

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազակերպությունը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ծանոթանալու Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործին առնչվող արխիվային նյութերին։ Նրանց կարծիքով, այդ քրեական գործի նյութերը վերաբերում են մեր ժողովրդին, ուստի մեր հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու արխիվային այդ փաստաթղթերին և իմանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել Խորհրդային Ադրբեջանի տարածքում։

«Համատեղ քննարկումների արդյունքում դատախազությունը ոչ միայն համաձայնեց, որ հասարակական կազմակերպությունը ծանոթանա այդ նյութերին, այլև որոշվեց ստեղծել էլեկտրոնային արխիվ և այդ փաստաթղթերը զետեղել համատեղ կայքում։ Ի դեպ, կայքի ծրագրավորողին մենք չենք վճարում, նա սեփական կամեցողությամբ պատրաստակամություն է հայտնել մշակել կայքը։ Հիմա այդ աշխատանքները ընթացքի մեջ են»,-  ասաց ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը։

Սուգայիթյան ոճրագործության ծածկադմփոցը

1988թ. Սումգայիթում ապրող հայերի դեմ ադրբեջանցի կոչվածների կողմից իրականացված բարբարոսությունից անմիջապես հետո ԽՍՀՄ գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ՝ Սումգայիթում անկարգությունների, ազգային պատկանելիության հողի վրա կատարված սպանությունների հատկանիշներով։ Նկատի ունենալով այն, որ բազմաթիվ փախստականներ ապաստան էին գտել Հայաստանում, հանձնարարվեց ՀԽՍՀ գլխավոր դատախազությանը` Հայաստանում նույնպես ստեղծել քննչական մարմին և կատարել քննչական գործողություններ. այսինքն՝ այդ մարդկանց հարցաքննել։

Թե ինչ ցուցմունքներ էին տվել այդ մարդիկ, մինչև այժմ հասարակությանը հայտնի չէր։ ԽՍՀՄ գլխավոր դատախազության կողմից իրականացվող սումգայիթյան դատավարության մասին այն ժամանակ մամուլում կցկտուր տեղեկություններ հրապարակվեցին։ Եվ աշխարհն այդպես էլ չիմացավ, թե ինչ էր իրականում տեղի ունեցել Սումգայիթում։ Ադրբեջանցիները դեռ հիմա էլ շարունակում են դեպքերը խեղաթյուրել, հանդես գալ զոհի կարգավիճակով` առաջնորդվելով այն մտայնությամբ, որ եթե չի ասվել, ուրեմն՝ չի եղել։

Սակայն պահպանվել են Սումգայիթի ոճրագործության (և ոչ միայն) գործի քննության հետ կապված արխիվները, որոնք առաջիկայում կզետեղվեն համացանցում  և աշխարհի ցանկացած անկյունից հնարավոր կլինի ծանոթանալ դրանց։

Արխիվային նյութերի մի մասը դեռևս այն ժամանակ՝ 1988թ., որպես քրեական գործի նյութեր, ուղարկվել էին ԽՍՀՄ գլխավոր դատախազություն, նաև՝ Սումգայիթի իրավապահ մարմիններին և, ինչպես հավաստիացնում է Սոնա Տռուզյանը, դրանց հիման վրա մի շարք անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության, ընդհուպ մինչև գնդակահարություն։

Ազգամիջյան թշնամա՞նք, թե՞ վայրագությունների բացահայտում

«Ի սկզբանե մենք չէինք սպասում, որ այսքան մեծ ծավալի աշխատանք կլինի, քանի որ գործից գործ բացվեց»,- ասաց Ս. Տռուզյանը։

Սումգայիթի գործի շրջանակներում պարզվեց, որ կա մեկ այլ քրեական գործ ևս։  ԽՍՀՄ գլխավոր դատախազությունը, հրատարակված նյութերի հիման վրա, իբր ազգամիջյան թշնամանք սերմանելու համար քրեական գործ էր հարուցել այն հայ գործիչների նկատմամբ, ովքեր հրապարակավ բարձրաձայնում էին Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունների, հայերի նկատմամբ կատարվող ոտնձգությունների, բռնարարքների մասին։ Այն ժամանակ նրանց նկատմամբ ԽՍՀՄ գլխավոր դատախազության կողմից քննչական գործողություններ էին կատարվել, ապա գործն ուղարկվել էր Հայաստան։ Այն ժամանակ հատկապես կարևոր գործերի քննիչ՝ ներկայիս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հիմնավորել էր, որ նրանք ոչ թե ազգամիջյան թշնամանք են սերմանել, այլ ներկայացրել են իրականությունը` հայերի նկատմամբ Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ: Այդ գործիչների գործողություններում  հանցակազմի բացակայության հիմքով գործը կարճվել էր։ Գործի շրջանակներում ևս կատարված ոճրագործությունների վերաբերյալ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որոնք նույնպես կհամալրեն ստեղծվող էլեկտրոնային արխիվը:

