Գլխավոր » Լրահոս

Շիրակ Գյունաշյանը հայրենիքի նվիրյալ էր

Օգոստոս 28, 2009թ. 20:20

ShirakԱյսօր Ազգային գրադարանում էին հավաքվել 1960-80-ականների խորհրդահայ քաղբանտարկյալ, ազգային գործիչ Շիրակ Գյունաշյանի մարտական ընկերները, հարազատներն ու ազգականները, Ազգային գրադարանի աշխատակիցներ, քաղաքական գործիչներ` ոգեկոչելու Շիրակ Գյունաշյանի` ազգային գործչի վառ հիշատակը:
Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը ներկաներին հայտնեց, որ հրատարակվել է Շիրակ Գյունաշյանի մասին պատմող գիրքը, «մի եզակի հուշակոթող` նվիրված Շիրակ Գյունաշյանի հիշատակին»: Գրքում ամփոփված են ժամանակակիցների հուշերը, պատառիկներ ցայժմ չհրապարակված փաստաթղթերից, բանտային նամակներից:
Ռաֆիկ Ղազարյանի խոսքերով` մեր հասարակության ոչ բոլոր շերտերն են ճանաչում նրան, ոչ բոլորը գիտեն նրա գործի մասին: Ըստ նրա`գիրքն այն առաջին մունետիկն է, որ կազդարարի նրա գործունեությունը, նրա մարդկային , հայրենասիրական գործը մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար:
«Հիանալի գործ է կատարվել: Առաջին հայացքից թվում է, թե գրքի հեղինակը Գյունաշյանն է, բայց իրականում այդպես չէ: Գիրքում ամփոփված են նրա զինակից ընկերների, հարազատների, նրան ճանաչողների հուշերը, որոնց միջոցով որոշակի պատկերացում կարելի է կազմել Շիրակի կյանքի և գործունեության մասին:
Փոքրաթիվ մարդկանց հերոսական սերունդ, որը դեռ խորհրդային դժվարին տարիներին ծնեց անկախության գաղափարը և պայքարեց մինչև վերջ: Մեզանից յուրաքանչյուրը յուրովի պարտական է այդ մարդկանց»,- ընդգծեց Ռաֆիկ Ղազարյանը:
Միջոցառմանը ներկա քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանն էլ իր հերթին նշեց, որ Շիրակ Գյունաշյանի ընկերների խումբը 68-ին «Ազգային միացյալ կուսակցության» հետ համատեղ պայքարելու պատճառով է կալանավորվել:
«Միայն Հայաստանում էր ստեղծվել անկախության համար մշտապես պայքարող կազմակերպություն: Բայց միայն Հայաստանն է, որ այսօր չունի անկախության թանգարան: Ադրբեջանը, Վրաստանը, բոլորն ունեն, բացի Հայաստանից: Երբ անդրադառնում էի այս փաստին, մտածեցի, ինչ լավ է, որ Գյունաշյանի քույրը մեզ պարտադրեց թղթին հանձնել մեր հուշերը: Շնորհակալություն Շիրակին, որ մեզ ստիպում է կրկին անդրադառնալ մեր արժեքներին: Ամեն անգամ Շիրակին հիշելիս, ուզես թե չուզես` վերադառնալու ես ազգային արմատներին: Շնորհակալություն Շիրակի ազգականներին, որ Հյաստանին տվեցին Շիրակի նման մարդու», – իր խոսքում ասաց Պարույր Հայրիկյանը:
«Հայռուսգազարդի» տնօրենի խորհրդական Ռոլանդ Ադոնցը նշեց. «Շիրակը պրոֆեսիոնալ էր իր աշխատանքի մեջ, չափազանց մեծ գործ կատարեց թե Հայաստանի անկախացման, և թե արցախյան պատերազմի ժամանակ: Բարձր մակարդակ ունեցող մտավորական էր. նա մի նոր գաղափարախոսություն ստեղծեց, շեշտելով այն միտքը, որ Հայաստանը որպես անկախ երկիր պետք է իր դերն ունենա միջազգային ասպարեզում: Կյանք սիրող, կյանքին նվիրված մարդ էր Շիրակ Գյունաշյանը: Հարգանքով ենք հիշում նրան և շատ բաներ ունենք նրանից սովորելու:
Բանաստեղծ Արևշատ Ավագյանն էլ նկատում է, որ ճշմարտության, ազատության համար կռված մարդիկ միշտ էլ սիրելի են հանրության համար.«Նվիրյալների աշխատանքը, պայքարը բարձր եմ գնահատում»:

Գյունաշյանի ընկերներից հիշատակի ոգեկոչման խոսքեր հղեցին Միքայել Հայրապետյանը, Հովհաննես Նալբանդյանը, Արմեն Սարգսյանը և ուրիշներ:

Շնորհանդեսին ներկա գտնվողները դիտեցին նաև Շիրակ Գյունաշյանի կյանքի ու մարտական ուղղու մասին պատմող տեսաֆիլմը:

Նաիրի ՄՈՒՐԱԴՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`