«Սատանան մանրամասների մեջ է», իսկ մանրամասների մասին դեռ լռում ենք
Օգոստոսի 26-28-ը Արցախում էին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և նույն հանձնաժողովի անդամ Վաչագան Խուրշուդյանը:
Օգոստոսի 26-ին ՀՀ խորհրդարանականներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Մենք պետք է կարողանանք եվրոպական կառույցներում անհրաժեշտ մակարդակով ներկայացնել ղարաբաղյան խնդիրը»,- ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում կարևորեց Նաիրա Զոհրաբյանը` այդ հարցում ընդգծելով ՀՀ և ԼՂՀ ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը:
Օգոստոսի 27-ին հայաստանյան գործընկերներին ընդունել է նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խոսնակը դրական է գնահատել վերջին տարիներին ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների կապերի աշխուժացումն ամենատարբեր, այդ թվում` մշտական հանձնաժողովների մակարդակներով: Կարևորելով միջազգային կազմակերպությունների հետ համակողմանի շփումները` տիկին Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ այդ համատեքստում առանձնահատուկ տեղ ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերը: Իսկ Արցախ գալու հիմնական նպատակն այդ ուղղությամբ համագործակցության առաջնահերթությունները, ձևերն ու միջոցները քննարկելն է: Նույն օրը Ն. Զոհրաբյանն ու Վ. Խուրշուդյանը հանդիպեցին նաև ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ քննարկվել են ՀՀ և ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում երկու հանձնաժողովների փոխգործակցության հարցեր:
Նույն օրը ՀՀ ԱԺ պատգամավորներին ընդունել է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական կառույցներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հավուր պատշաճի ներկայացնելու, այդ կառույցներում խնդրի խաղաղ և արդարացի լուծման համար անհրաժեշտ հիմքեր ապահովելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր: Հայկական երկու պետություններից այսօր նման հնարավորություն ունի միայն Հայաստանը, և դա վերջինիս համար նաև լրացուցիչ պատասխանատվություն և զգուշավորություն է պահանջում, նկատեց Նաիրա Զոհրաբյանը: Իսկ համակարգված գործելու առաջին պայմանն առաջնահերթությունների հստակեցումն է համարում: «Ամեն դեպքում` Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի հարցում որևէ զիջման չի գնա` առանց ԼՂՀ համաձայնության»,- ի պատասխան «ԱրմԱր»-ի հարցին` ընդգծեց նա: «Այսօր մեր գլխավոր նպատակը ԼՂՀ կարգավիճակի հարցն է ու նրա անվտանգության ապահովումը»: Իսկ մանրամասների մասին տիկին Զոհրաբյանը գերադասեց առայժմ լռել, չնայած, իր իսկ խոսքով` «սատանան հենց մանրամասների մեջ է»:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ
«ԱրմԱր»-ի հատուկ թղթակից












