Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Արտյուշա Շահբազյան. «Դատական հայց ներկայացվի ՀՀ արտգործնախարարության դեմ»

Դեկտեմբեր 2, 2009թ. 17:27

«Արցախ» ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն անդրադարձավ երեկ ՀՅԴ և 11 կուսակցությունների կողմից արված հայտարարությանը, ըստ որի, այդ կուսակցությունները՝ միավորելով ուժերը, պետք է պայքարեն, որպեսզի հայ-թուրքական արձանագրություններն այն տեսքով, որ ներկայումս կան, չվավերացվեն։

Նշվեց, որ բացի այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրության 83,5 հոդվածի 9-րդ կետին, խախտվել են նաև ՀՀ օրենքով սահմանված միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերը։

«Առաջիկայում այդ հարցը մենք ավելի բարձրաձայն կարծարծենք, և չեմ բացառում, որ կարող է նաև դատական հայց ներկայացվի ՀՀ արտգործնախարարության դեմ»,- ասաց Ա. Շահբազյանը։

ՀՅԴ-ն արձանագրությունների վավերացումը թույլ չտալու երկու հիմնական ճանապարհ է տեսնում։ Նախ, ազդել ՍԴ անդամների վրա։ Եթե այնուամենայնիվ ՍԴ-ն դրանք ճանաչի ՀՀ Սահմանադրությանը չհակասող, և իր եզրակացության հետ միասին փոխանցի խորհրդարան, պետք է աշխատանք տանել՝ խորհրդարանում դրանց վավերացումը կանխելու համար։ «Այժմ պատրաստում ենք փաստաթղթեր, որտեղ ներկայացվում է արձանագրությունների անհամապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ անկախության մասին հռչակագրին։ Առաջիկայում նամակներով կդիմենք ՍԴ անդամներին, որպեսզի նրանք այս արձանագրությունները ճանաչեն ՀՀ Սահմանադրությանը հակասող»։

Բացի այդ, ՀՅԴ-ի կոչով արդեն իսկ սկսվել է ստորագրահավաք. ընտրողները պետք է դիմեն պատգամավորներին պահանջելով, որպեսզի, եթե արձանագրությունները` այս տեսքով, հասնեն խորհրդարան, վերջիններս դրանց դեմ քվեարկեն։

Իսկ եթե, այնուամենայնիվ, արձանագրություններն այս տեսքով վավերացվեն, ապա ՀՅԴ-ն կշարունակի իր պայքարը։«Այն ժամանակ արդեն աշխատանք կսկսվի այդ պայմանագրերը չեղյալ հայտարարելու ուղղությամբ։ Գուցե դա ավելի երկարատև մի գործընթաց դառնա, բայց մենք գնալու ենք դրան։ Եթե արձանագրություններն այդ տեսքով վավերացվեն, մենք չենք հաշտվի դրա հետ»,- եզրափակեց ՀՅԴ ներկայացուցիչը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն