Ջայլամավարի
Հայ-վրացական սահմանին տիրող լարված իրավիճակի հետ կապված` ներկայացնելով ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունները` տեղեկացրել էինք, որ ակնկալում ենք ստանալ նաև նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի պարզաբանումները: Քիչ առաջ պարոն Ֆարմանյանը մեզ հեռախոսով փոխանցեց, թե բարձրացված հարցերն առաջին հերթին արտաքին գործերի նախարարության պատասխանատվության և հետաքրքրությունների ոլորտին են առնչվում, և հայ-վրացական սահմանին տիրող իրավիճակին վերաբերող լիարժեք տեղեկատվություն կարող է փոխանցել միայն ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրությամբ մեր երկրի ազգային անվտանգության գլխավոր երաշխավորը երկրի նախագահն է, իսկ հայ-վրացական պետական սահմանին վրաց սահմանապահների իրականացրած քայլերն այլ բան չեն, քան զուտ ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ:
Մինչդեռ տպավորությունն այնպիսին է, որ ստեղծված իրավիճակով նախագահականում առանձնապես անհանգստացած չեն:
Իսկ դեպքերի շրջանակն սկսում է ընդլայնվել, դրանով իսկ դառնալով խիստ մտահոգիչ. իրավիճակն իր արձագանքն է ստացել արդեն հայկական Ջավախքում: Այդ մասին «ԱրմԱր»-ն առանձին տեղեկատվություն է փոխանցում:
Armar.am












