Եվրոպական անվտանգության պայմանագիրը հրապարակված է
2008 թվականի հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել Եվրոպական անվտանգության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Ինչպես հայտնել է ռուսական լրատվամիոցներին ինքը` Մեդվեդևը, պայմանագիրը ենթադրում է եվրոատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության միասնակա դաշտի ստեղծում, որպեսզի վերջնականորեն վերացվեն «սառը պատերազմի» հետքերը: Այդ նպատակին հասնելու համար Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է միջազգային իրավունքի դրույթներում ամրագրել անվտանգության անբաժանելիության սկզբունքը: Խոսքը վերաբերվում է իրավական պարտավորությանը, որի համաձայն եվրոատլանտյան տարածաշրջանի ոչ մի պետություն կամ կազմակերպություն չի կարող ամրապնդել իր անվտանգությունն այլ պետությունների կամ կազմակերպությունների հաշվին:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը, վերջին տարվա ընթացքում կայացած խորհրդակցությունների արդյունքում ռուսական կողմը պատրաստել է եվրոանվտանգության պայմանագրի նախագիծ: Ռուսաստանի նախագահն արդեն ուղարկել է այդ նախագիծը եվրոպական երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Ընդ որում, եվրոատլանտյան դաշտում գործող միջազգային կազմակերպություններից պաշտոնական Կրեմլը պայմանագիրը ուղարկել է միայն ՆԱՏՕ, Եվրամիություն, ԵԱՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ: Դմիտրի Մեդվեդևը հույս է հայտնել, որ եվրաատլանտյան երկրները դրական կարձագանքեն իր նախաձեռնությանը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել պայմանագրի նախագծի էությանը վերաբերող ցանկացած հարց:
Նշենք նաև, որ Եվրոպական անվտանգության պայմանագրի նախագծի տեքստին կարելի է ծանոթանալ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը խոստացել էր հրապարակել պայմանագրի նախագիծը մեկ-երկու օրերի ընթացքում: «Այնտեղ կլինեն հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ, ինչը շատ արդիական է անցած տարվա օգոստոսյան դեպքերից հետո: Փաստաթուղթը չի հակասում Հելսինկյան ակտին և այլ եվրոպական պայմանագրերին», – նշել էր Ռուսաստանի նախագահը:
ArmAr.am
Թեգեր` Դմիտրի Մեդվեդև, նախագահ, Նախագիծ, Պայմանագիր, Ռուսաստան












