«Ունենանք ազգային ամուր ոգի, որ կարողանանք հակահարված տալ օտարի ոտնձգություններին»
Oրեր առաջ Երևանի Հանրապետության հրապարակից մինչ Վրաստանի դեսպանատուն ձգվեց Վրաստանի հակահայկական քաղաքականության դեմ բողոքի երթը: Երթի նախաձեռնության ու նաև արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ArmAr.am –ի լրագրողը զրուցեց բողոքի երթի կազմակերպիչ ու առաջնորդ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ:
-Տեր Հակոբ, Վրաստանի հակահայկական քաղաքականությունը` հայկական լեզվի, մշակույթի, եկեղեցիների նկատմամբ վրացական կողմի ոտնձգությունները նորություն չեն: Պարզապես այսօր դրանք արվում են առավել բացահայտ ու առավել ցինիկ ձևով, ինչն այլևս չի կարող Հայաստանում բողոքի ալիք չհբարձրացնել: Սբ. Գևորգ եկեղեցու փլուզումը կարծես վերջին կաթիլն էր…
– Խնդիրն, այո, վաղուց էր հասունացել: Հետխորհրդային Վրաստանը հատուկ հակահայ քաղաքականություն էր որդեգրել, որ շարունակվում է մինչ օրս:
Վիրահայոց թեմն այսօր ոչ մի իրավաբանական կարգավիճակ չունի, իրավունք չունի զբաղվելու Վրաստանի տարածքում գտնվող մեր եկեղեցիներով, նրանցում իրականացնելու շինարարական ու վերանորոգման աշխատանքներ: Մեր եկեղեցիներից 5-ի կարգավիճակն էլ վիճելի է համարվում. դրանք ուղղակի չեն պատկանում հայկական եկեղեցուն:
Հակահայկական նման քաղաքականությունը կանխելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հայտարարություն եղավ Վրաստանի իշխանությունների ու եկեղեցու դեմ` պահանջով, որ վերադարձվեն մեր եկեղեցիները, որ խնամք տածվի դրանց նկատմամբ: Նմանատիպ հարցով ժամանակին Վրաստան էր մեկնել նաև ՀՀ վարչապետը, երկխոսություններ են եղել Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարությունների, մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Վեհափառ հայրապետի ու վրաց պատրիարքի միջև: Մինչ օրս ոչ մի արձագանք ու փոփոխություն չի եղել:
14-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ եկեղեցու փլուզումից հետո արդեն ոչ մի այլ տարբերակ չէր մնում, քան դուրս գալ ու բողոքի ձայն բարձրացնել ի լուր բոլորի, ի լուր միջազգային կառույցների: Սա մի կարևոր ակցիա էր, որով փորձում էինք արժևորել մեր եկեղեցիների խնդիրները, մեր հոգևոր կյանքը, մեր քրիստոնյա լինելու հանգամանքը:
Նախաձեռնությունը Հայ Առաքելական եկեղեցունն է, եկեղեցու զավակներինը: Մի շարք երիտասարդական կառույցներ մեզանից անկախ արդեն նման մտահղացում ունեցել են, ուղղակի միավորվեցինք մեկ ակցիայի շրջանակներում:
Մեր իրականացրած բողոքի ակցիայով վրաց իշխանություններից և վրաց եկեղեցուց պահանջում էինք Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները և հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները:
– Տեր Հակոբ, բողոքի ակցիայի շրջանակներում երկխոսություն եք ունեցել նաև Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեի հետ` ներկայացնելով նրան հայկական կողմի պահանջները պարունակող ուղերձը: Ինչպե՞ս նա արձագանքեց հայերիս պահանջներին, ի՞նչ դիրքորոշում ուներ:
-Նախ մենք ոչ միայն ուղերձում նշված պահանջով հանդես եկանք, այլ նաև նախորդ տարվա նմանատիպ նամակների պատասխանները պահանջեցինք:
Վրաստանի դեսպանը մեզ ասաց, որ Սբ. Գևորգ եկեղեցին փլուզվել է քամիների պատճառով: Ուղղակի անհասկանալի է, ինչո՞ւ պիտի փլուզվեր 14-րդ դարի եկեղեցին, որը 7 դար շարունակ հաղթող է եղել բնական աղետների ու քամու դեմ ճակատամարտերում:
Պարզ է, ուղղակի փորձում են արդարացնել, կոծկել իրական միտումները` դրանով առավել քան ապացուցելով, որ Վրաստանում չի գործում խղճի ու մտքի ազատության օրենքը:
Վրաց դեսպանի հետ հանդիպման ժամանակ մենք նկատեցինք, որ նա անհանգստացած էր, խնդրեց, որ երթի մասնակիցները դադարեցնեն` «Ամո’թ», «Մի’ խեղաթյուրեք հայոց պատմությունը» և մյուս վանկարկումները` պատճառաբանելով, թե խնդիրները նման տարբերակով լուծելը «պատշաճ չէ»:
Ես էլ հակադարձ հարց ուղղեցի` եթե պատշաճության հարթությունում դիտարկենք հարցն, այդ դեպքում պատշա՞ճ է, որ մեր եկեղեցիներն ավերվում են, կեղծվում են եկեղեցիների վրա եղած հայկական արձանագրությունները, ոչնչացվում` խաչքարերը…
Եթե վրացական կողմը խոսում է պատշաճության մասին, ուրեմն պետք է երկխոսությունը ևս ընթանա այդ դաշտում, հետևապես, մենք ակնկալում ենք նաև պատշաճ վերաբերմունք մեր եկեղեցու կողմից բարձրացված պահանջների նկատմամբ:
Եթե վրացական կողմի վարքը «պատշա~ճ» է, ուրեմն մենք էլ նման կերպ ենք ներկայացնում մեր պահանջը և բողոքում ենք:
Վերջում կուզենայի ասել նաև մեկ այլ կարևոր բան. մենք պետք է կարողանանաք մեր երկրի ներսում բարձր պահել մեր ազգային ոգին, որպեսզի ազգային արժեքները գնահատելու ունակություն ունենանք` որպես ապահովագրում` օտարերկրյա ոտնձգություններից:
Հարցազրույցը` Արուսյակ Հոխիկյանի












