Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

ԼՂՀ-ում բանկային ոլորտն ակտիվանում է

Օգոստոս 27, 2009թ. 19:44

Որպես տնտեսական նոր քաղաքականության հետևանք` բանկերը վերջին շրջանում սկսել են առավել ակտիվ ու նպատակային ներգրավվել ԼՂՀ տնտեսական կյանքում: Այս պարագան հաշվի առնելով` նոր մտավախություններ են ծագում. մի կողմից` բանկերը ունեն լուրջ խնդիրներ, մյուս կողմից ԼՂՀ տնտեսական կյանքում ճգնաժամը նոր դժվարություններ է «խոստանում»: Համաձայնենք, որ նման կրկնակի ճնշումն իսկապես, մտահոգության հիմք է տալիս. արդյո՞ք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մեկնարկած պետական մի շարք ծրագրեր կդիմանան այս փորձությանը:
Վերոհիշյալ ծրագրերի մեծ մասն իրականացվում են Արցախի ներդրումային հիմնադրամի և հանրապետությունում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի համագործակցությամբ:
Ներդրումային հիմնադրամի խողովակներով իրականացվող վարկավորման և աջակցության ծրագրերն իրականացվում են երկու հիմնական ուղղություններով` ՓՄՁ ոլորտի աջակցություն և հիպոտեկային վարկավորում` բնակարանների ձեռքբերման, կառուցման կամ վերանորոգման համար: Այս ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին Ներդրումային հիմնադրամի հիմնական գործընկերներն են Արցախբանկն ու Հայբիզնեսբանկը:
Մտավախությունները, թե տնտեսական ճգնաժամը ճակատագրական կլինի այդ ծրագրերի համար կամ առնվազն անորոշ ժամանակով կհետաձգի դրանց իրագործումը` անհիմն է, վստահեցրեցին Ներդրումային հիմնադրամում: 2009 թվականին ՓՄՁ ոլորտի զարգացման նպատակով այս ծրագրի շրջանակներում առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերը կազմել են մոտ մեկուկես միլիարդ դրամ: Ընդ որում դրանից մոտ 184 մլն-ը տրամադրվել է ՀՀ դրամով, իսկ 1մլրդ. 340 մլն-ը` ամերիկյան դոլարով: Մեկ հանգամանք ևս. եթե ՀՀ դրամով տրամադրված վարկերը հանդիպում են հիմնականում գյուղատնտեսական ծառայությունների մատուցման և հասարակական սննդի կազմակերպման ոլորտներում, ապա այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են` արդյունաբերությունը և շինարարությունը, վարկեր տրվել են բացառապես ԱՄՆ դոլարով:
Տնտեսական ճգնաժամը արմատական փոփոխություններ չի բերել նաև հիպոտեկային վարկավորման շուկայում: Այս ծրագրում ևս Ներդրումային հիմնադրամի հիմնական գործընկերներն են Արցախբանկն ու Հայբիզնեսբանկը: 2009 թվականի առ օգոստոսի 1-ը Արցախբանկի կողմից տրամադրվել են շուրջ 322 մլն դրամի և ՀԲԲ-ի կողմից` մոտ 50 մլն դրամի վարկեր: Հիպոտեկային ծրագրերի վարկավորման ընդհանուր գումարը 2008-2009թթ• կտրվածքով, կազմում է 1 մլրդ. 422 մլն դրամ, որի առյուծի բաժինը` շուրջ 1 մլրդ 183 մլն դրամը, պատկանում է Արցախբանկին:
2008 թ• ՓՄՁ ոլորտ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընդհանուր ծավալը կազմել է 74 մլն.336 հազար դրամ, իսկ հիպոտեկային վարկերի պարագայում այդ ցուցանիշը կազմել է 17 մլն. 775 հազար դրամ:
Արդեն 2009 թ. ՓՄՁ ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալը կազմել է 125մլն. 274 հազար դրամ, իսկ հիպոտեկային վարկերի սուբսիդավորման համար պահանջվել է 34 մլն 526 հազար դրամ:
Ընդ որում` անգամ տնտեսական ճգնաժամի պարտադրած դժվարությունների պայմաններում ի վնաս վարկառուի` որևէ նորույթ չի նախատեսվում: Դեռ ավելին. երբ առևտրային բանկերը ՓՄՁ ոլորտին տրամադրվող վարկերի դիմաց պահանջվող տոկոսադրույքի շեմը 16-ից բարձրացրեցի 18 տոկոսի` ավելացած երկու տոկոսը ևս հանձն առավ հիմնադրամը` անփոփոխ թողնելով վարկառուի կողմից վճարվող 8 տոկոս դրույքաչափը:
Բնականաբար այս ամենը առևտրական բանկերին ավելի մեծ լավատեսության հիմք են տալիս. վստահ են, որ մոտ ապագայում կկարողանան ոչ միայն թոթափել ճգնաժամի պարտադրած նոր պայմանները, այլև ավելի ակտիվացնել սեփական գործունեությունը: Դրա լավագույն երաշխիքը համարում են առողջ և կենսունակ տնտեսական դաշտի առկայությունն Արցախում:
Դեռ ավելին, որոշ բանկեր համագործակցության նոր ու հեռանկարային հնարավորություններ են տեսնում, հատկապես հեռահաղորդակցության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`