Նալբանդյանը ճապոնացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ճապոնիայի կառավարության հրավերով գտնվում է Ճապոնիայում: Նա հանդիպում ունեցավ Ճապոնիայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ: Հանդիպման ժամանակ երկու նախարարները քննարկեցին հարցերի լայն շրջանակ, ներառյալ երկկողմ հարաբերություններին առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր:
Կողմերը շեշտեցին Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը` համագործակցության տարբեր ոլորտներում փոխաշահավետ նախաձեռնությունների ի հայտ բերման եւ խթանման միջոցով: Այս նպատակով կողմերը որոշեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացնել կանոնավոր երկկողմ խորհրդակցություններ, քննարկելու համար հարցերի լայն շրջանակը, ներառյալª երկկողմ հարաբերություններին վերաբերող ու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային այլ հարցեր:
Արտգործնախարարներն անդրադարձան նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խթանմանը, ընդգծեցին երկու երկրների գործարար շրջանակների միջեւ կապերի, ներառյալ փոխադարձ այցելությունների կարեւորությունը` երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումներին աջակցելու նպատակով, ինչպես նաեւ ակնկալիք հայտնեցին, որ գործարար հարաբերությունները հետագայում կամրապնդվեն: Հայկական կողմն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում ճապոնական կազմակերպությունների գործունեության կապակցությամբ եւ ողջունեց նրանց ներկայության ընդլայնումը:
Կողմերը համաձայնեցին, որ երկու երկրների հասարակությունների միջեւ կապերի եւ մշակութային փոխանակումների ամրապնդումը կարեւոր գործոն է հանդիսանում փոխըմբռնմանը նպաստելու համար եւ որոշեցին ընդլայնել համագործակցությունը գիտության եւ կրթության ոլորտում:
ՀՀ ԱԳ նախարարն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված «Պաշտոնական զարգացման աջակցություն» (ՊԶԱ) ծրագրի իրականացման համար, ներառյալª ճապոնական ՊԶԱ-ի վարկը «Երեւանի միավորված ցիկլային կոգեներացման էլեկտրակայան», «Երեւան քաղաքում հրդեհների դեմ պայքարի տեխնիկայի կատարելագործում» եւ «Անարտոնյալ գյուղացիներին դրամաշնորհային օգնություն» ծրագրերի համար, որոնք հետեւողականորեն իրականացվում են Ճապոնիայի կողմից: Ինչպես նաև հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կշարունակվի:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ եւ իրենց աջակցությունը հայտնեցին հակամարտության խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի` ներառյալ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:
Անդրադարձ եղավ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ճապոնական կողմը ողջունեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, որոնք արտացոլվեցին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմամբ եւ ընդգծեց ձեռք բերված համաձայնությունների վավերացման եւ իրագործման կարեւորությունը, որը կտանի խաղաղությանը եւ կայունությանը տարածաշրջանում:
Երկու երկրների արտգործնախարարներն իրենց ակնկալիքները հայտնեցին ՄԱԿ-ի կառույցներում եւ միջազգային այլ կազմակերպություններում սերտորեն համագործակցելու վերաբերյալ` Եվրոպայում եւ ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում շարունակական անվտանգությանը, տեւական խաղաղությանն ու ընդհանուր բարգավաճմանն ուղղված հավասարակշռված մոտեցման պահպանման համար: Նրանք համատեղ ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցին` ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման արագ իրականացմանը` ներառյալ ԱԽ մշտական եւ ոչ մշտական անդամների քանակի ավելացումը: Այս առումով, հայկական կողմը վերահաստատեց իր ամուր աջակցությունը ՄԱԿ ԱԽ-ում Ճապոնիայի մշտական անդամակցությանը: Իր հերթին, ճապոնական կողմը խորը գնահատանք հայտնեց այդ աջակցության համար:
ArmAr.am












