Էրդողանը Օբամայի հետ խոսելու է իրանական խնդրի մասին
Գրեթե բոլոր վերլուծաբաններն ընդգծում են այն հանգամանքը, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ կատարելիք պաշտոնայցի ընթացքում, նախագահ Բարաք Օբամային փոխանցելու է երեք կարևոր հաղորդագրություն, որոնք հիմնականում վերաբերում են իրանական խնդրին.
- բոլոր երկրներեն էլ կարող են միջուկային տեխնոլոգիաներ ունենալ խաղաղ նպատակներով,
- միջուկային զենքերը սպառնում են աշխարհի ու մեր տարածաշրջանի բնակչությանը,
3. դիվանագիտության և երկխոսության համար ճանապարհ պետք է հարթել:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ևս, խոսելով Էրդողանի` ԱՄՆ կատարելիք այցի մասին, ակնարկել է, որ դա կապված է Իրանի միջուկային ծրագրերի հետ:
Իսկ մինչ ԱՄՆ կատարվելիք այցը, Թուրքիայում բարձրաստիճան մակարդակով անվերջ հայտարարություններ են հնչում, որոնցում շեշտվում է այն միտքը, որ եթե Միացյալ Նահանգները Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, ապա Իրանը` շատ մոտ հարևանը:
Դավութօղլու փոխանցմամբ, իրանական խնդրով ինքը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ` նրանց ներկայացնելով վերջերս Իրանում ունեցած իր բանակցությունների բովանդակությունը:
Այսպիսով, Թուրքիան հասկանում է, որ եթե այսօր «իրանական խնդրի» լուծման գործում ունենա իր լուրջ դերակատարումը, ապա ակնհայտ է, որ դրանով կբարձրանա իր վարկանիշը և Արևելքի, և Արևմուտքի աչքում: Դա վերջինիս համար շատ կարևոր հանգամանք է, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիան ճիգեր է գործադրում հանդես գալու որպես խաղաղարար պետություն` այս կերպ փորձելով արդարացնել մահմեդական և եվրոպական աշխարհների հետ միաժամանակ մերձենալու իր փորձերը:
Քրիստինե Մելքոնյան
ArmAr.am












