Ադրբեջանը` նոր հակամարտության նախաշեմին
Հարևան երկրների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության պահանջատիրական քաղաքականությունն ադրբեջանցիներին դարձյալ կանգնեցրել է պատերազմի նախաշեմին: Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Բաքուն դեռևս չի կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հետ` Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում է հակամարտության մեջ մտնել Թուրքմենիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Նշված երկրների միջև առաջացած վիճահարույց հարցը վերաբերում է Կասպից ծովի մի քանի հատվածներին, որտեղ նավթի և գազի հարուստ պաշարներ կան: Խոսքը «Քյապազ» («Սարդար»), «Չիրագ» («Օսման») և «Ազերի» («Խազարա») նավթահանքերի մասին է, որոնք Ադրբեջանը համարում է իր սեփականությունը:
Այս խնդրի քաղաքակիրթ լուծումը գտնելու համար Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլը Բերդըմուհամմեդովն իր կառավարությանը հանձնարարել է Միջազգային արբիտրաժային դատարանում հարցը քննելու համար փաստաթղթեր պատրաստել: Ընդորում Թուրքմենիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կընդունի վերոնշյալ ատյանի ցանկացած որոշում` հարևանների հետ հակամարտությունից խուսափելու համար:
Ի պատասխան թուրքմենական կողմի այս մարդասիրական քայլի` Ադրբեջանի ղեկավարությունը զորավարժություններ է սկսել Կասպից ծովի ավազանում` փորձելով ցույց տալ, որ անհրաժեշտության պարագայում պատրաստ են զենքի ուժով գրավել Կասպից ծովի վիճելի շրջանները: Բնական է, որ պաշտոնական Բաքվի նման պահվածքը, որը նոր լարվածություն է առաջացնում Կասպից ծովի ավազանում, լուրջ խոչնդոտներ է ստեղծում տարածաշրջանի կայուն զարգացման համար: Եվ եթե ադրբեջանցիների այդ հանդգնությունն արժանի պատասխան չստանա` իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ:
Նման իրավիճակում չափազանց մեծ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը: Ինչպես հայտնի է` պաշտոնական Թեհրանն առաջարկում է Կասպից ծովի ավազանը բաժանել հինգ հավասար մասի մերձափնյա պետությունների միջև: Համաձայն Թեհրանի այդ առաջարկի` վիճահարույց նավթահորերի մի մասը բաժին է հասնելու հենց Իրանին: Ի դեպվ Իրանի ղեկավարությունը բավականին վճռական է իր ազգային հարստությունները պաշտպանելու գործում: Օրինակ` կարելի է հիշել 2001թ. հուլիսի 23-ի միջադեպը, երբ իրանական ռազմածովային ուժերն ադրբեջանական «Գեոֆիզիկ – 3» նավին ստիպեցին դուրս գալ «Իրանի տարածքային ջրերից»` չթույլատրելով հետախուզել վիճելի տարածքների նավթի պաշարները:
Հենց վերջերս իրանական Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի նավթի նախարար Գոլյամհուսսեյն Նոզարին նշել է, որ իր երկիրը Կասպից ծովում սկսել է նավթի և գազի պաշարների ուսումնասիրությունը: Ընդ որում նախարարը չի որոշակացրել, թե հատկապես ծովի որ մասերում են անցկացվելու այդ ուսումնասիրությունները: Չնայած դրան` վերլուծաբանները միակարծիք են, որ խոսքը վերաբերում է հենց վիճելի տարածքներին: Սա իրանական կողմի պատասխանն է Ադրբեջանի հանդգնությանը:
Ակնհայտ է, որ զենքի ուժով հնարավոր չի լինի շահագործել Կասպից ծովի նավթային հարստությունները, որովհետև բոլոր կողմերը հնարավորություն ունեն նույն ձևով խանգարելու հակառակորդներին` «վայելելու» իրենց «ձեռքբերումները»: Եվ կարևոր չէ, որ Թուրքմենիայի նավատորմն ամենաթույլն է Կասպից ծովում: Դա լիովին փոխհատուցվում է չափազանց ուժեղ ավիացիայի առկայությամբ, որը համալրված է Միգ-29 և Սու-25 տիպի ժամանակակից ավելի քան 100 օդանավերով:
Ավելի կարևոր է այս հարցի քաղաքական կողմը: Կասպից ծովի ավազանում առաջացած այս հակամարտությունն իհարկե բացասաբար կազդի Ադրբեջանի հետ Թուրքմենիայի և Իրանի հարաբերությունների վրա: Նման քաղաքականությունը շարունակելու պարագայում Ադրբեջանը կարող է հայտնվել բավականին աննախանձելի վիճակում, երբ այդ երկրի տարանցիկ հնարավորությունները կհավասարվեն զրոյի: Միաժամանակ` Ադրբեջանի այս քաղաքականությունը կդառնա այդ երկրի ագրեսիվության և ապօրինի պահանջատիրության հերթական ապացույցը: Այս հանգամանքն անպայման պետք է օգտագործվի ի նպաստ Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման;
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Թեգեր` «Չիրագ» («Օսման»), «Քյապազ» («Սարդար»), Ադրբեջան












