Ալիևի խոստովանությունը` Արցախը հայաթափելու իր քայլերի վերաբերյալ
Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար, այնուհետև` անկախացած Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը «Զերկալո» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է խորհրդային տարիներին Արցախը հայաթափ անելու ու երկիրն ադրբեջանցիներով լցնելու իր քաղաքականության մի քանի մանրամասներ:
Կարծում ենք` ալիևյան խոստովանությունը կհետաքրքրի հայ ընթերցողին.
«Լեռնային Ղարաբաղի հարցը շատ հին է և ձգվում է 20-րդ դարի սկզբից: Անցյալում, երբ ես դեռ աշխատում էի անվտանգության օրգաններում, իրավիճակն այնտեղ նորմալ չէր, նորմալ չէր նաև խորհրդային ժամանակահատվածում: Իմ`առաջին քարտուղար եղած տարիներին աջակցում էի Լեռնային Ղարաբաղի բարգավաճմանը` ամեն կերպ ձգտելով փոխել տեղի բնակչության ժողովրդագրական պատկերը:
Լեռնային Ղարաբաղն այդ ժամանակաշրջանում բուհ, համալսարան բացելու հարց էր բարձրացրել: Մեզ մոտ բոլորը դեմ էին, իսկ ես մտածեցի ու որոշեցի բացել, բայց միայն մի պայմանով, որ այդ հաստատությունը բաժանված լիներ երեք հատվածի` ադրբեջանական, ռուսական և հայկական: Բացեցին, և մենք հարակից շրջանների ադրբեջանցիներին Բաքվի փոխարեն ուղարկեցինք Ղարաբաղ: Քանի որ Ստեփանակերտն աշխատուժ չուներ, մենք այնտեղ բացեցինք նաև կոշիկի ֆաբրիկա ու որպես աշխատուժ ուղարկեցինք մոտ տարածքներում ապրող ադրբեջանցիներին: Այս և նման այլ միջոցներով աշխատում էի Ղարաբաղը բնակեցնել ադրբեջանցիներով, որ այնտեղ հայերի քանակը պակասեր, հարաբերակցությունը փոխվեր` հօգուտ ադրբեջանցիների: Նրանք, ովքեր այդ ժամանակ աշխատել են Ղարաբաղում, լավ տեղյակ են այս ամենին:
Իմ կամքի ուժի ու բնավորության այլ հատկանիշների շնորհիվ իմ խոսքը ղեկավարության համար օրենք էր»,-հարցազրույցում ասել է Հեյդար Ալիևը:
ArmAr.am












