«Որևէ մեկը չի կարող արցախահայերին պարտադրել` հրաժարվել ինքնորոշման սկզբունքից»
Հարցազրույց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ
– Սովորույթի համաձայն ամեն աշնան սկզբին կրկին խոսվում է քաղաքական թեժ աշնան մասին: Կարծում եք այդպիսին սպասվո՞ւմ է:
– Նման հարցադրում հնչեցնողներին սովորաբար հակադարձում եմ` քանի՞ էդպիսի աշուն են տեսել: Եթե ընտրություններ չկան, որոշ մարդիկ` իրենց սեփական «ներշնչանքին» հագուրդ տալու համար, սկսում են խոսել թեժ աշնան, թեժ ամռան, թեժ գարնան և այլնի մասին: Այսօր ես` քաղաքական լուրջ իրադարձությունների համար նախադրյալներ չեմ տեսնում:
– Այնուհանդերձ, կանխատեսվում է, որ քաղաքական աշնան զարգացումները կընթանան արտաքին քաղաքական զարգացումների շուրջ, ինչն էլ կնպաստի ներքաղաքական ակտիվացմանը:
– Էդ ո՞ր քաղաքական ուժն է, որ ունի արտաքին քաղաքականության սեփական հայեցակարգ, որը պետք է կյանքի կոչի և հիմա անհամբերությամբ սպասում է, թե ինչ-որ բան է կատարվելու` իր արտաքին նկատառումներին հակասող: Ես արտաքին քաղաքականության փոփոխություն չեմ սպասում մոտակա ժամանակներում: Նրանք, ովքեր հայ-թուրքական ճանապարհների բացումը կհամարեն էական քաղաքական փոփոխություն, մի քիչ չափազանցության մեջ են ընկած: Արցախի հարցում որևէ բան չի նշմարվում դեռևս: Արցախի հարցում ամեն բան հստակ է` մի կողմում ազատության գաղափարն է, մյուս կողմում տիրելու իրավունքը: Տիրելու իրավունք ունեցողները միջազգային մակարդակի այլևայլ ճամարտակությունններով բավական աջակիցներ ունեն: Բայց հաղթել չեն կարող, որովհետև դա նշանակում է հաղթել քաղաքակրթությանը: Հաղթանակը ինքնորոշման սկզբունքինն է, որը մենք գործնականում կիրառել ենք 1987թվականից` ստեղծելով ինքնորոշման միավորումը: Մենք հաղթելու ենք, բայց ոչ թե Ադրբեջանին հաղթելու կամ տիրելու համար, այլ մեր ինքնորոշման տերը լինելու: Քանի որ մյուս կողմում դեռևս ստեղծված իրավիճակին համակերպվելու տրամադրություն չկա, ուրեմն առաջիկայում հիմնախնդիրը լուծում չի ստանա:
– Սեպտեմբերի վերջին ԵԽԽՎ Մինսկի խմբի համանախագահները ներկայացնելու են ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ` Մադրիդյան նորացված սկզբունքները: Ի՞նչպիսի բովանդակություն այն կարող է ունենալ:
– Ավելի ճիշտ կլինի, որ իրենք կոչեն ելակետային դրույթներ: Սկզբունքները մի բան է, որը փոփոխման չի ենթարկվում: Եթե խոսում են սահմանների անձեռնմխելիության մասին և դա կոչում են սկզբունք, դա ճիշտ չէ: Դա մոտեցում է, որը բազմիցս ենթարկվել է փոփոխությունների` տարբեր հակամարտությունների պարագայում: Հետևաբար, սկզբունք լինել չի կարող: Եթե պետք է ներկայացնեն նոր ելակետային դրույթներ, թող ներկայացնեն: Դա նշանակում է, որ նոր փուլ պետք է սկսվի` ելակետային դրույթների հիման վրա ինչ-որ զարգացումներ նախապատրաստելու:
