Աղանդը` բիզնեսի և դրամաշորթության միջոց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը դեռևս ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում ուսանած տարիներին մասնակցելով աղանդավորների հավաքներին` մանրամասնորեն ուսումնասիրել է դրանց գործունեությունը` ներսից: Նրանից էլ տեղեկացանք, թե երբ են աղանդավորական խմբավորումները մուտք գործել Հայաստանի Հանրապետություն և իրականում ի՞նչ նպատակներ են հետապնդում:
Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը փաստեց, որ աղանդավորների Հայաստան մուտք գործելու առաջին փորձն արվել է դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսին` ատոմակայանի կառուցման ժամանակ, բայց աթեիստական գաղափարախոսության ջատագով Խորհրդային Միությունը նման բան թույլ տալ չէր կարող: Սակայն 1988թ.-ի երկրաշարժից հետո, սասանված հիմքերով ԽՍՀՄ-ն այլևս ի զորու չէր կանխել Եհովայի վկաների մուտքը Հայաստան: Երկրաշարժից հետո 300 կրթված անձինք տարվել են ԱՄՆ, որտեղ վեց ամիս սերտել են Եհովայի վկաների վարպետությունը, ապա, Հայաստան վերադառնալով, սկսել զբաղվել հոգեորսությամբ:
Իրենց շարքերում յուրաքանչյուր նոր անդամի ներգրավման դիմաց նրանք ԱՄՆ-ից ստացել են 50 դոլար: Այս քաղաքականությունը շարունակվել է մինչև 1998թ., իսկ այդ ընթացքում ՀՀ-ում Եհովայի վկաների թիվը հասել է 22.000-ի: Հետևաբար, եթե նկատի ունենանք, որ տեղի Եհովայի վկաներին դրսի ֆինանսավորողները յուրաքանչյուր նոր անդամի համար վճարել են 50$, ապա 22.000 անդամի համար այստեղի ներկայացուցչին վճարված ընդհանուր գումարը կազմել է 1.100.000 $:
Սակայն 1998թ. ԱՄՆ-ից եկող ֆինանսավորումը դադարեցվել է և, փոխարենը, եհովականներից են սկսել, այսպես կոչված, տասանորդներ հավաքել: Եթե ընդունենք, որ միջին աշխատավարձը 100 $ է, որից որպես տասանորդ պահվել է 10 $-ը, ապա 22.000 անդամից գանձված տասանորդը ընդհանուր հաշվով կազմել է 220.000 $: Սակայն պետք է հիշել, որ այդ տասանորդները մուծվում են տարեկան 12 անգամ: Եթե ամսական եկամուտը կազմում է 220.000 $, ապա տարեկան` 2.640.000 $: Ստացվում է, որ տասը տարում` 1988-1998թթ., ՀՀ-ում Եհովայի վկաների կողմից ներդրված 1.100.000 դոլարը միայն մեկ տարում կրկնապատիկ ձևով վերադարձվեց:
Սակայն դա չի նշանակում, թե աղանդավորները սահմանափակվում են տասանորդի գանձմամբ, քանի որ նրանց եկամուտներն իրականում բավական մեծ են և ստացվում են դրսի տարբեր կազմակերպություններից:
«Ավետարանչական եկեղեցին, այսպես կոչված, բարեգործական ծանրոցներ է բերում Հայաստան, որոնք չեն հարկվում, իսկ մեկ միլիոն արժեքը գերազանցելու դեպքում նրանք հարակից բեռներ բերելու իրավունք են ստանում: Իսկ որպես հարակից բեռներ ձևակերպում են, օրինակ, ավտոմեքենաները` պատճառաբանելով, թե այդ բեռները բաժանելու համար հարակից տեխնիկա է հարկավոր, և այդ նպատակով կրկին առանց մաքսազերծման բերվում են մեքենաներ, բենզին: Այս դեպքում նրանք կարող են բերել օրինակ 3-4 «Ջիպ» մակնիշի ավտոմեքենա, որոնց մաքսազերծման համար պետբյուջե պետք էր մուծել 15.000 դոլար, որը, սակայն, չի մուծվում: Ակցիայի ավարտից հետո մեքենաները վաճառվում են, բայց ոչ թե էժան գներով, այլ` մաքսազերծման գինը ներառյալ: Իսկ այդ ընթացքում նա կարող էր 100.000 դոլար մուծել պետբյուջե, որը չմուծվեց: Ակնհայտ է, որ սա ոչ թե բարեգործություն է, այլ բիզնես: Բացի դրանից, այդ բարեգործություն կոչվածի ընթացքում Ավետարանչական եկեղեցին զբաղվում է մարդորսությամբ: Երեխան սկսում է մտածել, որ Ավետարանչական եկեղեցին իրեն կոշիկի տուփով մի քանի դոլարանոց նվեր է տվել, իսկ Հայ Առաքելական եկեղեցին չի տվել»,- ասաց Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը:
Այն հարցին, թե ինչու Հայ Առաքելական Եկեղեցին չի բարձրացնում թեկուզ բեռների մաքսազերծման հարցը` Հայր Խորենը պատասխանեց, որ Հայ Առաքելական եկեղեցին բեռները մաքսազերծելու նպատակ չունի, դրա համար էլ նման հարցերով չի զբաղվում: Փոխարենը զբաղվում է բարեգոծությամբ, պահում է ճաշարաններ, հայորդաց տներում ավելի քան 5.000 սան ունի և զբաղվում է նրանց կրթությամբ ու դաստիարակությամբ:
«Եկեղեցին այսօր միջամտում է արկղերի բաժանման գործընթացին, և քանի որ բարեգործության ընթացքում ավետարանչականները կրոնական քարոզչություն իրականացնելու իրավունք չունեն, հիմա ինչ-որ ձևով փորձում ենք կանխել: Եկեղեցին կողմ է բարեգործությանը, բայց դեմ է հոգեորսությանը»,- ասաց Հայր Խորենը:
ՀՀ-ում գործող աղանդներից միայն Եհովայի վկաներն ու ավետարանչականները չեն, որ ստանում են խոշոր շահույթներ, դրանցից բոլորովին հետ չեն մնում մյուս աղանդները, այդ թվում` «Կյանքի խոսքը», որը հոգեբանական ազդեցություն գործադրելով` զբաղվում է դրամաշորթությամբ, ինչը քրեորեն պատժելի արարք է: Իսկ դա ապացուցելու համար Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը համոզված է, որ անհրաժեշտ է փորձագետ-հոգեբանի օգնություն, որի խոսքը դատարանն ու պետությունը կճանաչեն, իսկ դատավարության արդյունքում «Կյանքի խոսքի» գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր կլինի արգելել:
«Նրանց ժողովները կոչվում են` Աստծուն ծառայություն, որի ժամանակ մարդկանց, ռոք երաժշտության միջոցով հոգեբանորեն անկայուն վիճակների են հասցնում, և այլևս էական չէ` այդ ծանր ռոքի տակ Հիսուս են գոչում, թե այլ բան: Ռոքի առաջացրած հգեբանական հետևանքները մարդկությանն արդեն իսկ հայտնի են: Մինչ քարոզը սկսելը նրանց ղեկավարը, որը հմուտ հոգեբան է, ասում է, թե մենք հավաքվել ենք Աստծո փառքի համար, Աստծուն ծառայելու համար: Մենք մի դահլիճում ենք, որը վարձակալել ենք, լույսի վարձ պետք է մուծենք, վարձակալած կամ գնած բարձրախոսն ու մնացած տեխնիկան գումարներ արժեն, իսկ քանի որ այս ամենը Աստծո փառքի համար է, ապա յուրաքանչյուրդ ձեր մասնակցությունը պետք է ունենաք: «Կյանքի խոսքի» «առաջնորդներն» ասում են, թե այդ ամենը հավատացյալների համար է արված և հավելում են. քանի որ Աստված օրհնել է իրենց (Անշուշտ, Աստված օրհնում է իր որդիներին, բայց Աստված առևտրի մեջ չի մտնում,- Հայր Խորեն), և նրանք ունեն աշխատանք, ամսական որոշակի եկամուտ` իրենց ընտանիքը պահելու համար, և եթե նրանք Աստծո գործի համար չվճարեն, կնշանակի` Աստծուց են գողանում: Պատկերացրեք, հավատացյալ մարդը , ով իսկապես Հիսուսին սիրում է, անչափ կվախենա, երբ իրեն ասեն, որ ինքն Աստծուց գողանում է»,- հավելեց Հայր Խորենը:
Հայր Խորեն Աբեղա Առաքելյանն ասաց, որ հաշվի առնելով զուտ մարդկային հոգեբանական հատկանիշները` դժվար է լինում խմբից զատվել և գումար չդնել «Կյանքի խոսքի» հավաքներում գումարհավաքման համար նախատեսված դույլերի մեջ, քանի որ նախորդ գումար հատկացնողը հետևում է,թե իր հաջորդը նույնը կանի՞, թե՞ ոչ:
«Ամեն անգամ հավաքվում է մի քանի հազար մարդ, և բոլորն իրենց գրպանի պարունակության կեսն առնվազն տալիս են «Կյանքի խոսքին», որն ամսական կրկնվում է չորս անգամ:
Դրամաշորթության հաջորդ տարբերակով նրանք ասում են` դու ունես տուն և անկախ նրանից` դա վարձով է, թե քո սեփականն է` դու ունես տանիք, որը Աստված է քեզ տվել, և դու դրսում չես քնում: Հետևաբար, Աստված քո տունն է կառուցել, դու էլ պիտի Աստծո տունը կառուցես: Իսկ Աստծո տուն ասվածը շուրջ մեկ տարի կառուցվող 5.000 տեղանոց սրահն է, որ Համալիրից հետո իր մեծությամբ երկրորդը կլինի Երևանում: Բացի ամսական տրվող «տասանորդ» գումարները, այդ դահլիճի և անընդհատ ձեռնարկվող նմանատիպ միջոցառումների համար գումար է հատկացվում, որն առնվազն աղանդավորի աշխատավարձի կեսն է կազմում: «Կյանքի խոսքի» անդամներից ոչ մեկը չի բողոքում այդ գումարհավաքման դեմ, քանի որ հոգեբանական ազդեցությունն արդեն իսկ իր գործն արել է, բացի այդ, այս աղանդն աշխատում է հարուստ մարդկանց հետ, որոնցից ստացած շահույթն ավելի մեծ է»,- եզրափակեց Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը:
Ինչ վերաբերում է հոգեորսության դեմ պայքարի օրինական ձևերին, պետք է փաստել, որ ավելի քան 1700-ամյա քրիստոնեական անցյալ ունեցող երկրի օրենքը հոգեորսության մասին հստակ չէ, ինչից էլ աղանդավորները հեշտությամբ և մեծ վարպետությամբ օգտվում են:
Արմենուհի Կարեյան












