Թուրքերը պետք է հասկանան, որ այդ գանձերը կարող են գտնել միայն հայերը
Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է, որ թուրք բնակչությունը դեռ փնտրում է հայերի գանձերը: Ինչպես հայտնի է դարձել, Թուրքիայի արևելյան հատվածի՝ Սիիրտի շրջանի Մադեն գյուղի բնակիչ` 43 ամյա Բաբաքը վարկով գումար է վերցրել, որ փորի, գտնի հայերի կողմից պահած, ըստ իր տվյալների` 70 տոննա ոսկին։
Գանձեր փնտրողը տեղեկացրել է, որ անցած տարի իրենց գյուղ է այցելել հայերի մի խումբ, որոնց ձեռքին եղել է քարտեզ: Նա վստահեցրել է, թե քարտեզում նշված է եղել, որ նախկինում հայերի կողմից պահված 70 տոննա ոսկին գտնվում է հենց իր հողամասում։ Գանձերը գտնելու նպատակով նա բանկից վերցրել է 20 հազար դոլարի վարկ։ Այնուհետև Բաբաքը վարձել է տրակտոր, հանքափոր, երկրաբան։ Նրա աշխատանքներին հետևել են նաև բանկի հատուկ աշխատակիցը և ոստիկանության ներկայացուցիչը։ Մի քանի անգամ սարքերը ոսկու ազդանշան են տվել, սակայն տասնյակ մետրեր փորելուց հետո պարզվել է, որ ոչինչ չկա։ Այսօր Բաբաքի գումարները վերջացել են, սակայն ոսկին այդպես էլ չի գտնվել։ Իսկ Բաբաքը վստահ է, որ ոսկին իր հողատարածքում է: Նա ասում է, որ տեղի բնակիչները պատմում էին, թե հայերը հեռանալուց առաջ ոսկիները շատ խորն են թաղել ու նոր միայն գնացել։
ArmAr.am












