Հայաստանի նախագահական ընտրություններում ևս կիրառվեցին հեղափոխական տեխնոլոգիաները
Ուկրաինական «նարնջագույն հեղափոխությունից» հետո մասնագիտական շրջանակներում լայն տարածում գտավ ամերիկացի Ջին Շարփի անունը, որը ԱՄՆ-ում առաջիններից մեկն էր, որ ստեղծեց «Առանց բռնության հակամարտությունների» միջազգային կենտրոն»[1]՝ Ալբերտ Էյնշտեյնի անվան ինստիտուտը[2]: Հետագայում «առանց բռնության հակամարտություն» բառակապակցությունը դարձավ եվրաատլանտյան քաղաքականության շահերի ճանապարհին հանդիպած կառավարությունների իշխանափոխության մեթոդոլոգիայի բնորոշիչը:
Ստորև համառոտ կներկայացնենք Ջին Շարփի ինստիտուտի գործունեության բնույթը, ինչը կօգնի հասկանալ ժամանակակից հեղափոխությունների տեխնոլոգիան:
Ջին Շարփը «Առանց բռնության հեղափոխության» մեթոդների ստեղծման մասին գրում է. «Նորվեգիայում ես հանդիպեցի հակաֆաշիստական դիմադրությանը մասնակցած մարդկանց: Ես հետազոտեցի նրանց ներկայացրած մեթոդներն ու դրանց ավելացրեցի իմ ուսումնասիրածները: Սկզբում 18 մեթոդ էր, հետո ժամանակի ընթացքում դրանք հասան 198-ի …»[3]: Հսկայական աշխատանքի արդյունքում մանրամասն մշակվել է 198 մեթոդ՝ ժողովրդական բողոքի ակցիաների կազմակերպման, պետական ինստիտուտներին չենթարկվելուն ուղղված հանրային բողոքներ կազմակերպելու համար: Եվ այդ ամենը նախատեսված է իրականացնել «դեմոկրատիայի առաջխաղացման» անվան տակ:
Նշենք, որ հանրային անհնազանդության մեթոդները երբեմն կիրառվում են այլ մեթոդների հետ համատեղ, երբեմն էլ՝ առանձին: Մեթոդներից շատերը ծանոթ են մեզ, օրինակ՝ հանրային ելույթներ, հայտնի և անհայտ մարդկանց կողմից գրված աջակցության կամ բողոքի նամակներ, ԶԼՄ-ների շրջանակներում իրականացվող ակցիաներ, գերեզմանների ու սրբատեղերի անարգում, խոսքի ազատությանը վերաբերող բանավեճերի կազմակերպում, ազգային խնդիրների վերաբերյալ քննարկում, լրատվամիջոցներում երգիծանք ու ցինիզմ առաջացնող ժանրերի ուժգնացում, զանգվածային բողոքի ակցիաներ, հացադուլներ, երկաթուղային ուղիների ու պետական նշանակության ճանապարհների փակում, չինովնիկների ահաբեկություն, զանգվածային ակցիաների ժամանակ սիմվոլիկ գույների օգտագործում, գնային ու արժութային համակարգի ապակայունացում, իշխանավորների վարկաբեկում, այլընտրանքային իշխանության, սոցիալական ինստիտուտների ստեղծում և այլն, և այլն: Սա միայն 198 մեթոդների մի փոքր մասն էր, որոնց իրականացման համար, ըստ Շարփի, ամենակարևորը ծրագրավորված մոտեցումն է «դեմոկրատիային հասնելու համար», իսկ մեթոդների հակաբարոյական լինելը կարևոր չէ[4]:
Նման մեթոդներով իշխանափոխության համար ամենակարևորը տվյալ երկրի ներսում միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների առկայությունն է, որոնց աջակցությամբ տեղական նշանակության իրադարձություններն անհրաժեշտ տեսանկյունով դուրս են բերվում համաշխարհային տեղեկատվական դաշտ և դառնում քննարկման առարկա: Ամեն ինչ տեղի է ունենում մեխանիկորեն և ըստ նախապես ծրագրված սցենարի: Տեղական նշանակության իրադարձություններն էլ երբեմն ընդհանուր սցենարի մաս են կազմում: Այս գործընթացում շատ մեծ է հինգերորդ շարասյան դերը, դրանք տվյալ երկրի քաղաքագետներն են, լրագրողները, քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք համագործակցում են այլ երկրների հետ և հանդես են գալիս որպես այլ երկրների շահերի ու գաղափարների լոբբիստներ:
Հեղափոխական ժամանակակից տեխնոլոգիաների մեջ ամենակարևոր դերն ունեն լրատվամիջոցները: Ցանկացած հանրային անհնազանդության կամ բողոքի ակցիա պետք է կազմակերպվի լրատվամիջոցների անհրաժեշտ արձագանքի հաշվարկով: Ժամանակակից լրատվամիջոցների հետ ճիշտ աշխատանքի դեպքում փոքրամասնությունների բողոքն ու խնդիրները դառնում են տեղական և միջազգային հանրային քննարկման առարկա:
Մեր տարածաշրջանում վերջին տարիների բոլոր հանրային բողոքներն ու անհնազանդության ակցիաները (Վրաստան` իշխանափոխություն 2003, Իրան` նախագահական ընտրություններ 2009, Հայաստան` նախագահական ընտրություններ 2008) անցան վերոնշյալ հեղափոխական տեխնոլոգիաների շատ կամ քիչ կիրառմամբ, այս պատճառով նման տեխնոլոգիաների ճանաչումն ու դրանց դեմ պայքարի տեխնոլոգիաների տիրապետումն ազգային անվտանգության գերխնդիր է:
Վահրամ Միրաքյան
[1] “Оранжевые сети от Белграда до Бишкека”. Ответственный редактор доктор истарических наук Н. А. Нарочинская, Санкт-Петербург 2008г. С. 39
[3] www.archive.peacemagazine.org/author.cgi?key=searchstring=Matta%20Spencer
[4] www.peacemagazine.org/198.htm












