Ադրբեջանը ցանկություն ունի օգտվել ռուսական արբանյակային համակարգից
«Ադրբեջանը ցանկանում է միանալ «Գլոնասս» ծրագրին»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Այս մասին հաղորդում է 1news.az-ը` հղում անելով «Նովոստի-Ուկրաինա» լրատվական գործակալությանը[1]:
Սերգեյ Իվանովն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ համագործակցել «Գլոնասս» համակարգի շահագործման առումով: Ռուսաստանի վարչապետը նշել է, որ Ի. Ալիևն իր ցանկության մասին ասել է Դմիտրի Մեդվեդևին` Ուլյանովսկում նախագահների վերջին հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ռուսական «Գլոնասս» համակարգը գործարկվել է 2002թ.-ին և նախատեսվում է ավարտել մինչև 2011թ.-ը: Այն այժմ իր մեջ ներառում է 19 արբանյակ, որոնք հնարավորություն են տալիս հետևել և գտնել ցանկացած օբյեկտ, երկրագնդի ցանկացած վայրում: «Գլոնասսը» ամերիկյան «GPRS» համակարգի ռուսական տարբերակն է: Համակարգի հիմնական նպատակն է գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի հնարավորությունների օգտագործումը` սոցիալ-տնտեսական, ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրների լուծման համար:
Արբանյակային համակարգը լայն հնարավորություններ է ընձեռում տարածքների վիզուալ ճշտման հարցում, ինչը շատ կարևոր է հետախուզության խնդիրների հեշտացման համար[2]:
Բացի քաղաքացիականից, արբանյակային նման համակարգը լայն կիրառում ունի ռազմական ոլորտում: Հետախուզական գործողություններից բացի, արբանյակային համակարգն օգտագործվում է նաև ժամանակակից զինատեսակների արդյունավետությունը բարձրացնելու համար: Օրինակ՝ ՆԱՏՕ-ի զոքերը «GPRS»-ն օգտագործում են արկերի թիրախների կոորդինատները ճշտելու համար: «GPRS»-ի շնորհիվ այլևս մարդու կողմից անհրաժեշտության չկա տանկի կամ հրանոթի թիրախի ճշգրտման, որովհետև արկում տեղադրված հատուկ սարքավորումներն ուղղորդում են այն:
Այսպիսով, շատ կարևոր է ճշտել, թե Ադրբեջանը Ռուսաստանի հետ «Գլոնասսի» օգտագործման ինչ ոլորտներում է համագործակցելու: Եթե համագործակցությունը կայացավ ռազմական ոլորտում, անհրաժեշտ կլինի շտապ քայլեր ձեռնարկել, չեզոքացնելու համար ռազմական ոլորտում Ադրբեջանի ձեռք բերած առավելությունները: Առայժմ համագործակցության բնույթի մասին բաց տեղեկատվություն չկա:
Վահրամ Միրաքյան
ArmAr.am
[1] 1news.az, «Азербайджан подумывает о присоединении к программе ГЛОНАСС».
[2] ФЕДЕРАЛЬНАЯ ЦЕЛЕВАЯ ПРОГРАММА, “ГЛОБАЛЬНАЯ НАВИГАЦИОННАЯ СИСТЕМА”, http://www.krd.ru/www/prom.nsf/webdocs/40949F087838980BC325706E002F46CE.html
Թեգեր` «Գլոնասս» ծրագիր, GPRS, Ադրբեջան, ազգային անվտանգություն, Դմիտրի Մեդվեդև, Իլհամ Ալիև, ռազմական ոլորտ, ռուսական արբանյակ, Ռուսաստան, Սերգեյ Իվանով












