Շուշիի ֆուտբոլասերները գալիք տարում ֆուտբոլի նոր խաղադաշտ կունենան
Օրերս Արցախում փորձարկվել է արհեստական խոտածածկույթով առաջին մարզադաշտը: 13 տարեկան պատանիների խաղը դիտել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմը:
Մինչև առաջին խաղի մեկնարկը վերանորոգ մարզադաշտում հանդիսավոր տողան էր` այս տարվա ֆուտբոլի պատանեկան առաջնության հաղթող թիմերի մասնակցությամբ:
Հանդիպումը նաեւ Արցախում ֆուտբոլի հետագա ճակատագրի մասին խոսելու առիթ էր: Հատկապես վերջին երկու տասնամյակը ազգային ֆուտբոլի համար հիմնականում կորուստներով է նշանավորվել:
Հիմա ամեն ինչ փոխվում է: Ֆուտբոլի զարգացման համար միջոցներ են ներդրվում: Ջանքեր են թափում` ազգային ֆուտբոլի նախկին փառքը վերականգնելու ուղղությամբ: Այդ համատեքստում կարեւոր տեղ ունի նաեւ համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Հենց վերջինիս հովանավորությամբ էլ ներկայումս Ստեփանակերտում արհեստական խոտածածկույթով երեք մարզադաշտ է կառուցվում: Գալիք տարի շինարարությունը տեղափոխվելու է շրջաններ: Շուշին առաջինների թվում է լինելու, վստահեցնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Իսկ այսօր Հայաստանի և Արցախի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները և Սպորտի պետական կոմիտեն վետերան ֆուտբոլիստների հետ պարգևներ հանձնեցին այս տարվա պատանեկան առաջնության հաղթող թիմերին և լավագույնխաղացողներին:
Նոր խաղադաշտը փորձառու ֆուտբոլիստներին և այդ մարզաձևի երկրպագուներին մարզաձեւի զարգացման նոր հույսեր է ներշնչում: Այդ հարցում ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը լավատես է: Վստահ է` արժանի հերթափոխ է աճում:
Նորայր Հովսեփյան












