Հայաստանում աղանդների դեմ պայքարը հրամայական է` հանուն մարդու իրավունքների պաշտպանության
Մամուլը, հեռուստատեսությունը, նույնիսկ ամենաբարձր ատյանները, հաճախ են մեր հասարակությանը նախազգուշացնում աղանդավորների, և հատկապես, եհովականների վնասակար գործողությունների մասին: Բայց արի ու տես, որ սայլը տեղից չի շարժվում:
Օրերս Կապան քաղաքում տեղի ունեցավ «Եհովայի վկաներ»աղանդի տարածաշրջանային կոնգրեսը: Կոնգրեսի մասնակիցների թիվը մոտ 410 հոգի էր, որոնք Կապանի, Գորիսի, Մեղրիի , Սյունիքի ու այլ մարզերի բնակիչներ էին:
Ի դեպ` կազմակերպված միջոցառումն ամենևին միակը չէ, որ «Եհովայի վկա» աղանդավորական կառույցն իրականացնում է այս տարվա ընթացքում: Բանն այն է, որ համաձայն իրենց ուսմունքի, եհովականները պարտավոր են շաբաթը մեկ անգամ այցելել ժողովարան, երկու անգամ էլ հատուկ սրահ` «արքայության դահլիճ», որպեսզի առավել վարժ սերտեն մատուցվող գրականությունը, իսկ արդեն ամռանը` ստացած «պաշարով» ներկայանան ամառային կոնգրեսներին:
Այս տարվա ընթացքում նրանք արդեն հասցրել են գումարել նմանատիպ 9 հավաք` Հայաստանի տարբեր շրջաններում և հատկապես` հանրապետության խոշոր քաղաքներում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Տեղեկացանք, որ հաջորդ հավաքը, որն, ի դեպ, նախատեսված է անցկացնել հատուկ ռուսախոս եհովականների համար, կայանալու է օգոստոսի 28-ից 30-ը Երևանում` Էրեբունի 1 հասցեում գտնվող «Արմո»ռեստորանի սրահում:
Միայն Երևանում նրանք հասցրել են կառուցել 10 ժողովարան, դա դեռ բավարար չէ, զբաղված են նոր վայրեր փնտրելով` նոր ու ընդարձակ ժողովարաններ կառուցելու համար:
Օրերս էլ տեղեկացանք, որ եհովականները դատական հայցերով դիմել են դատարան`պետական եկամուտների կոմիտեի դեմ` իրենց դիտարանները մաքսազերծելու նպատակով («Հրապարակ», 15 օգոստոս):
Ցավալի իրողության առջև ենք կանգնած, երբ մեր աչքի առաջ, կրոնական ազատության գաղափարների քողի տակ, անարգել աճում և տարածում է ստանում մի տոտալիտար աղանդ:
Եհովականները, որոնց թիվն այսօր, ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում շուրջ 21 հազար է կազմում, պնդում են, թե իբր իրենք ազնիվ քաղաքացիներ են, իսկ երբ հարց ես տալիս մարդորսության մասին, ասում են, թե զբաղված են «փրկվածների թիվն ավելացնելով»: Մարդկանց` հակադարձող փաստարկներին էլ, թե` այդ աղանդի հետևորդը դառնալով` հայտնվել եք զոմբիացած վիճակում, կեղծ ժպիտով պատասխանում են, թե իրենց հավաքներում, ընդամենը, Սուրբ գիրք են սերտում:
Բայց ի՞նչ է տեղի ունենում եհովական հավաքների ընթացքում: Արդյո՞ք, նրանք իրականում զբաղված են Սուրբ գիրքը սերտելով, ու թե ինչու են խիստ վրդովված մտել դատարան` իրենց դիտարանները մաքսազերծելու համար, դժվար չէ կռահել:
Բանն այն է, ինչպես իրենց «արքայության դահլիճներում», այնպես էլ իրենց ամառային կոնգրեսների ընթացքում, մասնակիցները սերտում են ոչ թե Սուրբ գիրք, այլ Եհովայի վկաների կենտրոնատեղի Բրունկլինի Դիտարանում (Watch Tower) հրատարակվող Դիտարան ամսագրերի հրահանգները: Գործընթացը տեղի է ունենում հետևյալ եղանակով: Եհովայի վկաները բոլոր երկրներում ունեն, Փենսիլվանիայում` ԱՄՆ, գտնվող «Գաալադ աստվածաբանական ծառայության կենտրոնացված դպրոցի»մասնաճյուղեր, որտեղ նրանց սովորեցնում են քարոզել և պնդել իրենց աղանդի տեսակետները` հատուկ գրքերի միջոցով: Սկզբում ելույթ է ունենում մեկ տղամարդ` համայնքի անդամներից մեկը (կանանց իրավունքները գերազանցապես ոտնահարված են այս աղանդում), կամ էլ մի այցելու վերստուգիչ ընտրում է դիտարանից նախանշված հոդվածը` պարտադիր կերպով ամսագիրն իր ձեռքում պահելով, իսկ քարոզիչը, որի գալստյան մասին հայտարարում են նախապես` երկու շաբաթ առաջ, պատմում է այդ հոդվածի պարունակությունը` խիստ հսկողության ներքո, նախանշված սահմանների շրջանակներում: Ելույթն իրականում, հիշեցնում է մի երկար դասախոսություն, որը քարոզ կոչել չի կարելի: Հետո սկսվում է երգեցողությունը, ասեմ, որ երգվում են խիստ պարզունակ երգեր, որոնք հիմնականում ուղեկցվում են ձայնագրիչի ձայնակցությամբ: Ձայնագրություններն անխտիր, խիստ հսկողության ներքո կատարվում են նույն Բրուկլինում` եհովականների կենտրոնատեղիում: Երգեցողությունից հետո ընթերցում են ամսագրից նախանշված հոդվածը, որը բոլորն ունեն իրենց առջևում: Ի դեպ, ամսագրի հոդվածներն անանուն են, Աստվածաշնչի պես համարակալված գլուխներով: Յուրաքանչյուր հատված, որը նրանց կողմից ընկալվում է որպես կատարյալ ճշմարտություն` ենթակա չէ քննական վերլուծության: Եվ եթե քննարկում են, ապա միմիայն առավել խոր և կատարյալ անգիր անելու համար: Ի դեպ, որպեսզի յուրաքանչյուր ոք ուսանի այն ամենը, ինչ տպագրված է` տեքստի ներքնամասում զետեղում են հարցեր` հոդվածի առնչությամբ: Տեսքտն ընթերցելուց հետո վարողը նրանց հարցեր է տալիս նյութի պարունակության առնչությամբ: Մասնակիցը պարտավոր է ճիշտ պատասխան տալ: Եթե տրված պատասխանը ճիշտ է, սակայն տվյալ անձն այն շարադրել է սեփական բառերով, ապա պատասխանը սխալ է համարվում: Այսինքն, նման մոտեցումը հատուկ է մշակվել, որպեսզի «հավատացյալն» անկարող լինի յուրովի մտածել և վարժվել սերտածը թութակի նման կրկնելու մեջ: Այս մեթոդով նրանք ամբողջ ամսագիրը անգիր են սովորում, իսկ քանի որ մարդկային միտքը սահմանափակ է ու կարող է նաև նախկինում ուսանածը մեկ -մեկ էլ մոռանալ, ապա ժամանակ առ ժամանակ նյութերը վերասերտվում են:
Բնականաբար, այս ամենը չի կարող համարվել Սուրբ գրքի «սերտում»: Երևույթն այլ կերպ չես կարող բնութագրել, քան մարդկանց զոմբիացում:
Ինչ վերաբերում է դիտարանների առնչությամբ եհովականների բարձրացրած աղմուկին. դիտարան կոչվածը նրանց զոմբիացման աղբյուրն է, այն հիանալի գործիք է աղանդավորական կառույցի ղեկավարների ձեռքին, որով կործանում են իրենց ճանկն ընկած անմեղ մարդկանց: Այդ իսկ պատճառով ոչ միայն չպետք է մաքսազերծել նրանց գրքերը, այլև անհրաժեշտ է ընդհանրապես արգելել դրանց առաքումը Հայաստան:
Դատական բազմաթիվ գործընթացներ ավարտվում են եհովականների հաղթանակով, բայց դրա պատճառը ոչ թե այն է, որ նրանք ճշմարտության կրողներ են, այլ պարզապես ամեն ինչ անում են շահարկելով մարդու իրավունքների նորմերը: Եվ այս անգամ էլ իրենց հայտնի երգն են երգելու: Սակայն իրականում, եհովականները կրոնական անհանդուրժողականության հրահրողներ են և մարդու իրավունքները ոտնահարողներ:
Եհովականներն իրենց համարում են միակ ճշմարիտ կազմակերպությունը, իսկ մնացած բոլոր կրոններին` կեղծ ուսմունքներ: Նույնիսկ նրանք չեն օգտագործում «կրոն» բառը, այն համարելով կուռքերին երկրպագելու միջոց, մինչդեռ, ըստ իրենց, միակն իրենք են, որ պաշտում են ճշմարիտ Աստծուն: Սակայն զավեշտականն այն է, որ մերժելով «կրոն» բառը, այդ կազմակերպությունը գրանցվել է որպես կրոնական կազմակերպություն:
Դիտարանի անանուն հեղինակների հավաստմամբ, բոլոր կրոնները, բացի «Եհովայի վկաներ»-ից, նման են հաշիշի (Դիտարան 01. 05. 1997, էջ 17): Քրիստոնյաներին համարում են Աստծուն դավաճանողներ և ստախոսներ (տես` Թ В чем смысл жизни?, ռուսերեն գրքույկը, 1993, էջ 19): Նրանք քրիստոնեական ուսմունքն ու ավանդույթները համարում են ածանցյալներ` «նախկին կեղծ ուսմունքներից» (տես` Что от нас требует бог?, ռուսերեն գրքույկը, 1996, էջ 22): Այս շարքը կարելի է շարունակել, և հատկապես, ընթերցողի ուշադրությունը հրավիրել Դիտարանի 1998 թվականի 01.07. համարի 9-րդ էջում գրվածներին, ուր գրված է, իբր թե քրիստոնյա հոգևորականները գտնվում են մեղքի կապանքների մեջ, քրիստոնյա աշխարհը շուտով կործանվելու է եւ նման անմտություններ: Միգուցե սա՞ է պատճառը, որ եհովական Տիգրանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում նշել է, թե իբր «կան անգամ քահանաներ, որոնք դեռ կողմնորոշված չեն և չի բացառվում, որ մի օր էլ նրանք կհամալրեն եհովայի վկանների շարքերը»: Ամենևին էլ զարմանալի չէ, որ զոմբիացած մարդը հերթական սուտը սերտել է դիտարանից, սակայն զարմանալի և վրդովվեցուցիչ է այն, որ քրիստոնեաների և քահանաների հասցեին ամենատարբեր որակումներ շպրտող աղանդավորական այս կառույցն այսօր պաշտոնապես գրանցված է Հայաստանում և գործում է որպես քրիստոնեական կազմակերպություն ու դեռ մի բան էլ փորձում պետությունից զեղջեր ստանալ իր` զոմբիարանները փոխադրելու համար:
Եհովայի վկաները տոտալիտար աղանդ են, որոնք իրենց նպատակներին հասնելու համար միջոցների մեջ ամենևին խտրականություն չեն դնում: Պաշտպանելով Եհովայի վկանների կազմակերպությանը և հովանավորելով նրանց միջոցառումները, մեր հասարակության առանձին անդամներ ոչ միայն վնաս են հասցնում Հայաստանի ազգային անվտագությանը, այլ խախտում են այս երկրի 21 հազար քաղաքացիների իրավունքներ, որոնք զոհերն են Դիտարանի:
Հայաստանում այսօր վխտում են աղանդավորները: Չկա մեկ օր, երբ Երևանի փողոցներում չհանդիպեք մի քանի շրջիկ քարոզիչների: Նրանք տարածվել են գյուղերում և քաղաքներում: Եթե այս ամենին ավելացնենք Հայաստանի ներկա տնտեսական, սոցիալական ու քաղաքական իրավիճակը, արտաքին սպառնալիքները, ապա ակնհայտ կդառնա, թե մեր երկրի ազգային անվտանգության համար համար ինչ իրական վտանգ են ներկայացնում այդ տոտալիտար աղանդները: Դարձյալ ընդգծեմ, որ Եհովայի վկանները, մորմոնների և «Կյանքի խոսք» կոչվող աղանդավորական կառույցի հետ մեկտեղ պատկանում է տոտալիտար աղանդների շարքին:
Երկու խոսք տոտալիտար աղանդների մասին
Աղանդներն ունեն հստակ կառուցվածք, կազմակերպություն, իրականացնում են քարոզչության և հավաքագրության նոր մեթոդներ, ինչպես նաև կիրառում տարաբնույթ միջոցներ` իրենց անդամների մտածելակերպը վերահսկելու համար: Նոր, աննախադեպ են նրանց ուսմունքները, որոնք սերտաճել են գլոբալիզացիայի արդյունքում և փոստ-մոդերինստական հասարակություններում կրոնական աղավաղված գաղափարների տարածման միջոցով:
Տոտալիտար աղանդները ագրեսիվորեն տարածվում են` օգտագործելով մարկետինգի և գովազդների պրոֆեսիոնալ մեթոդները, ինչպես նաև արհեստավարժորեն օգտագործում են ժամանակակից պետությունների և դեմոկրատական համակարգերի թույլ կողմերը (հայ իրականության մեջ այս բնորոշմանը համապատասխանում է նաև «Կյանքի Խոսք»-ը: Եթե որևէ մեկը Երևանում այցելի Թումանյան-Աբովյան խաչմերուկում գործող «Արաքս» սրճարան, ապա այնտեղ կգտնի «Կյանքի խոսք»-ի ամսագրերը, որոնց էջերում խմորեղենի, հագուստի, երգիչների մասին պատմվող հոդվածների հետ միաժամանակ զետեղված է հսկայական տեղեկատվություն այդ աղանդի ու նրա տարածման միջոցների մասին): Եվ վերջապես, նոր է նրանց կապը ժամանակակից բիզնեսի, ԶԼՄ-ների, մասամբ էլ` տվյալ երկրի հատուկ գործակալությունների հետ:
Հայաստանում աղանդների քայքայիչ գործունեության կանխարգելումն ու դրա արդյունքում տուժած քաղաքացիների` զոհերի հոգեբանական վերականգնումը, նրանց հետդարձը զոմբիացումից, խիստ հրամայական է` հանուն մարդու իրավունքների պաշտպանության, չէ որ այդ աղանդավորական ցանցերում հայտնվածները մեր հայ եղբայրներն ու քույրերն են, որոնց պետք է համատեղ ուժերով հետ պահենք կեղծիքից, խաբկանքից և կործանումից:
Վ. ՄԱՆՈՒԿ