Հարցի լուծման մի քանի տարբերակ կա. կողմերից մեկն ամեն ինչ մոռացած` անձնատուր է լինում միջազգային սկզբունքներին: Հաջորդը` միջազգային իրավունքի հիման վրա, միջազգային մակարդակով որոշում է ընդունվում և պարտադրվում կողմերին: Որևէ մեկը չի կարող արցախահայերին պարտադրել` հրաժարվել ինքնորոշման սկզբունքից: Ստիպել, որ Սերբիայի օրինակով Ադրբեջանն ընդունի Արցախի ինքնորոշման իրավունքը, հայերին էլ ստիպեն տարածքներ վերադարձնել, դրան աշխարհը պատրաստ չէ: Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ ինչպես իրենք ինքնորոշվեցին Սովետական Միությունից, այնպես էլ Արցախը կարող է ինքնորոշվել Սովետական Միության ստեղծած կեղծ վարչական միավորից: Չեն ուզում հասկանալ, մենք էլ չենք կարող հասկանալ, որ պետք է մեզ տիրեն: ԻՆչ վերաբերում է նոր պատերազմին, ապա այն հակասում է միջազգային սկզբունքին: Այնպես որ, առաջիկայում երեքն էլ չեն իրականանա:
– Վերջերս Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե այս իշխանությունները Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցրեցին, հիմա էլ Ղարաբաղն են տվել-պրծել: Ի՞նչ կասեք այս հայտարարության մասին:
– Ես բազմիցս եմ ասել` մի քիչ շատ կլինի, որ ես իր ասածները մեկնաբանեմ:
– Դուք այն կարծիքին եք, որ քաղաքական թեժ աշուն չի սպասվում, բայց կան ուժեր, ովքեր ոչինչ չեն խնայի այն թեժացնելու համար: ՀԱԿ-ն արդեն իսկ հայտարում է այդ ուղղությամբ հնարավորն անելու մասին: Նույնիսկ խոսվում է արտահերթ ընտրություններով իշխանափոխության իրականացման մասին:
– Եթե ընտրություններն անարդար են եղել, ապա իրավունք ունեն խոսել արդար ընտրությունների անցկացման մասին: Բայց, պարտավոր են հիմնավորել անարդար լինելը: Օրինակ` շատ անարդար էին 1991 թվականի ընտրությունները, միակ դեպքն էր, երբ Հայաստանի դատարանը որոշում ընդունեց, որ թեկնածուներից մեկի ճանապարհին միտումնավոր անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծվել: Իսկ այսօր, հասարակության մեջ չկա այն համոզմունքը, թե անարդար ընտրություններ են տեղի ունեցել և ոչ էլ կա նոր ընտրություններ անցկացնելու տրամադրվածություն:
– Արտաքին քաղաքականության մեջ, առաջին հերթին՝ Ղարաբաղի հարցում, իշխանության ձախողումները կարո՞ղ են ակտիվացնել որոշ քաղաքական ուժերի ։
– Եթե ազգային-հայրենասիրական հողի վրա պետք է որոշ մարդիկ ակտիվանային, նրանք վաղուց պետք է ակտիվացած լինեին, որովհետև Արևմտյան Հայաստանը Թուրքիայի տարածքում է, Նախիջևանը` Ադրբեջանի: Իսկ այս արժեքները բոլոր իշխանությունները փորձել են սպանել: Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Ռոբերտ Քոչարյան: Առայժմ չեմ կարող ասել, թե որքանով է Սերժ Սարգսյանը նույն քայլերն անում: Եվ այսօր սպասել, որ հայրենասիրական ուժերը կակտիվանան… Ո՞ւր են այդ հայրենասիրական ուժերը: Այսօր Հայաստանում ասպարեզը թողնված է միայն իշխանատենչությանը: Դա է խրախուսվում, դա է հասկանալի միայն, դրամ-իշխանություն, հետո իշխանություն, նորից դրամ: Ոչ մի ազգային արժեք ընդունելի չէ: Սովորաբար, գործակալներին պետությունը վճարում է:
– Խոսվում է ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցության մասին: Հանրավոր համարո՞ւմ եք տարբեր գաղափարների դավանող ուժերի համագործակցությունը:
– ՀԱԿ կոչվածը ժամանակավոր բան է, ոչ ճանապարհ անցած, ոչ գաղափարական հստակություն ներկայացնող: Եթե քաղաքական ուժը փորձ ունի, շատ լավ է: Բայց մենք հայ մարդիկ ենք և գիտենք, որ ցանկացած մարդու հավատը չափվում է իր գործով: Որևէ գործով ՀԱԿ կոչվածի հավատը չափելու հնարավորություն մենք չունենք: Եթե բաժանում ենք մասերի և տեսնում, թե անցյալում ինչ են եղել, հակառակ տպավորությունն ենք ստանում: Հուսադրող ոչին չկա: Ժողովրդավարությանը դեմ են եղել, ազգային արժեքներին դեմ են եղել: Նրա ներսում գտնվող ուժերի մի մասը ևս ճանապարհ չեն անցել:
Դաշնացության համար ևս ուրախ չեմ: Բազմաթիվ նվիրյալներ եղել են դաշնկցության շարքերում, մեզ համար օրինակ են հանդիսացել: Բայց մեկ դարից ավելի պատմություն ունեցող այս կուսակցությունը մեր պատմության որևէ փուլում` մեզ որևէ նպատակի չի հասցրել: Ինչ նպատակ իր առջև դրել է, բոլորը կամ սին են դուրս եկել, կամ ձախողվել: Նրա անցած ճանապարհը նույնպես ինձ հույս չի ներշնչում:
Ինչ վերաբերում է “Ժառանգությանը”, թող կուսակցություն դառնա, նոր կտեսնենք: Ինձ համար զրոների գումարից որևէ բան չի ստեղծվում:
– Եվ մի վերջին հարց, ինչն այսօր հայտնվել է հայկական, և թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Կգնա՞, թե չի գնա Սերժ Սարգսյանը Թուրքիա:
– Նախագահն իր առջև սահման է դրել` կգնա, եթե վստահ լինի, որ սահմանները բացվելու են: Ժամանակային սահմանափակում կա, որի համար ես ուրախ եմ: Ժամանակային սահմանափակումը ֆուտբոլային հանդիպումն է: Այսօր ես` և նախագահի և վարչապետի ու իրենց շրջապատում չեմ տեսնում հետագա գործողությունների հստակ պատկերացում` որոշակի փաթեթ: Հայաստանը երեք նախագահ է ունեցել, տասը վարչապետ և գրեթե նույնքան էլ ԱԳ նախարար, բայց որևէ մեկը չի ներկայացրել իր պատկերացրած զարգացումների փաթեթը` արտաքրին քաղաքական դրսևորումների վերաբերյալ: Ճիշտ կլիներ, իհարկե, որ դա արվեր մինչև իշխանույան գալը:
Առաջիկայում ես որևէ նոր բան չեմ սպասում: Եվ գնալը էական չէ, և չգնալը: Էական կլիներ այն դեպքում, եթե մինչ այս մի հստակ փաստաթուղթ արդեն պատրաստված լիներ, և` գոնե նեղ շրջանակներում քննարկված, օրինակ` ազգային անվտանգության խորհրդում քննարկվեր հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը: Եթե ճանապարհներն առանց նախապայմանների բացելու ծրագիրը չի իրականանում, մենք ի՞նչ ենք անում`դիմում ենք Հաագային դատարան, ՄԱԿ և այլ կառույցների, և Ռուսաստանից պահանջում հրաժարվել 21թ. մարտի 16-ի պայմանագրից և այլն : Մենք պետք է հաշվի առնենք, որ գործում ենք տապալված կամ ընդհանրապես գոյություն չունեցող ռազմավարության պայմաններում: Ռազմավարական առումով ձախողված Հայաստանը` զուտ մարտավարական քայլ է անում: Եթե անգամ բացվի ճանապարհը, դա ոչինչ չի փոխում: Ապազգային ու անարժանապատիվ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դրած հիմքերը, շարունակում են վտանգել մեր երկիրը:
Սևակ ՀԱԿՈԲՅԱՆԻ












