ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախօրեին պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում:
ԼՂՀ ԱԳՆ հաղորդմամբ, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
ArmAr.am












