Եվրաատլանտյան անվտանգության Պայմանագիրը կարող է սպառնալ Արցախի անվտանգությանը
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի վարչակազմը հրապարակել է Եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված պայմանագրի նախագիծը: Այս օրվան պաշտոնական Մոսկվան նախապատրաստվում էր դեռևս 2008 թվականի հունիսի 5-ից, երբ Դմիտրի Մեդվեդևը հանդես էր եկել եվրոպական անվտանգության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Ռուսաստանի առաջնորդի այս նախաձեռնությունը ենթադրում է եվրաատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության միասնական դաշտի ստեղծում, որն իրականացնելու համար Մեդվեդևն առաջարկել է միջազգային իրավունքի դրույթներում ամրագրել «անվտանգության» անբաժանելիության սկզբունքը: Խոսքը վերաբերում է իրավական պարտավորությանը, որի համաձայն եվրաատլանտյան տարածաշրջանի ոչ մի պետություն կամ կազմակերպություն չի կարող ամրապնդել իր անվտանգությունն այլ պետությունների կամ կազմակերպությունների հաշվին:
Ինչպես արդեն տեղեկացրել էր ArmAr.am–ը, Դմիտրի Մեդվեդևի առաջարկած պայմանագրի տեքստն արդեն հայտնի է: Այն տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքի էջերում: 14 հոդվածներից բաղկացած այդ փաստաթուղթը բավական մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ այնտեղ, փաստորեն, ուրվագծվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր մեթոդաբանությունը: Պայմանագրին կարող են անդամակցել «Վանկուվերից Վլադիվոստոկ» հատվածում ընկած եվրաատլանտյան և եվրասիական բոլոր պետությունները, ինչպես նաև «Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն և ԱՊՀ-ն»:
Եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության պայմանագիրը ենթադրում է մասնակից պետությունների ակտիվ ներգրավվածություն Պայմանագրին միացած ցանկացած պետության անվտանգությանը սպառնացող հարցերի քննարկմանը: Օրինակ, եթե որևէ պետություն ռազմական գործողություններ է սկսել Պայմանագրին միացած մեկ այլ պետության դեմ, ապա վերջինս կարող է հրավիրել Պայմանագրին միացած պետությունների խորհուրդ, որպեսզի նրանց ևս մասնակից դարձնի ագրեսորի դեմ պայքարում: Իսկ եթե հակամարտություն է առաջացել Պայմանագրին միացած երկու պետությունների միջև, ապա Պայմանագրի մյուս պետությունները կարող են հավաքվել և լուծում տալ առաջացած հակամարտությանը: Ընդ որում, որոշումները պարտադիր ուժ ունեն Պայմանագրի մասնակից պետությունների համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի ջանասիրությամբ է Ռուսաստանի դիվանագիտությունն առաջ տանում նշված Պայմանագրին վերաբերող խնդիրները, կարելի է ենթադրել, որ շուտով այդ պայմանագրին կմիանան Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող պետություններն ու միջազգային կազմակերպությունները: Եվ ամենևին էլ զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում այդ Պայմանագրին միանան նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Դեպքերի նման զարգացման դեպքում Արցախյան հակամարտությունը պարզապես կդառնա մի շարք պետությունների քննարկման առարկա, ինչը, բնականաբար, կվերացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի մենաշնորհն ադրբեջանա–արցախյան հակամարտության կարգավորման գործում:
Իհարկե, ադրբեջանական դիվանագիտությունն անպայման կփորձի օգտվել նման հնարավորությունից: Կասկածից վեր է, որ արցախյան հարցը` հօգուտ Ադրբեջանին լուծելու ակնկալիքով այդ պայմանագրին կմիանա նաև Թուրքիայի կառավարությունը: Իսկ այդ երկու պետությունների համատեղ ջանքերը Արցախի հարցում կհանգեցնեն Կոնֆերանսի կողմից ադրբեջանամետ որոշման ընդունմանը, որը պարտադրված կլինի կատարել նաև Հայաստանը: Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքը, Հայաստանի դիվանագիտությունը պետք է հաշվարկի Պայմանագրին անդամակցելու բոլոր հետևանքները, որից հետո միայն Պայմանագրին անդամակցել- չանդամակցելու որոշում կայացնի:
Կամսար ՄԵԼԻՔՅԱՆ
ArmAr.am












