Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանը թշնամական քաղաքակություն է վարում Հայաստանի նկատմամբ

Օգոստոս 28, 2009թ. 19:27

Տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանի սահմանապահները ներխուժել են ՀՀ Շիրակի մարզի Բավրա գյուղի համայնքային հողատարածքներ, ցնցեց հայկական լրատվական դաշտը: Շատերն անկեղծորեն զարմացան այն փաստի վրա, որ «եղբայրական» վրաց ժողովուրդը կարող է այդպիսի ագրեսիվ քայլերի դիմել Հայաստանի նկատմամբ: Մյուսները փորձեցին քաղաքական ու իրավական գնահատական տալ այդ միջադեպին և եկան այն եզրակացության, որ հայկական հողերի զավթումը վրացիների կողմից ոչ այլ ինչ է, քան պատերազմական գործողություն Հայաստանի նկատմամբ: Ինչպես իրավացիորեն նկատել է միջազգային իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Ն. Բաբաջանյանը, այցելելով Բավրա գյուղի համայնքային հողեր` վրացական կողմը խախտել է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, մասնավորապես, ուժի չկիրառման կամ ուժով չսպառնալու սկզբունքը,  սահմանների անքակտելիության մասին սկզբունքը, միջազգային վեճերը խաղաղ լուծելու սկզբունքը, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, պետությունների համագործակցության սկզբունքը, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների հարգման սկզբունքը:

Պատմական կարճ ակնարկ

Այն փաստը, որ վրացական կողմի այս թշնամական քայլն առաջացրել է հայ հասարակության զարմանքն, իր հերթին զարմացնում է մեզ: Վրաստանի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ունի առնվազն մի քանի տասնամյակների պատմություն: 1918 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր ռազմաքաղաքական բավական ծանր իրավիճակում, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացնում նվաճել Ջավախքն ու Լոռին: 1918թ. դեկտեմբերի 5-ին, անմիջապես այն բանից հետո, երբ տարածաշրջանից հեռացան թուրքական զորքերը, Վրաստանը զավթեց Ախալքալաքի գավառը: Նույն օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմեց վրացիներին` պահանջելով վիճահարույց տարածքների հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն վրացական կողմն անուշադրության մատնեց հայերի խաղաղասեր հորդորները և շարունակեց զորքերի առաջխաղացումը դեպի Լոռի:

Հասկանալով, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց ցանկությունն ապարդյուն է` ՀՀ Կառավարությունը հրահանգեց Ռազմական նախարարության կազմում գտնվող Լոռու զորամասի հրամանատար Դրոյին մաքրել Լոռին վրացիներից: Ընդամենը 5 օր (ընթերողի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ինչպես 20-րդ դարի սկզբում, այնպես էլ 21-րդ դարի սկզբում վրացիների բանակը կարողացավ դիմակայել հակառակորդի հարվածներին ընդամենը 5 օր) տևած հայ-վրացական պատերազմում վրացիներից ազատագրվեց մոտ 50 հայկական գյուղեր և միայն անգլիացի ու ֆրանսիացի սպաներ Ռայկրոֆտի և Շարդիյնիի միջամտությունը կասեցրեց պատերազմը` փրկելով Վրաստանի մայրաքաղաքը հայկական բանակի ներխուժումից:

Հետագայում ևս վրացական իշխանությունները շարունակել են իրականացնել հայատյաց քաղաքականություն: Եվ եթե Խորհրդային Միության տարիներին այդ քաղաքականությունն այդքան էլ արտահայտված բնույթ չի կրել, ապա կայսրության փլուզումից հետո հայերը դարձյալ հայտնվել են Վրաստանի առաջնորդների ուշադրության կենտրոնում:

Ներկայումս պաշտոնական Թբիլիսիի ստորագրությունը դրված է Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային ատյաններում ընդունված հակահայկական բոլոր փաստաթղթերի ներքո: Վրաստանն ակտիվ մասնակցություն է ունենում Հայաստանը տնտեսական փակուղու վերածող թուրքադրբեջանական բոլոր ծրագրերին: Վրաստանը արհեստական դժվարություններ է առաջացնում հայկական բեռնափոխադրումների համար: Վրաստանը խոչնդոտում է Սամցխե-Ջավախքի հայերի ազգային կրթություն ստանալու հնարավորությունները: Վրաստանը հալածում է տեղի հայերի հասարակական և քաղաքական ակտիվիստներին: Վրաստանը ներխուժում է ՀՀ տարածք… Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ վրացիների հաջորդ թշնամական քայլն արդեն կլինի լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելը:

Ինչ նպատակ են հետապնդում վրացի սահմանապահները

Ինչպես արդեն նշվեց, վրացիների տարածքային պահանջատիրությունը Հայաստանի հանդեպ երկար պատմություն ունի: Վերջին 2-3 տարիների ընթացքում այդ պահանջատիրությունը հիմնականում արտահայտվում է Վրացական Ուղղափառ Եկեղեցու շուրթերով, որի Սինոդն արդեն որոշում է կայացրել Հայաստանում ՎՈւԵ-ի թիմ հիմնելու մասին: Սակայն, չենք կարծում, որ վրաց սահմանապահների այս ներխուժումը պետք է գնահատել իբրև Հայաստանից տարածքներ կորզելու լուրջ փորձ: Ո’չ: Պատճառը պետք է փնտրել ուրիշ տեղ:

Ներկայումս Վրաստանի իշխանությունները փորձում են ամեն կերպ ճնշել Սամցխե-Ջավախքի հայ բնակչությանը: Պաշտոնական Թբիլիսիում լուրջ վախենում են տեղի հայերի ազատատենչ տրամադրություններից: Չնայած այն հանգամանքին, որ ջավախահայությունը բազմիցս ապացուցել է Վրաստանի սահմաններում ապրելու իրենց պատրաստակամությունը, միայն թե այնտեղ հարգվեն իրենց ազգային իրավունքները, այնուամենայնիվ Վրաստանի ղեկավարությունն իր համար որոշել է, որ տեղի հայերը լուրջ վտանգ են իրենց պետականությանը: Այդ իսկ պատճառով վրացիներն անում են բոլոր հնարավորը, որպեսզի Սամցխե-Ջավախքի հայերը թողնեն իրենց օջախները և հեռանան Վրաստանի սահմաններից:

Հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանում այսօր միանգամայն անմարդկային պայմաններ են ստեղծված տեղի հայ բնակչության համար: Չկան ճանապարհներ, նորմալ հիվանդանոցներ, աշխատատեղեր և ապրուստի ամենատարրական միջոցներ: Չկա տեղում հայերեն կրթություն ստանալու հնարավորություն, ինչի պատճառով տեղի երիտասարդները ստիպված են լինում հեռանալ Հայաստան, որտեղից այնուհետև այլչս չեն վերադառնում: Այս ամենին գումարվում են ճնշումները տեղի հայ ակտիվիստների նկատմամբ, ինչը լիովին հուսալքում է տեղի հայ բնակչությանը:

Ստեղծված պարագայում Սամցխե-Ջավախքի հայության հույսը մնում է միայն Հայաստանի միջամտությունը: Սակայն, ցավոք սրտի, այստեղ ևս նրանք անհրաժեշտ վերաբերմունք չեն գտնում: Հայ-վրացական հարաբերությունների բարիդրացիականությունը, կարծես թե, գերնպատակ է դարձել Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Թվում է, թե հանուն «բաց ճանապարհների» պաշտոնական Երևանը պատրաստ է զոհաբերել ամեն ինչ` նույնիսկ Սամցխե-Ջավախքի մեր հայրենակիցներին:

