«Սա մի խաղ է, որում բոլորը խաղում են Ադրբեջանի դեմ»
Ադրբեջանի քաղաքական շրջանակներում շարունակում են քննարկվել հայ-թուրքական հարաբերությունները: Այդ քննարկումներում հիմնականում շեշտադրվում է այն միտքը, որ Արձանագրությունների վավերացումը նախ և առաջ վտանգավոր է Ադրբեջանի համար, քանզի այն ոտնահարում է իրենց երկրի շահերը: Հետևապես, Ադրբեջանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Թուրքիան առհասարակ մերժի դրանց վավերացումը: Այսպես. «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե Ադրբեջանի արձագանքը շատ կոշտ կլինի, եթե Թուրքիան վավերացնի Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունները: «Հայ–թուրքական մերձեցումը սպառնում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Եվրոպայի և Միցյալ Նահանգների շահերին։ Արևմուտքը պետք է հասկանա, որ չի կարելի առաջ մղել հայ–թուրքական հաշտեցումն առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու»,- հայտարարել է Ազիմովը։
Խնդրի առնչությամբ իր «ուրույն» կարծիքն է հնչեցրել նաև Ռուսաստանի մահմեդական կոմիտեի նախագահ, հակահայկական իր դիրքորոշմամբ հայտնի քաղաքագետ, ազգությամբ ադրբեջանցի Հեյդար Ջեմալը: Վերջինիս կարծիքով, հայ–թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Ադրբեջանը հայտնվում է շրջապատման մեջ: Ըստ նրա, սա մի խաղ է, որում Ադրբեջանի դեմ են «խաղում» Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ղարաբաղի հարցում «լպրծուն եսասիրական» մոտեցում որդեգրած Արևմուտքը, ինչպես նաև Թուրքիան` իր «լղոզված» դիրքորոշմամբ: Ջեմալն Ադրբեջանի հասարակությանն ահազանգում է. «Այս պայմաններում Ադրբեջանի ազգային անվտանգության մարտահրավերները, անկասկած, կտրուկ ավելանում են»:
Ադրբեջանական անհանգստություններին հավասարապես արձագանքում են նաև Թուրքիայում. «APA» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Յըլմազն ասել է, որ հայ–թուրքական արձանագրությունների քննարկումը կախված է Ադրբեջանից, և որ դրանք չեն քննարկվի հանձնաժողովում, եթե «Ադրբեջանն ինչ–որ բանից դժգոհ լինի»:
ArmAr.am












