Նաիրա Զոհրաբյան. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց մեզ պատերազմով հնարավոր չէ վախեցնել»
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 26-ին ընդունեց փաստահավաք առաքելությամբ տարածաշրջան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Քրիստիաս Բատային և Ռոլանդ Բլյումին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքը:
Ողջունելով եվրոպացի գործընկերներին` տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական, ինչպես նաև` զարգացող տնտեսական հարաբերությունները, ինչի վկայությունն է նաև «Օրանժ» ընկերության մուտքը Հայաստան: Անդրադառնալով հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերություններին` նա փաստեց հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործակցությունը, կարևորելով երկու երկրների միջև զարգացող համայնքային հարաբերությունները, ինչի վկայությունն է Հայաստանի և Ֆրանսիայի 20-ից ավելի քաղաքների սերտ գործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային նշանակության հարցեր:
Անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հակամարտության լուծման խնդրին, այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի ներդրած ջանքերին: Տիկին Զոհրաբյանն անդրադարձավ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հնչեցրած հայտարարություններին, մեկ անգամ ևս կրկնելով, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` խաղաղ, բանակցային ճանապարհով. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց մեզ պատերազմով հնարավոր չէ վախեցնել»,- շեշտեց հանձնաժողովի նախագահը:
Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի գործընկերներն անդրադարձան ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը և դրա որոշ ծրագրերին միանալու ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը, ինչը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, լավ հիմք է տարածաշրջանային համագործակցության համար:
Կողմերն անդրադարձան նաև 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին, ԱԺ մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի զեկույցին և դրանում ընդգրկված առաջարկների իրականացումն ուսումնասիրելու նպատակով կատարվող քայլերին:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն












