Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը և Թուրքիայի վարքը «ողջամիտ ժամկետի» սահմաններում
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հոդվածաշարը` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրը` երրորդ երկրների դիտակետից: Նախորդ զրույցներում խոսվել է այն մասին, թե ինչպես է երևում հայ-թուրքական հարաբերությունների բարենորոգումը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի, Վրաստանի,Ադրբեջանական Հանրապետության և Իրանի դիտակետից: Հատուկ անդրադարձ է եղել նաև Թուրքիային, որ փաստաթղթերը ստորագրած կողմերց մեկն է: Հոկտեմբերի 10-ից արդեն անցել է շուրջ մեկուկես ամիս: Մեկուկես ամիս այն «հանդիսավոր պահից», երբ միջնորդ երկրները հորդորեցին կողմերին «ողջամիտ ժամկետում» վավերացնել փաստաթղթերը: Ի՞նչ է ցույց տվել անցած մեկուկես ամիսը:
Թուրքիային նվիրված մեր նախորդ զրույցում մենք պնդել ենք, որ նրա վարքը Ցյուրիխյան փաստաթղթերի «վավերացման շրջանում» կանխատեսելի է: Պարզվում է, որ դա իրոք այդպես է, և արժե այդ մասին ավելի հանգամանալից խոսել: Ինչ նպատակներ պիտի հետապնդի Թուրքիան այն «ողջամիտ ժամանակամիջոցում», որը նրա տրամադրության տակ կհայտնվի նախքան փաստաթղթերի վավերացումը, եթե այն, այսպես թե այնպես, տեղի ունենա:
Առաջին: Նա կփորձի ձգձգել ստորագրված փաստաթղթերի վավերացումը: Եթե դա նրան թույլ տրվի, նա կաշխատի «ողջամիտ ժամկետը» ձգել մինչև 2010-ի ապրիլը այն հաշվով, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների բարենորոգումը որպես պատրվակ մեկ անգամ ևս տրամադրվի ԱՄՆ նախագահին շրջանցելու համար անցած դարասկզբին Թուրքիայում կատարվածը որպես ցեղասպանություն որակելու ԱՄՆ առջև ծառացած քաղաքական և բարոյական հարցը:
Երկրորդ: Այդ ժամանակահատվածում Անկարան ամեն ինչ կանի, որպեսզի Հայոց Ցեղասպանության հարցը աշխարհին ներկայացվի որպես դեռևս ապացուցման կարոտ մի խնդիր: Նա նույնիսկ չի թաքցնում իր այդ մտադրությունը: Առայժմ գործը չի հասել ինչ-որ լուրջ հակափաստարկներ բերելուն: Արդեն իսկ հազարավոր վկայություններով ու փաստաթղթերով վաղուց հաստատված փաստը նորից հիմնավորման դաշտ բերելը այնքան էլ հեշտ գործ չէ: Սակայն Անկարան հույս ունի հզոր քարոզչական գրոհով անտեղյակներին մոլորության մեջ գցել կամ Ցեղասպանության ոճրագոծությունը ճանաչումից ետ պահել այն երկրներին, որոնք մտադիր են իրողությանը տալ այդ որակումը: Չի բացառվում նաև թուրքական ծագում ունեցող կեղծ փաստաթղթեր մեջտեղ բերելը: Այդպիսի քայլերի պատրաստ է դիմել Անկարան: Բայց Շվեդիայից ու ԱՄՆ-ից արդեն իսկ ստացվել են մեսիջներ, որոնցով երրորդ երկրներն իմաց են տվել Թուրքիային, որ նրա ջանքերը զուր պիտի անցնեն: Փույթ չէ: Անկարան նորից ու նորից է անելու այն, ինչն իրենից պահանջվում է` ցեղասպանության թեման «ապացուցման դաշտ» բերելու համար: Եվ եթե նույնիսկ կոշտ հակազդեցությունների հանդիպի, միևնույն է, գործելու է իր ընտրած ռազմավարության տրամաբանության համաձայն, եթե, իհարկե, դրսից չպարտադրեն փոխել այդ ռազմավարությունը: Նրա այս վարքը միանշանակ կանխատեսելի է:
Երրորդ: Անկարան վավերացման ձգձգվող «ողջամիտ ժամկետը» պիտի օգտագործի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ հատուկ դերակատարության իրավունք ձեռք բերելու համար: Փույթ չէ, որ կարող է և դա չստացվել: Սակայն հարցի արծարծումն Անկարայի հաշվարկներով անհետ ու անհետևանք չպիտի մնա: Դա նրան կարող է և հետագայում պետք լինել: Էրդողանի Վաշինգտոն կատարվելիք այցի նախօրյակին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի (խոսքը Գարդների մասին է) երկիմաստ հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների նորոգման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի կապի մասին իսկույն որսացին Բաքվում և Անկարայում որպես շահարկման հարմար առիթ: Սակայն հազիվ թե Գարդների այդ հայտարարությունը նման հրճվանքի համար լուրջ հիմք դիտվի: Նախօրյակին ամերիկյան մեկ այլ պաշտոնյա սառը ցնցուղ է թափել Բաքվի քաղաքական շրջանակների վրա, հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծելու դեպքում ԱՄՆ-ը կճանաչի ԼՂՀ-ն: Ճիշտ է, քիչ անց Վաշինգտոնից հայտնեցին, թե շատերի ներկայությամբ արված նման հայտարարություն իբր թե չի եղել: Եվ չի բացառվում, որ նման մի «ուղղում» արվի և Գարդների հայտարարության կապակցությամբ: Նման կարգի արդեն եղած և ամենայն հավանականությամբ լինելիք հայտարարությունների հերքումը կամ հաստատումը Անկարան իր համար հարմար մեկնաբանություններով անընդհատ «կպտտի» լրատվամիջոցներով հենց այն նպատակով, որ ավելի հաճախ արծարծվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ իր հատուկ դերը: Գաղափարը հնչեցնել ամեն մի առիթով, որպեսզի այն արմատավորվի զանգվածային գիտակցության մեջ. քարոզչական պատերազմի այս կանոնին պիտի հետևի Անկարան առաջիկա «ողջամիտ ժամկետում» նախապես մշակված մարտավարությամբ: Եվ սա միանգամայն կանխատեսելի է:
Չորրորդ: Անկարան դեռևս անորոշ սահմաններով «ողջամիտ ժամկետում» կաշխատի ճեղքեր գտնել հայկական դիրքորոշման մեջ: Տարբեր բնույթի սադրիչ հայտարարություններով ու երկխոսության հրավերներով նա կփորձի օգտվել մեր քաղաքական կյանքում հնարավոր տարաձայնություններից, եթե դրանք գտնվեն ու արդյունավետ օգտագործման արժեք ունենան: Նա դեմ չի լինի օգտագործել պահը սեպ խրելու համար Սփյուռքի ու Հայաստանի Հանրապետության միջև, ինչպես նաև Սփյուռքի տարբեր հատվածների միջև` օգտագործելով նրանց դիրքորոշումներում հնարավոր տարաձայնությունները կամ սկսված գործընթացի տարընթերցումները:
Սակայն Թուրքիան միայն հայկական ճամբարում չէ, որ պիտի ճեղքեր որոնի: Նույն փնտրտուքը նա կանի տարածաշրջանը իրենց կենսական շահերի ոլորտը դիտող միջազգային բոլոր դերակատարների դիրքորոշումներում, ինչի մասին մենք արդեն առիթ ենք ունեցել խոսելու ArmAr-ում տեղադրված մեր նախորդ զրույցում: Էրդողանի և Դավուդօղլուի` մեկը մյուսին հետևող այցելությունները շահագրգիռ երկրների մայրաքաղաքներ և բանակցությունների կոնկրետ նյութը դրանց առաջին դեմքերի հետ այդ մասին են վկայում: Գտնել հակասություններ և դրանք հօգուտ իրեն ներդնել հայ-թուրքական հարաբերությունների բարենորոգման գործընթացում:
Այս իմաստով նույնպես Թուրքիայի վարքը կանխատեսելի է:
Հինգերորդ: Վերջապես կա մի խնդիր ևս, որը «հատկացված ողջամիտ ժամանակահատվածում» կմնա Անկարայի քաղաքական օրակարգում: Դա Թուրքիայի կերպարի կամ իմիջի արմատական բարելավման խնդիրն է: Արդեն իսկ «Զրո պրոբլեմ հարևանների հետ» կարգախոսը, որն առաջադրվել է դեռևս մինչև ցյուրիխյան փաստաթղթերի ստորագրումը, խոսում է այն կարևորության մասին, որ Անկարան տալիս է Թուրքիայի նոր կերպար ձևավորելուն: Ամենայն հավանականությամբ, այդ մարտավարությունը նպատակ ունի թուլացնելու այն բացասական լիցքը, որ առկա է Թուրքիայի կերպարում` կապված Հայոց Ցեղասպանության իրողության հետ: Մյուս կողմից` Անկարան կփորձի տարածաշրջանի երկրների հետ իր դրականորեն փոխված հարաբերությունների «ներուժը» հակադրել հայկական գործոնին: Եվ իհարկե, ինչպես մենք արդեն նշել ենք Թուրքիային նվիրված մեր նախորդ զրույցում (տես` ArmAr.am կայքի ս.թ. նոյեմբերի 3-ին տեղադրված վերլուծականը), այդ բոլոր ճիգերի գլխավոր թիրախը Եվրոպան է կամ, ավելի ստույգ, Եվրամիությունը, որի անդամակցության` Անկարայի կողմից ներկայացված հայտը մնում է առկախ: Տարածաշրջանային ու Եվրոպական ուղղության Անկարայի գործողությունների ծրագիրը և դրա իրագործման ընթացքում նրա վարքն իրապես կանխատեսելի է:
Մեզ մնում է հաշվի առնել այդ հանգամանքը և մշակել արտաքին քաղաքական համապատասխան մարտավարություն:
ArmAr.am













