Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ-ի մամուլը Լեռնային Ղարաբաղի մասին 1919-1988 թթ.

Նոյեմբեր 28, 2009թ. 15:52

ArmAr.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Ռեգնում» գործակալությունում հրապարակված` Հայկարամ Նահապետյանի «ԱՄՆ-ի մամուլը Լեռնային Ղարաբաղի մասին 1919-1988 թթ.»  թեմայով ուսումնասիրությունը:

1918 թվականին ԱՄՆ-ն արդեն գերտերություն էր համարվում, իսկ ամերիկյան միսիոներները, զինվորականները, դիվանագետները և լրագրողները  հավատարմագրված էին շատ պետություններում, այդ թվում նաև` Անդրկովկասի պետություններում: Առաջին աշխարհամարտին նվիրված փարիզյան խաղաղ համաժողովում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Լլոյդ Ջորջի և Ժորժ Կլեմանսի հետ միասին գտնվում էր «հաղթողների մեծ եռյակի» կազմում: Փարիզում էր գտնվում նաև ամերիկյան Near East Relief  մարդասիրական կազմակերպության գլխավոր տնօրեն Հերբերտ Հուվերը, ով հետագայում պետք է դառնար ԱՄՆ 31-րդ նախագահը (1929-1933թթ) :

Հուվերն Անդրկովկասում  Near East Relief-ի ներկայացուցիչ Ժոզեֆ Գրինի տեղեկատվության հիման վրա համագումարի մասնակիցներին պարբերաբար տեղեկացնում էր Անդրկովկասում, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում  տեղի ունեցող իրադարձությունների մասին: Հենց այդ ու «Ասոշեյթդ պրես»-ի հրապարակած տեղեկատվության, ինչպես նաև դիվանագիտական և այլ աղբյուրների վրա էլ հենց հիմնված էին 1919-1921 թթ. ԱՄՆ մամուլի անդրադարձները արցախյան թեմատիկային:

Ի՞նչ էր գրում այդ տարիներին ամերիկյան մամուլը:

Շտապեմ  նկատել, որ ադրբեջանական կողմից 1918-1920 թթ. Արցախի` Ադրբեջանի տարածքում գտնվելու մասին պարբերաբար հնչող հայտարարությունների ֆոնի վրա ամերիկյան մամուլի արխիվներում ոչ մի նման բան չկա:  Բոլոր հրապարակումներում Արցախը հիշատակվում է որպես «հայկական մաս» կամ «Հայաստանի մարզ` Ղարաբաղ» և այլն:

1919 թվականի հուլիսի 31-ին «New York Times»-ը,  « Chicago Tribune»-ն և « Atlanta Constitution»-ը, օգոստոսի 1-ին` նաև  Christian Science Monitor-ը, հրապարակեցին Թբիլիսիից մայոր Գրինի հեռագրի բովանդակությունը: Հունիսի 24-ի հեռագրում Գրինը գրում է. «Թուրքերն ու թաթարները շարժվում են Ղարաբաղի ու Ալագյազի ուղղությամբ: Նրանք օկուպացրել են ռուսաստանյան Հայաստանի տարածքը: Թուրքական գեներալ Հալիլն առաջնորդում է ադրբեջանցի թաթարներին: Մենք չենք կարող մարդասիրական գործունեություն իրականացնել, քանի դեռ բրիտանական ուժերը Հայաստանի, այդ թվում նաև Ղարաբաղի տարածքը թուրք-թաթարական  ուժերից ազատելու հրահանգ  չեն ստացել: Հիշյալ տարածքում վերջին արյունալի իրադարձությունները շատ մտահոգիչ են: Մի՞թե մենք ականատես կլինենք հայկական էթնոսն արմատապես ոչնչացնելու նպատակով կատարվող հերթական արշավանքին»:

Օգոստոսի 5-ին Christian Science Monitor-ը գրում է, որ Ղարաբաղն իր պատմության ընթացքում եղել է անկախ ու ինքնորոշ հայաբնակ տարածք:

Նույն ամսի 28-ին թերթը գրում է. «Ողբերգությունը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ թաթարները ձգտում են գրավել Ղարաբաղը` հօգուտ Ադրբեջանի թաթարական հանրապետության: Փարիզից ստացված տեղեկատվությունը հետևյալ պատկերն է ներկայացնում. հունիսի 4-ի առավոտյան ժամը 3-ին Ադրբեջանի թաթարական հանրապետության զինված ուժերը բռնի կերպով Արցախի նահանգապետ հռչակված Սուլթանովի գլխավորությամբ ներխուժեցին Շուշի` Ղարաբաղի կենտրոն:

Հատկանշական է, որ ամերիկյան պարբերականներն Ադրբեջանի մուսուլման բնակչությանը մերթ անվանում են թաթարներ, մերթ` թարթարներ: Մինչ 30-ական թվականների ավարտը Ադրբեջանի բնակչությունն «ադրբեջանցի» չէր անվանվում: Լենինը վերջիններիս անվանում էր «կովկասյան թաթարներ», իսկ 1929 թ. Թբիլիսիում հրատարակված «Անդրկովկասը թվային տվյալներով»  տեղեկատուն վերջիններիս «թյուրքեր» է անվանում:

Հայկական կողմին հաջողվեց դիմակայել թուրք-ադրբեջանական ուժերի արշավին, իսկ երբ արդեն տեղում էր նաև 11-րդ կարմիր բանակը, Ղարաբաղում իշխանության էին անցել հայերը: Ահա և 1920 թվականի երկրորդ կեսի ամերիկյան թերթերի համապատասխան հրապարակումները: 1920 թ. հուլիսի 20-ին  Washington Post-ի կենտրոնական թերթում «Բոլշևիկները տեղաշարժվում են Հայաստանում» վերտառությամբ հոդվածում մասնավորապես գրված է. «Հայկական կառավարությունը հրաժարվեց բավարարել ռուսական սովետական կառավարության վերջնահաշիվը, և բոլշևիկյան բանակը առաջ գնալու հրաման ստացավ: Ղարաբաղի տարածքն արդեն գրավված է»:

New York Times` հուլիսի 26. «Բոլշևիկների բավական շատ ուժեր են անցել Հայաստանի Ղարաբաղյան շրջան»: Նույն պարբերականը, օգոստոսի 2. «Բոլշևիկները շարունակում են ներխուժումը Հայաստանի Ղարաբաղյան և Զանգեզուրյան շրջաններ»:

New York Times պարբերականը  մարտի 16-ին գրում է. «Ռադիոգիր Սիմոն Վրացյանից. «Բոլշևիկներն ամբողջովին կոտորված են, և Ղարաբաղից Ալագյազ ողջ երկիրը գտնվում է հայկական կառավարության վերահսկողության տակ»»:

Հարկ է նշել նաև, որ  Ի. Վ. Ստալինի հրամանով Կովկասյան բյուրոյի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական հանրապետության ինքնավար հատված հռչակելուց հետո էլ ամերիկյան մամուլը շարունակեց լուսաբանել Ղարաբաղյան թեման` ներկայացնելով 1918-1921 թթ. հակամարտության պատմությունը:

1977 թվականի դեկտեմբերի 11-ին New York Times-ը մասնավորապես գրում է, որ հայերը դիմում են Խորհրդային կառավարությանը` ի դեմ Լ. Ի Բրեժնևի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքում դիտարկելու խնդրանքով: «Չնայած այն բանին, որ Ղարաբաղի բնակչության 80%-ը հայեր են, 1923 թ. այն տրվեց թուրքալեզու մուսուլմանական բնակչություն ունեցող Ադրբեջանին»:

1988 թվականի փետրվարից հետո Ղարաբաղյան շարժման նոր ալիքի ու Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին տեղեկությունները ցնցեցին ամերիկյան մամուլը:

Փետրվարի 29-ին Washington Post-ը գրում է, որ  «Ղարաբաղը  բոլշևիկների` 1923 թ. որոշմամբ Ադրբեջանին անցած ոչ մեծ լեռնային տարածք է»:

Չնայած մեծ քանակությամբ փաստերի առկայությանը, Բաքվում շարունակում են 1918-20 թթ. շրջանի  քարտեզներ և ատլասներ հրապարակվել, որոնցում ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ ինչ-որ հրաշքով հայտնվում են Ադրբեջանի տարածքում:

Ըստ էության, Լեռնային Ղարաբաղը 1918-1920 թթ. մուսուլմանական Ադրբեջանի տարածքում ներկայացնելը բացարձակ անտրամաբանական է, քանի որ հիշյալ հատվածի բնակչության 95 %-ը հայեր են: Նույնիսկ ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում, երբ Բաքվի կոմունիստական իշխանությունները ձգտում էին հնարավորինս կրճատել Ղարաբաղում  հայ բնակչության թվաքանակը, հայերն այնտեղ կազմում էին ողջ բնակչության ոչ պակաս, քան 75 %-ը:

Եթե անգամ խորհրդային իշխանության շրջանում Ղարաբաղի հայերը կարողացան ինքնորոշման ալիք բարձրացնել և թույլ չտալ, որ Լեռնային Ղարաբաղը մնա ադրբեջանական իշխանության տակ, ապա էլ ինչու՞ 1918-20 թթ. գրեթե մոնոէթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղը պետք է գտնվեր Ադրբեջանի կազմում:

Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի տարածքում գտնվելու մասին  հայտարարությունները հակասում են ոչ միայն շատ ամերիկյան պարբերականների հրապարակումներին, արձանագրություններին, արխիվային փաստաթղթերին, անհատական հուշագրություններին, այլ նաև առողջ բանականության ու տրամաբանության բոլոր կանոններին:

Աղբյուրներ`

1. “Turkish Army moves to destroy the Armenians”, Тhe New York Times, 31.07.1919

2. “Turks move to butcher Armenians:relief supplied sent by America burred by Turks: Hoover makes appeal to peace conference”; The Atlanta Constitution, 31.07.1919

3. “Turks, Tartars peril Armenia”; The Chicago Daily Tribune, 31.07.1919

4. “Kurds and Tartars attack Armenians from three sides”; The Christian Science Monitor, 01.08.1919

5. “Massacre reported of 200 Armenians”; The Christian Science Monitor; 05.08. 1919

6. “Tartars and Kurds slay Armenians”, The Christian Science Monitor, 28.08.1919

7. “Bolsheviki advance into Armenia; Will give aid to Turks”; The Washington Post, 20.07.1920

8. “Bolsheviki marching to join the Turks: Enver Pasha reported with force overrunning Armenia”; The New York Times; 26.07.1920

9. “Soviet invites Djemal Pasha to lead Mussulman reds”; The New York Times, 02.08.1920

10. “Greeks said to plan news drives on Turks”; The New York Times, 16.03.1921

“Armenians ask Moscow for help charging Azerbaijan with bias”; The New York Times; 11.12.1977

12. “Multiple ethnic conflicts challenging Gorbachev” The Washington Post, 29.02. 1988


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն