Կանանց ներուժից հրաժարվելը ճոխություն կլինի ցանկացած պետության`նաև Արցախի համար
Միջազգային հանրությունը նոյեմբերի 25-ը նշում է որպես գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի մեկնարկ:
Բնական է` Արցախն էլ անմասն չի մնում այդ զարգացումներից: ԼՂՀ Սահմանադրության 21-րդ հոդվածն ամրագրում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը եւ հավասար հնարավորություններ ապահովում նրանց համար: Արդեն մոտ երկու տարի է` գործում է «Արցախի կանայք» հասարակական կազմակերպությունը: Նման կազմակերպության ստեղծման գաղափարն ինքնաբերաբար է ծնվել, խոստովանում է կազմակերպության նախագահ Ծովինար Բաղդասարյանը: Նպատակն էլ անսպասելի չէ. «Արցախի կանայք» էլ ցանկանում են ներկայացված ու գնահատված լինել:
Ընդ որում, նրանք համոզված են` պետությունը դրանից միայն կշահի: «Զուր չեն ասում` երկրի առանցքը կանայք են կազմում,-ասում է Ծ. Բաղդասարյանը:-Կանանց ունեցած ներուժից հրաժարվելը ճոխություն կլինի ցանկացած պետության համար»:
Թե Արցախում որքանով է արդյունավետ օգտագործվում այդ ներուժը` փորձեցինք պարզել ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունում:
Սկսենք նրանից, որ 2005-2009 թթ. Արցախի բնակչության կառուցվածքում կանայք վստահորեն պահպանում են թվական գերակշռությունը: Ընդ որում, այդ ցուցանիշն աճի միտում ունի: Համենայն դեպս, այդ են վկայում վիճակագրական տվյալները:
Աճի միտումը նկատելի է ամենատարբեր ոլորտներում:
Այսպես, 2008-2009 ուստարում պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորել են 567 տղա և 798 աղջիկ:
Պետական բուհերում պատկերը գրեթե նույնն է. 2004 տղա` 2776 աղջկա դիմաց: Տղաները դեռ գերակշռում են արդյունաբերության եւ շինարարության, գյուղատնտեսության եւ նախնական զինվորական պատրաստության մասնագիտություններում:
Բնականաբար, ուշադրության կենտրոնում հայտնված հաջորդ ոլորտը պետք է դպրոցը լինի: Հենց այստեղ էլ լավագույնս դրսեւորվել է տղամարդկանց «պատվավոր նահանջը»: Թվերն ինքնին խոսուն են. 2008-2009 ուստարում հանրակրթական դպրոցների ուսուցիչներից 3780-ը կանայք էին, 745-ը` տղամարդիկ:
Սակայն դա էլ ամբողջը չէ: Գեղեցկության հաղթարշավը դեռ նոր է մեկնարկում:
Հատկապես` գործադիրի շարքերում: 2008 թվականի տվյալներով` Արդարադատության նախարարության աշխատակիցների մոտ 73 տոկոսը կանայք են: Կանայք են առողջապահության նախարարության աշխատակիցների ավելի քան 67 եւ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցների 64 տոկոսը: Գեղեցիկ սեռը գերակշռում է նաեւ ֆինանսների, սոցիալական ապահովության եւ տնտեսական զարգացման նախարարություններում: 12 նախարարական պորտֆելներից 4-ն այսօրվա դրությամբ պատկանում է կանանց: Նույն պատկերն է նաեւ համապատասխան ոլորտներում:
Գործադիր իշխանության որոշ ոլորտներ, այնուամենայնիվ, դեռ մնում են տղամարդկանց իրավասության տակ: Խոսքը վերաբերում է հիմնականում ուժային կառույցներին:
Դատական իշխանությունում եւս գեղեցիկ սեռը ներկայացված է հավուր պատշաճի:
Կանանց ներկայացվածության մակարդակն ավելի ցածր է օրենսդիր իշխանությունում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում: Այսպես, կանանց են պատկանում Ազգային ժողովի պատգամավորական 33 մանդատներից 4-ը:
Այդքանով հանդերձ` կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի միջին ամսական ցուցանիշների տարբերությունը բավական տեսանելի է:
Բայց կանանց շրջանում աշխատելու ցանկությունը դրանից բոլորովին էլ չի պակասում: Հանրապետության զբաղվածության ծառայությունում գրանցվածների թվում կանայք շարունակում են վստահ պահել առաջատարի դիրքերը:
Կանայք բավական դժվար են մուտք գործում նաեւ գործարար աշխարհ: «Բիզնեսը կարծես տղամարդկանց մենաշնորհի է վերածվել: Դա, ըստ էության, նաեւ մեր ազգային դիմագծին բնորոշ` կանանց եւ տղամարդկանց միջեւ հստակ դերաբաշխման արդյունքն է»,-կարծում է ԼՂՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը:
Գուցե դրանում իսկապես իր դերն ունի նաեւ մեր ազգային մտածելակերպը: Կյանքը, սակայն, իր կանոններն է թելադրում: Այսօր արդեն գործարարների թվում կանանց ներկայությունը նկատելի է նաեւ մեզ մոտ` Արցախում: «Ես գործարար աշխարհ մտել եմ ակամա, կարելի է ասել` կյանքի պահանջից դրդված, բայց այսօր այդ ոլորտում աշխատում եմ սիրով»,- հավաստիացնում է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:
«Եթե կյանքը չստիպեր, հնարավոր է, որ ես երբեւէ գործարար աշխարհի հետ այս տարբերակով չառընչվեի. կինն ի վերջո ավելի կարեւոր, հատուկ իր համար նախանշված պարտականություններ ունի: Օջախի պահպանությունը սուրբ գործ է: Ես դրանում համոզված եմ:- խոստովանում է Դոնարա Գաբրիելյանը,- հենց դա է կնոջ գլխավոր առաքելությունը»:
Նորայր Հովսեփյան












