Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում` ժամը 21:00-ին, դեմ առ դեմ կհանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը
ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Աթենքում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳՆ Բեռնար Կուշների և ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԵԱՀԿ մամլո քարտուղար Մարտին Նեսիրկին` ավելացնելով, որ հանդիպման ավարտին նրանք կպատասխանեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կընթանա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպումը»,- ասել է նա` պատասխանելով հարցին` արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարություն կհաջորդի հանդիպմանը:
Իսկ այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 21:00-ին Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպումը, որին կմիանան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ):
ArmAr.am












