ՀՀ ԱԳ նախարարի այցը Ճապոնիա ավարտվեց
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ավարտել է այցելությունը Ճապոնիա և վերադարձել Երևան:
Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոն: Նախարարը գահաժառանգին խնդրել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և նշել Հայաստանի ցանկությունը` առավել ամրապնդել և զարգացնել հարաբերությունները բարեկամ Ճապոնիայի հետ:
Նալբանդյանը գահաժառանգ Նարոհիտոյին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ, ինչպես նաև Տոկիո իր այցելության նպատակները:
Տոկիոյում տեղի է ունեցել նախարար Նալբանդյանի և Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, դեսպան Յոշիջի Նոգիմիի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԳՆ դիվագիտական դպրոցի և Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև համագործակցությանն առնչվող հարցերին:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույցներ է տվել ճապոնական առաջատար NHK հեռուստաընկերությանը և Nikkei օրաթերթին:
Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև Շիմիզու կորպորացիայի կենտրոնակայան, ուր հանդիպում է ունեցել կորպորացիայի ղեկավարության հետ:
Հանդիպմանը քննարկվել են կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանում ներդրվում են բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ:
Նոյեմբերի 26-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամներին` դեսպան Սուիմա Էդամուրայի (Հայաստանում Ճապոնիայի առաջին դեսպան) գլխավորությամբ: Անմիջական զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ճապոնական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Ասոցիացիայի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել Տոկիոյում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի կառավարության մտադրության կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել դեսպանության գործունեությանը:












