Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ֆրանսիայի պատգամավորները շեշտել են, որ Ղարաբաղը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Նոյեմբեր 26, 2009թ. 18:30

AGԱզգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ` խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Մարսել քաղաքի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումին և ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության անդամ Քրիստիան Բատային:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Ա. Պետրոսյանը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները բնորոշել է բարեկամական ու ջերմ, որոնց զարգացման համար լուրջ գործոն են հանդիսացել երկու ժողովուրդների միջև պատմամշակութային դարավոր կապերը և Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: Նա հավելելել է, որ վաղեմի այդ բարեկամությունը բարձր հիմք է հետագա հարաբերությունները և հատկապես միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու համար:

Արևիկ Պետրոսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի հետ իր կապերի զարգացումը թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի որպես համանախագահ երկրի ջանքերը:

Քրիստիան Բատայը, որը Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, նշել է, որ Հայաստան են այցելել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանձնարարությամբ` փաստահավաք առաքելություն իրականացնելու նպատակով. մի քանի ամսից պատգամավորները հարավկովկասյան տարածաշրջանի վերաբերյալ զեկույց են ներկայացնելու: Հայաստանից հետո Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակները կայցելեն նաև Թուրքիա, Ադրբեջան և Վրաստան:

Նա ևս ընդգծել է, որ Հայաստանը ֆրանսիացիների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում` դարերից եկող բարեկամությամբ, 400 հազարանոց հայկական համայնքով: Ֆրանսիան հետաքրքրված է ինչպես Հայաստանին առնչվող այլ խնդիրներով, այնպես էլ ԼՂ հակամարտության կարգավորմամբ: Քրիստիան Բատայը շեշտել է, որ ընդունում և պաշտպանում է ազգերի ինքնորոշման սկզբունքը:

Շարունակելով ԼՂ հիմնախնդրի թեման` Ռոլան Բլյումը նշել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների համար քննարկման ենթակա չի կարող լինել այն փաստը, որ Արցախը հայկական տարածք է, որ Ղարաբաղը կարող է երբևէ լինել Ադրբեջանի կազմում:

Այս շղթայում Բլումը նշել է նաև Լաչինի միջանցքը պահպանելու և միջանկյալ գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտությունը: Պատգամավորը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որում որպես համանախագահող երկիր ներդրում ունի նաև Ֆրանսիան, մի օր կհանգեցնեն խնդրի լուծմանը:

Ռոլան Բլյումը հանդիպման ընթացքում խոսեց նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին` դիտարկելով դրանք Ֆրանսիայի հայկական համայնքի տեսանկյունից: Համայնքը, բանախոսի փոխանցմամբ, հետաքրքրությամբ և հարցականներով է հետևում գործընթացին և ըմբռնումով վերաբերվում իշխանությունների` դեպի արտաքին աշխարհ այլ ելքեր փնտրելու մոտեցմանը:

Նրա գնահատմամբ` հարաբերությունների կարգավորումը ողջամիտ քայլ է` պայմանով, որ թուրք դիվանագետները պետք է միջազգային կազմակերպություններում և ներքին օգտագործման` հասարակական կարծիք ձեւավորելու համար միասնական մոտեցում դրսևորեն: Ֆրանսիացի պատգամավորն իր խոսքում անընդունելի է համարել ԼՂ հարցը սահմանների բացման համար որպես նախապայման առաջ քաշելու` թուրքական մոտեցումը:

ԱԺ փոխնախագահն անկեղծ գնահատականների և դիրքորոշումների համար շնորհակալություն է հայտնել` համարելով, որ դրանք ուղղված են պատմական արդարությունը վերականգնելուն, մարդու իրավունքների պաշտպանությանը ու ժողովրդավարության ամրապնդմանը: Արևիկ Պետրոսյանը նշել է, որ հայ ժողովուրդը չի կարող մոռացության մատնել ցեղասպանությունը, այն անժխտելի իրողություն է: Հայաստանը անցյալի հիշողությունները չմոռանալով` պետք է առաջ շարժվի: Նա ուշագրավ է համարել, որը Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի տեսքով:

Ֆրանսիացի պատգամավոր Բլյումը, ով նաև ԵԱՀԿ ԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության ղեկավարի տեղակալն ու տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահն է, կարևորել է երկու երկների համագործակցությունը միջազգային տարբեր կառույցներում: Նա նշել է, որ տեսնում և գնահատում են Հայաստանի ջանքերը` ուղղված կառավարման բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը:

ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը բարձր է նահատել Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը միջազգային կազմակերպություններում` շնորհակալություն հայտնելով խորհրդարանական ձևաչափի կառույցներում ֆրանսիական պատվիրակության ցուցաբերած աջակցության համար: Ընդգծելով, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակա ուղղություններից մեկն է` Ա.Պետրոսյանը նկատել է, որ այն մեր երկրի համար արհեստական և պարտադրված ուղղություն չէ. եվրոպական արժեհամակարգն օտար չէ հայ ժողովորդին, դեռ ավելին` Հայաստանը կանգնած է այդ համակարգի հիմքերում: ԱԺ փոխնախագահը ԵՄ աջակցությունը կարևոր է համարել նաև տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու գործում:

Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը հանդիպման վերջում բարձրաստիճան հյուրերին է փոխանցել հայ ժողովրդի համակրանքն ու սերը ֆրանսիացիների նկատմամբ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն