Հրանուշ Հակոբյան. «Սփյուռքի հիմնական մտահոգությունը Ցեղասպանության խնդիրն է»
ArmAr.am-ի զրուցակիցն է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը
-Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո սփյուռքահայությունն իր մտահոգությունն արտահայտեց դրանցում տեղ գտած մի շարք դրույթների առնչությամբ։ Սփյուռքահայության հետ ՀՀ նախագահի հանդիպումից հետո էլ կարծես թե այդ մտահոգությունները չփարատվեցին…
-Մտահոգությունները չեն կարող միանգամից փարատվել, դրանք միշտ կան, որովհետև, ինչպես ՀՀԿ համագումարում նշեց ՀՀ նախագահը, մենք Թուրքիայի հետ աշխատանքների կազմակերպման փորձ չունենք, քանի որ այդ երկիրը մեզ համար միշտ փակ է եղել։ Այսօր մենք փորձում ենք նրանց հետ հարաբերվելու ճանապարհի սկիզբը դնել։ Սա միայն սկիզբն է, և դժվար է կանխատեսել, թե հեռանկարում ինչ կլինի։ Շատ բան է կախված երկու երկրների խորհրդարաններից. ժողովրդի ընտրյալների կարծիքը և վերջնական որոշումն այս խնդրում էական է։ Ինչքան շուտ Թուրքիան Եվրամիության անդամ դառնա, որքան շատ ժողովրդավարական լինի այդ երկիրը, այնքան մեզ համար մեր հարևանը կանխատեսելի ու քաղաքակիրթ կլինի։ Մենք կկարողանանք ավելի ազատ գործել և ամեն րոպե չենք մտածի, թե 19-րդ կամ 20-րդ դարի սկզբում ենք գտնվում։
-Այնուամենայնիվ, Սփյուռքն այդ արձանագրություններում նախապայմաններ է տեսնում։ Չունե՞ք մտահոգություն, որ այս կարևորագույն խնդրում մոտեցումների տարբերությունը կարող է խարխլել Հայաստան-Սփյուռք կապերը։
-Ես ամենևին էլ այդ կարծիքին չեմ։ Սփյուռքը շատ գոտեպնդվել, զինվել է նախագահի ուղերձով։ Սփյուռքի հիմնական մտահոգությունը Ցեղասպանության խնդիրն էր։ Նրանք վախենում էին, որ բանակցությունների արդյունքում պատմաբանների հանձնաժողով կստեղծվի և Ցեղասպանության ճանաչման հարցն այլևս հնարավոր չի լինի քննարկման առարկա դարձնել։ Բայց ՀՀ նախագահը հայտարարեց, որ ցեղասպանության հարցը երբևէ սակարկման առարկա լինել չի կարող։
-Հայ-թուրքական արձանագրություններում, այնուամենայնիվ, պատմաբանների խումբ ստեղծելու կետը զետեղված է։ Սակայն ինչպե՞ս կարող են թուրք պատմաբաններն անաչառ լինել, ավելին՝ քննարկել Ցեղասպանությանն առնչվող խնդիրներ այն դեպքում, երբ Թուրքիայում գործում է 301-րդ հոդվածը, որն արգելում է նույնիսկ այդ մասին խոսելը։ Ձեզ չի՞ մտահոգում այդ իրավիճակը։
– Դուք շատ ճիշտ եք նկատել, բայց այդ արձանագրություններն իրենք էլ են ստորագրել և տվյալ դեպքում իրենք են հայտնվել ծուղակում և ոչ թե՝ մենք: Բացի այդ, մենք նրանց հետ շատ բան ունենք քննարկելու. միայն 2000 և ավելի հայկական պատմական հուշարձաններ կան ներկայիս Թուրքիայի տարածքում, որոնց ճակատագիրը դրանց տերերը` հայերը պետք է որոշեն։ 32 դպրոց ունենք այնտեղ. մեր դպրոցների հետագայի հարցը պետք է լուծենք։ Միլիոնից ավելի իսլամացած հայեր ունենք այնտեղ, պետք է փորձենք նրանց հետ բերել դեպի իրենց արմատները, դեպի հայրենիք ու դեպի սեփական հավատք:
Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի












