Euronews-ը նույնպես արցախյան հարցի լուծումը կապում է հայ-թուրքական հարաբերությունների հետ
Euronews-ը ցուցադրել է «Փոփոխություններ բերող քամին Լեռնային Ղարաբաղում» ֆիլմ Արցախի մասին, որը հարուցել է ադրբեջանցիների դժգոհությունը: Սակայն չենք կարող չնշել, որ վերոնշյալ ֆիլմում առկա են նաև մտահոգիչ անճշտություններ: Այսպես. օրինակ՝ հայերի կորուստները 7 հազարի փոխարեն նշված է` 17 հազար, ԼՂՀ-ի տարածքը երկու անգամ փոքր է ներկայացվում:
Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը և որոշ գերտերություններ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ պարբերաբար հայտարարություններ են անում, թե հայ-թուրքական գործընթացը ոչ մի կապ չունի Արցախի հարցի հետ, ապա Euronews-ի սխալներից մեկն էլ այն էր, որ ֆիլմի վերջում ասվում էր, թե հայ-թուրքական վերջին գործընթացներ հույս են ներշնչում, որ Արցախում խաղաղություն կլինի[1]: Բացի այդ, հայ-թուրքական զարգացումները, ըստ կարևորության, համեմատվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ: Դժվար է հավատալ, որ ֆիլմում պատահաբար է կապվել Արցախի հարցը հայ-թուրքական գործընթացների հետ, որովհետև ողջ ֆիլմի տրամաբանությունը կառուցված է դրա հիման վրա:
Euronews-ի լրագրողը նշել է որոշ փաստեր ադրբեջանական կողմի բողոքների պատճառ են դարձել: Օրինակ ֆիլմում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական, քրիստոնեական տարածք է, որ այստեղ կան հարյուրավոր հայկական եկեղեցիներ, խոսվում է Բաքվում և Սումգայիթում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին:
Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ Euronews-ի ֆիլմը ամբողջովին հիմնված է «հայկական միֆոլոգիայի վրա և ոչ մի կապ չունի իրականության հետ»[2]: Փաստորեն ադրբեջանցի քաղաքագետը (քաղաքագետ ադրբեջանական կողմի ձևակերպմամբ) միֆոլոգիա է համարում Արցախում հայկական մշակույթի, հայկական եկեղեցիների, պատմականորեն հայերի գոյությունը, ինչից պարզ է դառնում, որ այստեղ միակ, սեփական միֆոլոգիական դաշտում ապրողներն ադրբեջանցիներն են:
Սակայն ադրբեջանցիների,հորինովի միֆերով ապրելն աշխարհի համար այդքան էլ կարևոր չէ, որքան նրանց ձգտումը՝ իրերի սեփական սխալ պատկերցումները հրամցնել աշխարհին, ինչը երբեմն ստանում է հիվանդագին դրսևորումներ:
Օրինակ Վաֆա Գուլուզադեն Ադրբեջանի արտգործնախարարությանն ասել է, որ անհրաժեշտ է Euronews-ը ներկայացնող բոլոր երկրների դեսպաններին հրավիրել արտգործնախարարություն և բողոքի նոտա հղել նրանց երկրներին: Բացի այդ ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ պետք է դատի տալ Euronews-ին:
Չբավարարվելով այդքանով, ադրբեջանցի քաղաքագետը Euronews-ի ֆիլմը մեկնաբանել է որպես «քրիստոնեական արմատականության» դրսևորում:
Այսպիսով, ադրբեջանցիների մոտ միտում է դառնում հայ-ադրբեջանական հակամարտությունը ներկայացնել որպես քրիստոնեա-իսլամական հակամարտություն, ինչը հղի է շատ վտանգավոր հետևանքներով:
Վահրամ Միրաքյան
ArmAr.am
[1] http://ru.euronews.net/2009/11/28/winds-of-change-in-nagorno-karabakh/
[2] Вафа Гулузаде: «На Евроньюс нужно подать в суд», http://1news.az