«Այստեղով թուրք է անցել» կամ հանցագործություն Մարաղայում

Մարաղան Մարտակերտում գտնվող մի բնակավայր է, որի անունով կոչվել են ադրբեջանցի գրոհայինների կողմից ԼՂՀ տարածքում իրականացված դաժան իրադարձությունները։ Մարաղայի դեպքերն առավել սահմռկեցուցիչ էին իրենց դաժանությամբ։ Գրոհայիններն այդ գյուղ էին ներխուժել լուսադեմին ու բոլորին կոտորել։ Այն մի քանի մարդկանց, ովքեր կենդանի էին մնացել, առևանգել էին։

«Քանի որ ԼՂՀ-ի հետ մենք համագործակցության հուշագիր ունենք, նրանց խնդրեցինք, որ նաև այդ քրեական գործի նյութերը տրամադրեն մեզ»,- նշեց Ս. Տռուզյանը։

Ի դեպ,  ԼՂՀ իրավապահներին հաջողվել էր պարզել մոտ 3 տասնյակ այն ահաբեկիչ գրոհայինների ինքնությունը, ովքեր իրականացրել էին այդ  հանցագործությունները։ Նրանցից ոմանք առ այսօր գտնվում են հետախուզման մեջ, և դրանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

2010թ. սկզբին կայքը հասանելի կլինի հանրությանը

Այսպիսով, համացանցում տեղադրվող արխիվային փաստաթղթերը ներառում են  մի քանի քրեական գործերի մասին արխիվային նյութեր։ Արխիվային նյութերն այս կերպ կփոխանցվեն սերունդներին, դրանցից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր ուզում են  պատկերացում կազմել Ադրբեջանի տարածքում, առանձնապես Սումգայիթում և ԼՂՀ-ում, ադրբեջանցիների կողմից իրականացված ոճրագործությունների մասին։

ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղարը նշեց, որ էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքների մոտ 90%-ը կատարված է։ «Մնացել են վերջին մի քանի հատորները։ Այնուհետև այդ ամբողջ տեղեկատվությունը կտեղադրվի կայքում։

Կարծում եմ` հաջորդ տարի արդեն՝ 2010թ. սկզբին, կայքը հասանելի կլինի հանրությանը։ Իսկ նրանք, ովքեր մինչ այդ ցանկություն կհայտնեն ծանոթանալու այդ նյութերին,  կարող են գալ ու մեզ մոտ ծանոթանալ դրանց»,-ասաց Ս. Տռուզյանը։

Էլեկտրոնային արխիվ ստեղծելուց բացի, այդ քրեական գործերի նյութերի մի մասով հաջորդ տարի  նախատեսվում է լույս ընծայել նաև առանձին ժողովածու։ «Կհրատարակվի այն հիմնականը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի արտացոլել դեպքերի զարգացումն այնպես, ինչպես դրանք տեղի են ունեցել։Կարծում ենք` էլեկտրոնային արխիվը եւ ժողովածուն  օգտակար կլինեն ինչպես պատմագիրների, այնպես էլ քաղաքական գործիչների եւ, ընդհանրապես, հասարակության լայն շրջանակների համար, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ճիշտ ըմբռնել եւ գնահատել պատմական իրադարձությունները՝ դառնալով պատմությունը կեղծելուն միտված  կանխարգելիչ քայլերից մեկը»,- պարզաբանեց Սոնա Տռուզյանը:

* * *

Սումգայիթյան դեպքերին առնչվող արխիվային նյութերից մի քանի պատառիկներ ArmAr.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։ Դրանց կարող եք ծանոթանալ մեր կայքի ռուսերեն տարբերակում։

Առաջիկայում կծանոթանաք նաև ԼՂՀ տարածքում ադրբեջանցի գրոհայինների ոճրագործությունները բացահայտող փաստաթղթերից մի քանիսին։

Գոհար Փիլթոյան


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն