Թիկնապահների գործունեությունը կօրինականացվի՞
Այսօր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում «Թիկնազորային ծառայության օրինագծի» վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի ներկայացմամբ, օրենքն ընդգրկված է քառօրյայում, բայց հետաձգվել է 60 օրով` կառավարությանը ժամանակ տրամադրելով այն լրամշակելու համար:
«Այսօր կան բազմաթիվ մասնավոր թիկնապահական կազմակերպություններ, ոլորտում գործունեություն իրականացվում է, բայց օրենսդրական դաշտը բաց է, և ոլորտը ոչ մի կերպ չի կարգավորվում:
Այժմ այդ կազմակերպությունները պետք է իրենց գործունեությունը տեղափոխեն օրինական դաշտ` ելնելով և’ իրենց, և’ պետական շահերից:
Կան մարդիկ, որոնք թիկնապահական գործունեության անվան տակ իրականում ներգրավված են տարբեր քրեածին գործողությունների մեջ»,- ասաց Հրայր Կարապետյանը, ով օրինագծի հեղինակներից մեկն է:
Հանձնաժողովի փորձագետ Վահագն Գևորգյանի ներկայացմամբ, նման օրենքի բացակայությունը թույլ չի տալիս պատշաճ հսկողություն սահմանել թիկնապահական կազմակերպությունների գործունեության նկատմամբ և նրանց պետական աջակցություն ցուցաբերել. «Օրենքի նպատակն է իրավական կարգավորման ենթարկել թիկնազորային գործունեությունը, երաշխիքներ ստեղծել այդ դաշտում օրինական գործունեության համար»:
Փորձագետը շեշտեց հատկապես օրինագծի մի քանի կետեր, որոնք են` թիկնապահական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, պահնորդների համապատասխան վերապատրաստումն ու որակավորումը, գործողությունների ժամանակ ֆիզիկական ուժի, հատուկ կամ տեխնիկական միջոցների գործածման հիմքերի և պայմանների սահմանումը:
Քննարկմանը ներկա էին նաև թիկնապահական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք կողմ էին այս օրենքի ընդունմանը: Նրանք ներկայացրեցին իրենց հուզող կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձվի օրինագծի լրամշակման ժամանակ: Դրանք են` համապատասխան մասնագիտական կրթությունը, զենք կրելու թույլտվությանը (գոնե տրավմատիկ կամ գազային, եթե չի թույլատրվում մարտական զենքի կիրառումը), կազմակերպությունների լիցենզավորումը:
«Ոստիկանությունն այս պարագայում հանդես է գալիս ընդդիմության դերում,- նշեց Հրայր Կարապետյանը:- Նրանք սկզբունքայնորեն դեմ են այս օրենքի ընդունմանը` ասելով, որ ներկայիս հայ հասարակության մեջ օրենքը չի գործի և կնպաստի զենքի քանակի ավելացմանը»:
Հանձնաժողովի անդամները հույս են հայտնում, որ քննարկումների արդյունքում օրենքը կկատարելագործվի, և Ազգային ժողովը կընդունի այն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ազգային ժողովը մերժել էր ՀՅԴ և Օրինաց երկիր կուսակցությունների առաջարկած «Թիկնազորային ծառայության մասին» օրինագծի քննարկումը:
ArmAr.am