Ակնհայտ է, որ Երևանի այդ տրամադրվածությունը լավ զգացվում է նաև Թբիլիսիում, որտեղ նաև գիտակցում են, որ Հայաստանի նկատմամբ նման արհամարհական վերաբերմունք ցույց տալով, իրենք պարզապես հերթական հոգեբանական և բարոյական հարվածն են հասցնում Սամցխե-Ջավախքի հայությանը: Վրացիների տրամաբանությունն ավելի քան պարզ է. ինչպե՞ս կարող է Հայաստանն օժանդակել ջավախահայերին, երբ անկարող է սեփական տարածքները պաշտպանել:

Վրաց սահմանապահների այս ներխուժումը` ՀՀ տարածք, դեռ կունենա իր ազդեցությունը: Ինչպես արդեն նշվեց, ջավախահայությունը ստացավ հերթական հարվածը վրացական կառավարությունից և ներկայումս գտնվում է բավական ճնշված հոգեբանական վիճակում: Սակայն այդ հոգեբանական ճնշվածությունը չի հանդիսանում վրացական կողմի վերջնանպատակը: Սովորաբար նման հոգեբանական հարվածներին հաջորդում են ավելի ուժգին, բայց արդեն ֆիզիկական հարվածներ:

Հայ-վրացական հարաբերություններում վերջերս տեղի ունեցած միջադեպը հայ հասարակության ուշադրությունից դուրս է թողել մի կարևոր լրատվություն այն մասին, որ հաջորդ տարվա մայիսից Ադրբեջանում գործող թուրք-մեսխեթցիների «Վաթան» (Հայրենիք) կազմակերպությունը դադարեցնելու է իր գործունեությունն Ադրբեջանում, քանի որ Վրաստանի ղեկավարությունը թույլ է տվել մոտ 10.000 մեսխեթիցներին վերադառնալ իրնեց բնակության նախկին վայրեր, այսինքն` Սամցխե-Ջավախք: «Վաթան»-ի առաջնորդ Իբրահիմ Բուրհանովը հայտնել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի իր գործունեությունն արդեն Վրաստանի տարածքում:

Ահա և այն երկրորդ հարվածը, որը սպասվում է ջավախքցիներին արդեն մոտ ապագայում: Որպեսզի հնարավոր դառնա թուրք-մեսխեթցիներին Սամցխե-Ջավախք տարածաշրջանում վերաբնակեցնելը, Վրաստանի կառավարությունը սկզբից պետք է այնքան ուժեղացնի ճնշումը տեղի հայերի վրա, որ նրանք այլևս հնարավորություն չունենան դիմակայելու Թբիլիսիի այդ մտադրություններին:

Վրաստանի կողմից իրականացվող հակահայկական այսչափ հետևողական քաղաքականությունն օրեցօր ավելի է դժվարեցնում Սամցխե-Ջավախքի հայերի կացությունը: Եվ, որպես դրա հետևանք, այսօր մենք ականատեսն ենք հայկական պատմական Հայրենիքի այդ հատվածի ինտենսիվ հայաթափմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության լիովին շրջափակմանը թուրքական էթնոսի կողմից: Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս իրավիճակը հայության համար, թողնում ենք ընթերցողի եզրահանգմանը: Սակայն ուզում ենք հերթական անգամ հիշեցնել այն պարզ ճշմարտությունը, որ Սամցխե-Ջավախքի կորուստը կբերի հայկական պետականության վերջնական կործանման: Ժամանակն է , որ մեր ղեկավարությունը ևս գիտակցի այս իրողությունը:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


Դիտել Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկ մեկնաբանություն “Վրաստանը թշնամական քաղաքակություն է վարում Հայաստանի նկատմամբ”

  1. karen on: 30 Օգոստոս 2009 at 13:32

    Hajers Vrastaniny hamarum enq barekam exkir, bajz ajdpes 4e. Vrazinery shat lav giten, vor Vrastany exkir en darzrel hajery, dra hamar el hajeri nkatmamb tarapum en 4bavararvazutjan zgazumov . mer ishxanutjunery partavor en aravel kosht qaxaqajanutjun irakanaznel, hakarak depqum lurj xndirneri araj kkangnenq.

Մեկնաբանել`