Գլխավոր » Լրահոս

Վրացի սահմանապահների հետ բանակցությունները շարունակվում են

Օգոստոս 28, 2009թ. 14:21

«ԱրմԱր»- ն արդեն տեղեկացրել է Շիրակի մարզի` Վրաստանին սահմանամերձ մի քանի գյուղերում ամիսներ շարունակ տիրող իրավիճակի մասին, որտեղ վրացի սահմանապահներն անցնելով սահմանը` հայկական գյուղերի բնակիչներին արգելում են մշակել իրենց հողերը: Իրավիճակը հատկապես սրված է Բավրա գյուղում, որի հողերի 300 հեկտարը արդեն վրացիների ձեռքում է հայտնվել, այն դեպքում, երբ Բավրայի բնակիչները Հայաստանի անշարժ գույքի կադաստրից սեփականության վկայագրեր ունեն: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը դեպքի առնչությամբ երեկ հայտնել էր. «Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է վկայակոչված դեպքերի մասին: Այդ խնդիրները հիմնականում առաջանում են այն հատվածներում, որտեղ սահմանը համաձայնեցված չէ»:

Այսօր առավոտյան ԱԳՆ մամուլի քարտուղարը «ԱրմԱր»-ի թղթակցին  փոխանցեց, որ այս պահին վրացական կողմի հետ շարունակվում են բանակցությունները։ Մեր հարցին, թե ե՞րբ դրանք կավարտվեն ու, երբ , ի վերջո, նկատելի կլինեն արդյունքները, մամուլի  խոսնակը դժվարացավ պատասխանել, ասելով.«Բանակցությունների ավարտի վերաբերյալ ժամկետներ նշել չեմ կարող»:

Խնդիրն  այն է, որ արդեն մի  քանի տարի է, ինչ վրացի սահմանապահների հետ բանակցում է հայ-վրացական սահմանազատման հանձնաժողովը: Զարմանալին այն է, որ տարիներ շարւնակ բանակցությունների արդյունքում ոչ միայն չի կարգավորվել խնդիրը, այլև վրացիները սկսել են  քայլ առ քայլ առաջ շարժվել ու բառի բուն իմաստով մխրճվել հայկական տարածքների մեջ:

Այսօր, մինչ երկու երկրների միջև տարբեր մակարդակներով կշարունակվեն տարիներ  ձգձգվող  բանակցությունները, շատ վատ վիճակում է հայտնվել հայ գյուղացին: Վերջինս կորցրել է պետության նկատմամբ ունեցած   վստահությունն ու հավատը, քանզի համոզված չէ, որ պետությունը զորավիգ կլինի ու կպաշտպանի իր իրավունքները` ազատելով իր սեփականությունը հանդիսացող հողերը վրաց սահմանապահների կամայականություններից:

Դեպքերի առնչությամբ «ԱրմԱր»-ը դիմել է ՀՀ նախագահի նստավայր, ակնկալում ենք նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանի արձագանքը:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`