Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Արգիշտի Արզումանյան. «Մենք պետք է պահպանենք ժողովրդական մաքուր հայկական լադերը»

Նոյեմբեր 27, 2009թ. 16:26

hamerg2Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի բեմը տրամադրվել էր «Գարդմանի կանչ» երգի-պարի համույթին: Այդ օրը թատրոնում երգի շնորհիվ թևածում էր ջերմությունն ու հայեցի ոգին: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էին պրոդյուսեր Արգիշտի Արզումանյանը և «Գարդմանի կանչ» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ռուդոլֆ Աբաղյանը:

««Գարդմանի կանչ»-ն իրապես արժանի է մեծ լսարանի: Որպես շոու-բիզնեսում փորձ ունեցող մասնագետ` որոշեցի պիտանի լինել այս խմբին և կազմակերպել համերգ, որը ոչ միայն «Գարդմանի կանչին» հերթական ելույթով փայլելու հնարավորություն կտար, այլև հայ հասարակությունը, այդ թվում` «Մենուա» ամսագրի ընթերցողները, ժողովրդական, ազգագրական երգը վայելելու հնարավորություն կունենային»,- ասաց Արգիշտի Արզումանյանը:

Շուրջ երեք ժամ տևած համերգի ընթացքում հանդիսատեսը վայելում էր հայկական երաժշտությունը: Կատարողներն իրենց ազգային շունչն ու ոգին հմտորեն փոխանցում էին ներկաներին: Հանդիսատեսից առավել ակտիվները երեխաներն էին, որոնք իրենց պարով զբաղեցրել էին թատրոնի աստիճանները, իսկ դահլիճում մեծ թիվ էին կազմում զոհված ազատամարտիկների հարազատները:

«Անգամ խնջույքների ժամանակ հայ մարդը պարտադիր հիշում է զոհված տղաներին, որոնց պայքարի շնորհիվ մենք հետ բերեցինք մեր հայրենիքի մի մասը և շահեցինք խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունք: Նրանց բարեկամները ևս ուրախանալու իրավունք ունեն: Յուրաքանչյուրիս պարտքն է հաշվի առնել այն տղաների ընտանիքներին, որոնք իրենց հայրենիքի ազատագրման համար ընկան: Այդ է պատճառը, որ այսօրվա բարեգործական համերգին անվճար սկզբունքով ներկա էին զոհված ազատամարտիկների հարազատները»,- ասաց Արգիշտի Արզումանյանը:

hamerg3Դահլիճում ներկա էին նաև ժողովրդական երգիչ Համլետ Գևորգյանն ու դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Իր կատարումներով ներկաներին ողջունեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ, «Գարդմանի կանչ» երգի-պարի համույթի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը: Նա կատարեց հիմնականում հայրենասիրական երգեր` այդ թվում «Աշխարհ ման եկա» և հեղինակային «Ղարաբաղ» երգերը:

«Նման համերգներում զոհված ազատամարտիկների հարազատները զգում են, որ իրենց շարունակում են հիշել, ու իրենք դեռ ապրում են: Դա բոլորիս համար մեծ նշանակություն ունի: Զոհված ազատամարտիկ հարազատներ ունեցողները շուրջ քսան տարի համերգների չեն մասնակցել և նման նախաձեռնությունները նրանց հիշեցնում են, որ կյանքը շարունակվում է, և պետք է ապրել»,- ասաց «Զոհված ազատամարտիկների ընտանիքների Ղարաբաղ միության» նախագահ Սիլվա Գալստյանը:

«Գարդմանի կանչ» երգի-պարի համույթը մյուս համույթներից տարբերվում է նրանով, որ նրանում կարելի է տեսնել իրենց վարպետությամբ փայլող երաժիշտ կանանց, որոնք նվագում են ոչ այնքան «կանացի» գործիքների վրա, ինչպիսին են քամանչան, դհոլը և դուդուկը:

«Մենք կենտրոնացած ենք ժողովրդական երգի վրա և պետք է պահպանենք ժողովրդական մաքուր հայկական լադերը: Այսօր ժողովրդականի մեջ օգտագործվում է ռեմիքս հասկացությունը, որը հատուկ է դիսկո ոճին, իսկ եթե ժողովրդականը փորձենք շեղել, կկորցնենք մեր ազգայինը: Սակայն այսօր շատ ազգեր կամ դեռևս ցեղախմբեր փորձում են սեփականացնել հայկականը: Հենց այդ հայկականը պահելու համար էլ մեզ պետք են նմանատիպ համերգները»,- ասաց Արգիշտի Արզումանյանը:

Հ.Գ. Նշենք նաև, որ համերգի տեղեկատվական հովանավորն էր ArmAr.am-ը:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն