Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Սեյմի կողմից Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի համար
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդման համար, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, որը կարևոր նշանակություն ունի»։
Տիգրան Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ։
Բոգդան Կլիխը ՀՀ վարչապետին է փոխանցել գործընկերոջ` Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի ջերմ ողջույնները, որի այցը Հայաստան նախատեսվում է առաջիկայում։
Անդրադառնալով տարածաշրջանային ներկա զարգացումներին` ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Պարոն Բոգդան Կլիխը նշել է, որ Լեհաստանը Հարավային Կովկասում հիմնախնդիրների խաղաղ կարգավորման կողմնակից է։ «Մենք բարձր ենք գնահատում արձանագրությունների ստորագրման գործընթացը», նշել է բարձրաստիճան հյուրը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։ Նշվել է, որ Լեհաստանի Հանրապետությունը կես տարի հետո ստանձնելու է ԵՄ նախագահությունը եւ հետաքրքրված է լեհ-շվեդական նախաձեռնությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» ծրագրով։
ArmAr.am












