Շուշիի վերականգնումը ազգային արժանապատվության խնդիր է`կատարենք մեր անձնական ներդրումը
Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Ուզում եմ կառավարության նիստը սկսել` մի կարեւոր խնդրի վրա ձեր ուշադրությունը հրավիրելով: Տեղյակ եք, որ այս օրերին իմ գործընկերը` Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, գտնվում է Միացյալ Նահանգներում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպել է հանգանակություն, և գիտեք, որ այս տարվա թեման Շուշին է, Շուշիի վերականգնման աշխատանքները: Կարծում եմ` կհամաձայնեք ինձ հետ, որ Շուշիի վերականգնումը ազգային արժանապատվության խնդիր է մեզ համար: Այդ իսկ առումով մենք բոլորս պարտավոր ենք մասնակցել հանգանակությանը եւ մեր անձնական ներդրումը կատարելով, մեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին առաջնորդենք, ուղղորդենք, որպեսզի լինի լայն մասնակցություն այս գործընթացին:
Ես եւ իմ ընտանիքը նույնպես մասնակցելու ենք այս հանգանակությանը, կատարելու ենք մեր ներդրումը` դրանով իսկ առաջնորդելով մեր բոլոր բարեկամներին, ընկերներին, հարազատներին: Այստեղ գտնվող բոլոր պաշտոնատար անձինք իրենց անձնական օրինակով պետք է ոգեւորեն իրենց աշխատակիցներին, իրենց շրջապատող մարդկանց: Համաձայնեք, որ մեր անձնական պարտքն է մասնակցել այս հանգանակությանը: Ես ուզում եմ, որ այս տրամադրությունը հաղորդեք նաեւ ձեր կոլեկտիվներին»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:
ArmAr.am












