Արամ Գ. Սարգսյան. «ՍԴ-ն չպետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները»
Սահմանադրական դատարանը չպետք է վավերացնի հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները: Այսօրվա մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ապա հիմնավորեց, որ այդ փաստաթղթերում առկա են անգրագետ ձևակերպումներ ու Սահմանադրությանը հակասող դրույթներ:
«Իհարկե, այդ ձևակերպումներն էլ են պարտադրում, որ վավերացում չլինի Սահմանադրական դատարանի կողմից, բայց նաև կան Անկախության հռչակագրին ընդդեմ հասկացություններ: Այդ բովանդակությամբ վավերացումը, չեմ բացառում, որ կարող է բերել հայության մեջ որոշակի տարբերության: Չեմ ուզում օգտագործել պառակտում բառը, մեզ միայն այդ էր պակաս»,-ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահը, ապա շեշտեց, որ այդ հարցին պետք է լրջորեն մոտենալ:
Ըստ նրա, ՍԴ վավերացման դեպքում Հայաստանը միջազգային հանրության մոտ կկորցնի բավական լուրջ կարգավիճակը, որ ձեռք է բերվել տասնյակ տարիների ընթացքում:
«Խոսքն այն մասին է, որ բոլորը շատ լավ գիտեն, որ մենք Ցեղասպանության խնդիրը պետք է մինչև վերջ տանեինք, մենք համարյա թե դրանից ենք հրաժարվում»,-ասաց բանախոսը, հիշեցնելով, որ դա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության օրակարգի գլխավոր հարցերից:
Գասպարիչն ասաց, որ մի քանի կուսակցությունների հետ՝ ՀՅԴ, «Ժառանգություն», «Նոր ժամանակներ» և այլն, դեկտեմբերի մեկին հավաք են անցկացնելու՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Հավաքը հայտարարություն է ընդունելու:
Դեմկուսի նախագահը խոսել է նաև ՀՀԿ վաղը կայանալիք համագումարի մասին` ասելով, որ եթե այն ճիշտ գնահատական տա երկրում տիրող իրավիճակին և խոսքից ավելի կարևոր համարի գործը, ապա որոշակի փոփոխությունների կարելի է սպասել: Նրա խոսքով, պետք է իշխանական կուսակցությունը հայտարարի, որ Հայաստանում օլիգոպոլիաներ կան, ու սկսի պայքարել դրանց դեմ`փորձելով ստվերը բերել բյուջե:
Նրա համոզմամբ, այդ ներքին իրավիճակի կայունությունից ամբողջությամբ կախված են լինելու մեր արտաքին հաջողությունները:
«Կամ իշխանության նկատմամբ կլինի վստահություն ժողովրդի կողմից, և նրանք կկարողանան հանգիստ որոշումներ կայացնել նաև արտաքին աշխարհում, կամ այդ բոլոր գործողությունները կտապալվեն»,-ասաց կուսակցության ղեկավարը:
Խոսելով ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունների մասին տարածված խոսակցությունների մասին, Ա. Սարգսյանն ասաց, որ քաղաքականության մեջ մի սկզբունք կա՝ իշխանությունը չի կիսվում:
«Դա բուրգ է, որի ծայրին մեկը պետք է նստի: Անզեն աչքով այսօր արդեն երևում է, որ ոմանք արդեն սկսել են քարոզարշավ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համար, չնայած դրանց դեռ երկու-երեք տարի կա»,-ասաց Ա. Սարգսյանը` տարօրինակ չհամարելով, որ վարչապետն ու իր թիմակիցները դարձան հանրապետական:












