Ստորագրված արձանագրություններ. Մհերը դո՞ւրս է գալիս քարանձավից
ArmAr.am- էլեկտրոնային օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում` Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փորձագետների վերլուծությունները` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին
Նման հարցադրումը, անշուշտ, շատերի համար խիստ զարմանահարույց կարող է լինել: Եվ դա պատահական չէ, քանզի դժվար է առաջին իսկ պահից «որսալ» երկու Մհերի և ստորագրված արձանագրությունների եղելության միջև որոշակի «կապը»: Եվ սա այն դեպքում, երբ ստորագրված արձանագրությունների դատապարտմանը միտված տեսակետները հիմնականում «կառուցվում» են թուրք-հայկական սահմանի բացմամբ Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի անխուսափելիության, Արցախի հարցում ՀՀ միակողմանի և կործանարար զիջումների, Հայոց ցեղասպանության ուրացման դրույթների հիման վրա: Դրույթներ, որոնք ոչ միայն լրջագույն հիմնավորման կարիք ունեն, այլև որոշակի տուրք են հայկական քաղաքական «զգացմունքայնությանն» ու ոչ հազվադեպ դրսևորվող անիրատեսությունը: Ասվածը բնավ չի նշանակում, թե ստորագրված արձանագրությունները հարցեր չեն կարող առաջացնել, մտահոգությունների առիթ չեն կարող դառնալ: Ավելին, դրանց գոյությունը միագամայն հասկանալի և ողջունելի պետք է համարել, քանի որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ տեսակետների բախումը, մասնագիտական բանավեճերը կարող են օգտակար լինել` հնարավոր ռիսկերի առավել ամբողջական բացահայտման և հաղթահարման ուղիների մշակման համար:
Փաստ է, որ արձանագրություններն արդեն ստորագրված են: Սակայն, համոզված ենք, դրանց հանդեպ հետաքրքրությունը չի կարելի բացատրել սոսկ թուրք-հայկական սահմանի բացման, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, արցախյան հակամարտության լուծման հետ կապված տարաբնույթ հարցերի կարևորության գիտակցումով: Բանն այն է, որ որոշակի նախապատրաստական շրջան անցած այս գործընթացը հայ ժողովրդի քաղաքական կյանքում նշանավորվեց մի իրադարձությամբ, որը խիստ պայմանականորեն կարելի է անվանել պրագմատիկ նախաձեռնողականություն, որը, օրինակ, ի տարբերություն ՀՀ նախկին նախագահների սաղմնային նախաձեռնողականության` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ դարձավ իրականություն: Ասվածն առավել առարկայական կդառնա, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ բոլոր նախագահներն էլ կողմ են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների (առանց նախապայմանների բարելավմանը, սակայն միայն ներկայիս նախագահի հետևողական քաղաքականությամբ նախորդ նախագահների «մտադրությունները» կյանքի կոչվեցին: Ուստի` որոշակիորեն տարօրինակ են այն ուժերը կամ մոտեցումները, որոնք ՀՀ նախագահի «ֆուտբոլային դիվանագիտությունն» աննահանջ դատապարտում են:
Միգուցե դա կարելի է բացատրել. ա) այդ մոտեցումների ոչ այնքան սկզμունքային, որքան իրավիճակային բնույթ ունենալու գործոնով, քանզի սկզբունքայնության պարագայում հետևողական քննադատությունից չպետք է խուսափեին ընդհանուր դիրքորոշում ունեցող ՀՀ բոլոր նախագահները, բ) այն հանգամանքով, որ «ֆուտμոլային դիվանագիտությունը» որակվեց որպես նախապայմանային, ինչը, բնականաբար, կարող էր հիմք հանդիսանալ համապատասխան քննադատության: Մինչդեռ, հարկ է փաստել, որ ստորագրված արձանագրու-թյունների տեքստում ՀՀ-ին հասցեագրված նախապայմաններ դեր յուրե չկան: Իսկ դա թույլ է տալիս պնդելու, որ բազմաթիվ քննադատողների համար արձանագրությունների տեքստում «արտացոլված» է ոչ միայն այն, ինչ հստակ կա, այլև այն, ինչ չկա, բայց «ցանկալի» է:
Պրագմատիկ նախաձեռնողականութունը, ի դեմս ստորագրված արձանագրությունների, անշուշտ, պետք է հայ իրականության որոշ շրջանակներում բավականին լուրջ հակազդեցության հանդիպեր, քանի որ այն կարծրատիպեր կազմաքանդող, մեր հոգեբարոյական նկարագրի որոշ թերիներին հակասող նախաձեռնություն էր:
Դարեր շարունակ բարոյական հաղթանակներով բավարարվող, սեփական ճակատագրի կերտման գործից խուսանավող, կողմնորոշումների դաշտում «ինքնորոշման» իր իրավունքը փնտրող, արդարա-մտությունը դրսից «աղերսող», «Սասնա Ծռեր»-ի Մհերի նման իր թերիների քարանձավում աշխարհի անարդարությունների դեմ «պայքարող» հայ ժողովրդին դժվար հասկանալի է այն, որ աշխարհի անարդարությունները չեն վերանա քարանձավում մնալով, սեփական խնդիրները չեն լուծվի, եթե իր նկարագրի խնդիրը չլուծվի: «Մենք այնքան անարժեք ենք թվում մեզ,- կարծես մեր օրերի համար գրում էր Նժդեհը,- որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որևէ բանի պատճառ, անգամ դժբախտության` մենք կարող ենք լինել: Ամեն ինչ լինում է գուցե մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից»: Այո՞, մենք մեզ համար այնքան անարժեք ենք թվում, որ կողմնորոշումների դաշտում ենք որոնում ինքնորոշման մեր իրավունքը, այլ ոչ թե ինքնորոշվածության դիրքերից սահմանում մեզ համար ցանկալի կողմնորոշումների շրջանակը: Այնքան անարժեք, որ մեր դիվանագիտական նախաձեռնությունները բացատրում ենք օտարածին (տվյա պարագայում` թուրքական) դիվանագիտության ամենազորության որոգայթներով, նորարարությունները` դավաճանությամբ, ինքնուրույնության կամքը` ինքնախաբեությամբ: Չենք ցանկանում հասկանալ, որ արտաքին ճակատում պարտությունները մեր ներքին պարտությունների արտահայտություններն են, որ ոչ մի ստորագրված արձանագրություն չի կարող Արցախի, Ցեղասպանության և այլ հարցեր լուծել, եթե ինքներս մեզ համար դրանք հստակ լուծել ենք: Մեզ համար էլ այսօր շատ դժվար է հավատալ մեր` գործոն լինելու հնարավորության գաղափարին: Հայկական քաղաքական կրավորականությունը մեզ հարազատել ենք իբրև սրբազան ճշմարտություն, որն էլ ցանկացած նախահարձակություն հոգեբանորեն անընդունելի է համարում, քանի որ համարվում է մեղանչում ճշմարտության դեմ: Պատահական չէ, որ դարեր շարունակ մեր կրավորական նկարագրին հարիր ճշմարտությունների մենիշխանությամբ ապրելով` մենք հիմնականում չկարողացանք լրջագույն հաջողություններ արձանագրել քաղաքական կյանքում: Չկարողացանք և չէինք էլ կարող, քանզի «ճշմարտությունների» վերանայման խնդիր ունենալով` չվերանայեցինք: Պատահական չէ, որ ռուս նշանավոր մտածող Պ. Սորոկինը տարբեր մշակույթների վերելքն ու անկումը բացատրում էր «ճշմարտությունների» մենիշխանությամբ, այնպիսի «ճշմարտությունների», որոնք համահունչ չէին իրականության թելադրանքներին: «Վաղ թե ուշ,- գրում է Պ. Սորոկինը,- գալիս է պահ, երբ այն (նկատի ունի ժողովուրդների սոցիալ-մշակութային կյանքը – Ա. Սարգըսյան) կանգնում է այլընտրանքի առջև. կամ շարունակել զարգացումը տվյալ ուղղությամբ և վերապրել ամբողջական ատրոֆիա, կամ էլ փոխել իր ընթացքը, ճշմարտութան, իրականության և մշակութային արժեքների առավել կենսունակ համակարգով»: Հակառակ պարագայում, ըստ Սորոկինի, մշակույթները կդառնան սոսկ թանգարանային նմուշ, կլինեն նյութ առավել ուժեղ, կենսունակ և ստեղծագործ մշակույթների համար: Այս տեսանկյունից արձանագրությունների ստորագրման ողջ գործընթացը ողջունելի պետք է համարել, քանի որ դրանում նկատվում է միտվածություն դեպի մեր քաղաքական մշակույթի բարեփոխում, քաղաքական «սենտիմենատիլիզմից» կամ ոչնչապաշտությունից անցում դեպի քաղաքական իրատեսություն: «Մուրացկանություն և լալկանություն, – ժամանակին գրում էր Նժդեհը,- մի ամբողջ ժամանակի հոգեբանություն, քաղաքական մեր միակ զենքը: Լալկանությունը, սակայն, ապացույց է հոգևոր տհասության կամ անարիության: Մուրացկանությունը զզվելի է ընդհանրապես: Մուրացկանին օգնում են ոչ միայն կարեկցանքից դրդված, այլև հաճախ զզվանքից: Ավելի սարսափելի է քաղաքական մուրացկանությունը, քանի որ քաղաքականության մեջ կարեկցանք չկա, իսկ զզվանք` շատ քիչ»:
Վերոգրյալի համատեքստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը, կարծում ենք, պատշաճում է մեծանուն հայի` Գարեգին Նժդեհի «վճռական մենակի» գործունեության բնութագրին, քանի որ նկատվում է հստակ նպատակ և դրան հասնելու վճռական կամք: Իհարկե, ասվածը չի նշանակում, թե իր նախաձեռնողության հարցում նախագահը չունի համախոհներ կամ կողմնակիցներ, դա պարզապես նշանակում է ինքնուրույն կերպով ազգային շահերին հետամուտ լինելու նախագահական հավատ և վճռականություն:
Այսպիսով, խնդրահարույց արձանագրություններն ինքնին չեն վկայում Հայաստանի պարտվողական քաղաքականության մասին, դրանք հավաստումն են այն բանի, որ մեր պետության քաղաքականությունն այսօր նպատակ ունի հաղթահարել բարոյական հաղթանակներով բավարարվելու բարդույթը, խնդիր ունի մեզ համար կարևոր հարցերի բարձրաձայնման համար լրացուցիչ «խոսափող» ունենալ նաև Թուրքիայում, Մհերին քարանձավից «դուրս բերելով»` ցանկություն ունի իրական մասնակիցը դառնալ աշխարհի և մեր կյանքի փոփոխման գործի: Հուսով ենք, որ ստորագրված արձանագրությունների արդյունքները կլինեն իրատեսական և շոշափելի, նախաձեռնությունը կդիմանա պատմության ու ժամանակի «փորձաքննությանը»:
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
փիլիսոփայական գիտությունների թեկնածու
ArmAr.am












