Թուրքիայում տեղանունների փոփոխությունը դավաճանություն է որակվել Ադրբեջանի կողմից
Թուրքիայում բնակավայրերի անվանումների փոփոխությունների և դրանց նախկին` հայկական, երբեմն էլ` քրդական անունները վերադարձնելու մասին ArmAr.am-ը տեղեկացրել է նախորդ հրապարակումներում: Այս անգամ խոսքը ադրբեջանական կողմի արձագանքների մասին է:
Ադրբեջանցիներն այս առումով կրկին մեղադրել են իրենց ռազմավարական դաշնակցին` դավաճանական քայլ համարելով տեղանունների վերահայկականացումը: Ադրբեջանական կողմը թուրքական իշխանությունների որոշումն անգամ հայերի հետ գաղտնի, հակաադրբեջանական դիվերսիա է համարել և պահանջել է hետ կանգնել «Թուրքիայի համար կործանարար այդ քայլից»: Մասնավորապես, «Բակիլիլար» էլեկտրոնային թերթի թղթակիցը նշում է, թե, օրինակ, Թուրքիայի Չինգիլա գյուղն արդեն վերանվանվել ու դարձել է «Կարապետ», իսկ Բակրաչըլը` Վարագ: Թուրքերը, հավանաբար, եվրոպականացման երազանքների ճանապարհին հասկացել են, որ, այնուամենայնիվ, բնակավայրերի հայկական անվանումները էսթետիկ առումով ավելի գեղեցիկ են, հնչողությունն էլ, ամեն դեպքում, ավելի նուրբ է Բակրաչըլից կամ Չինգիլայից: Իսկ ամենակարևորը` այդ բնակավայրերում բնաջնջելով տեղի իսկական տերերին` բնիկ հայ բնակչությանը, Թուրքիան 100 տարվա ընթացքում չկարողացավ դրանք ամբողջությամբ «յուրացնել»: Թուրքերը կամ որոշել են հայերի հետ բարեկամության իմիտացիա ստեղծելով` հերթական անգամ թիկունքից հարվածել, կամ էլ համոզվել են, որ հայերի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը կարող է թուրքին Եվրոպա հասցնելու ամենակարճ դիվանագիտական ճանապարհը լինել: Իսկ թուրքերի կրտսեր եղբայր համարվող ադրբեջանցիները, հաշվի չառնելով այս հանգամանքները, շարունակում են աղմուկ բարձրացնել ու բողոքել թուրքերի «հակաադրբեջանական» քայլերից:
Վերևում արդեն հիշատակված ադրբեջանական լրատվամիջոցի էջերում նաև կարդում ենք, որ հայկական կողմը կարողացել է համաձայնության գալ Թուրքիայի հետ. սկզբում վերահայկականացվում են տեղանունները, ապա դրանք վերահանձնվում են հայկական պետության տնօրինությանը:
Նաիրի Հոխիկյան












