Գլխավոր » Լրահոս

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Դեկտեմբեր 1, 2009թ. 09:00

lenta1988թ.-ի դեկտեմբերի 1-ին`աշխարհում առաջին անգամ, այդ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն հռչակեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Նպատակն էր` այս քայլով մարդկության ուշադրությունը սևեռել   ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին, դրանով իսկ նպաստել կանխարգելման միջոցառումների իրականացմանը:

Տեղեկացնենք, որ մեր երկրում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքեր արձանագրվեցին դեռ 1988 թվականից:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը տեղեկացնում է, որ 1988թ. մինչև 2009թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 796 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 136-ը` 2008թ. ընթացքում:

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 582 մարդ (73,1%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 214 դեպք (26,9%): ՄԻԱՎ վարակի 16 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49,9%) և թմրամիջոցների ներարկային միջոցով օգտագործումը (41,5%): Սրանցից բացի Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են այնպիսի տղամարդիկ, որոնց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել է այլ երկրներում` մասնավորապես Ռուսաստանում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (57,3%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց 98%-ը վարակվել են սեռական ճանապարհով:

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 350 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 44%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի և Լոռու մարզերն են՝ 10,2%:

Հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով, մի շարք ՀԿ-ների նախաձեռնությամբ, կկազմակերպվի խաղաղ երթ Երևանի փողոցներով:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն