Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն

Ադրբեջանական քարոզչության նպատակները

Դեկտեմբեր 3, 2009թ. 11:52

picresizeԴավիթ ՋԱՄԱԼՅԱՆ

հոգեբանական գիտ. թեկնածու

Գաղտնիք չէ, որ հրադադարի հաստատումից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է բարոյահոգեբանական հարթություն: Ավելին. ակնհայտ իրողություն է նաև այն, որ հայկական երկու պետությունները վերջին տարիներին վերածվել են ադրբեջանական հոգեբանական պատերազմի թիրախի:

Մեր համոզմամբ, տարիներ շարունակ ՀՀ և ԼՂՀ դեմ թշնամու ծավալած հոգեբանական պատերազմը լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու նախապատրաստության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Կարծում եմ, որ

ադրբեջանական նոր ռազմական արկածախնդրության հավանականությունը էապես կմեծանա միայն այն դեպքում, երբ թշնամին համոզվի, թե ՀՀ և ԼՂՀ հանրույթների հանդեպ ձեռք է բերել բարոյահոգեբանական գերազանցություն: Այդպիսի գերազանցություն ձեռք բերելու նպատակով ադրբեջանական քարոզչությունը աշխատում է երեք ուղղություններով: Մասնավորապես, որպես ադրբեջանական քարոզչության թիրախ հանդես են գալիս.

ա. սեփական երկրի հանրությունը,

բ. ՀՀ և ԼՂՀ հանրությունը

գ. միջազգային հանրությունը

Բնական է, որ այս ուղղություններից յուրաքանչյուրի դեպքում թշնամու քարոզչության նպատակները տարբեր են:

Մշակելով սեփական երկրի բնակչության գիտակցությունը` ադրբեջանական քարոզչությունը ձգտում է արմատավորել հայի` իբրև արյունարբու թշնամու կերպարը, խորացնել հայության հանդեպ տոտալ ատելությունը: Ալիևյան վերնախավի հաշվարկը պարզ է. ադրբեջանական հանրությունը պետք է պատրաստ լինի պատերազմի վերսկսմանը ցանկացած պահի: Այդ նպատակով հարկավոր է հայատյացության քարոզչությամբ ադրբեջանական հանրույթի գիտակցության մեջ հասունացնել նոր հաղթական պատերազմի անհրաժեշտության դիրքորոշումը: Ասվածի վկայությունը ալիեվյան վերնախավի ռազմամոլ-ռևանշիստական հռետորաբանությունն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ադրբեջանական հանրությանը հաղթական պատերազմին հոգեբանական նախապատրաստություն:

Մեր համոզմամբ, ներկայումս Ադրբեջանում հայատյացությունը դիտարկվում է իբրև հավանական պատերազմում հաղթելու հիմնական հոգեբանական ռեսուրս: Ընդ որում, ադրբեջանական կառավարող վերնախավին հայատյացությունն անհրաժեշտ է լինելու պատերազմի ողջ ընթացքում:

Բանն այն է, որ ռազմական հոգեբանները վաղուց նկատել են, որ հարձակողական պատերազմին անգամ բարոյահոգեբանորեն լավ նախապատրաստված հասարակության հայրենասիրական դիրքորոշումները միտված են աստիճանաբար թուլանալ` պատերազմի ձգձգվելուն զուգահեռ: Պատերազմի հետևանքով անխուսափելի սոցիալ-տնտեսական զրկանքների, մարդկային կորուստների թվի աճի ազդեցության տակ հարձակվող երկրի հասարակության հայրենասիրական դիրքորոշումները հետզհետե փոխարինվում են հակապատերազմական դիրքորոշումներով: Այս հանգամանքով է նաև պայմանավորված այն, որ ներկայումս ռազմական հակամարտության մեջ ներքաշված ցանկացած երկիր ձգտում է հաղթանակը ձեռք բերել օր առաջ` քանի դեռ սեփական հանրությունը չի համակվել հակապատերազմական դիրքորոշումներով: Նոր հարձակողական պատերազմի վերսկսումից որոշ ժամանակ անց մարդկային ահռելի կորուստները, կենսամակարդակի անկումը կոտրելու է ադրբեջանական հանրույթի մարտական ոգին: Կարծում եմ, ալիևյան վերնախավը հստակորեն գիտակցում է այդ հեռանկարը, և որպես վերջինս կանխելու հիմնական միջոց դիտարկում հայատյացությունը:

Վերը նշվածից զատ հայատյացության քարոզչությունն ու ռազմամոլ հռետորաբանությունը նպատակ ունի նաև Իլհամ Ալիևի շուրջ ձևավորել հայրենասեր առաջնորդի կերպար, ինչը թույլ կտա քողարկել ալիևյան կլանի կողմից երկրի նավթային ռեսուրսները մոնոպոլիզացնելու հանգամանքը:

ՀՀ և ԼՂՀ բնակչության դեմ ուղղված ադրբեջանական քարոզչության նպատակն է թուլացնել հայկական երկու պետությունների պաշտպանունակության բարոյահոգեբանական հիմքերը, հոգեբանորեն պարտության մատնել հայաստանյան հանրույթին դեռ մինչև պատերազմ սկսելը` այդպիսով դյուրացնելով ռազմական հաղթանակը: Այս նպատակն իրականացնելու համար ադրբեջանական կողմը փորձում է հայաստանյան հանրույթի մոտ Արցախի հանդեպ ձևավորել ժխտողական դիրքորոշումներ: Մասնավորապես. հասունացնել Արցախը Ադրբեջանին զիջելու դիրքորոշումը` հիմնավորելով այն նոր պատերազմ թույլ չտալու անհրաժեշտությամբ: Այսպիսի «խաղաղասիրությունը» կոչված է Արցախը ներկայացնել որպես հայաստանյան հանրույթի խաղաղ ապագայի սպառնալիք: Հայաստանյան հանրույթի շրջանում վարկաբեկել Արցախի ազատագրման և հաղթանակին տեր կանգնելու գաղափարը` ներկայացնելով Արցախը իբրև Հայաստանի տնտեսական զարգացման խոչընդոտ, երկրի սոցիալ-տնտեսական պրոբլեմների պատճառ:

Այսպիսի հնարներով ադրբեջանական քարոզչությունը ձգտում է նվազեցնել նոր հարձակողական պատերազմի ռիսկերը` մասնավորապես, Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ հայության համախմբվելու հավանականությունը:

Ադրբեջանական քարոզչության այս խարդավանքները իրավամբ կարելի է որակել իբրև հոգեբանական դիվերսիա հայաստանյան հանրույթի դեմ: Ադրբեջանական քարոզչամեքենան Արցախը զիջելու գաղափարը զուգորդում է յուրաքանչյուր մարդու համար ընդունելի արժեքների` խաղաղության, բարեկեցիկ կյանքի, իսկ հայրենիքը պաշտպանելու գաղափարը` պատերազմի, զոհերի, զրկանքների հետ:

Հայության համար պետք է հստակ լինի. Արցախի կորուստը նշանակում է հայոց պետականության կորուստ և ահա` թե ինչու: Ազատագրված Արցախի գոյությունը անիրականանալի է դարձնում ադրբեջանական պետականության համար հույժ կարևոր ռազմավարական մեկ այլ խնդիր` Նախիջևանի միավորումը «մայր Ադրբեջանին»: Բոլորիս համար ակնհայտ է, որ այդ նպատակը ենթադրում է Սյունիքի զավթում: Բնավ պատահական չէ Զանգեզուրի` պատմական ադրբեջանական տարածք լինելու մասին վերջերս Նախիջևանում Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը, որն ըստ էության ադրբեջանական հեռահար զավթողական նպատակների հերթական վկայությունն է: Կրկնենք. ադրբեջանական քաղաքական էլիտայի համար Սյունիքի զավթումը այսօր դեռևս անիրականանալի երազանք է և այդպիսին կմնա միայն ազատագրված Արցախի գոյությամբ:

Եվ վերջապես. ադրբեջանական քարոզչամեքենան ինտենսիվորեն աշխատում է նաև հավանական հարձակողական պատերազմը միջազգային հանրության համար ընկալելի, ընդունելի դարձնելու ուղղությամբ: Այս դեպքում ադրբեջանական քարոզչության նպատակն է վարկաբեկել արցախահայության ազատագարական պայքարը, և իրական ագրեսորին` Ադրբեջանին ներկայացնել իբրև սեփական տարածքները «հայկական օկուպացիայից ազատագրող» կողմ: Պատահական չէ, որ միջազգային կազմակերպություններում ադրբեջանական մեծ ու փոքր տրամաչափի պաշտոնյաները խոսելով «հայկական ագրեսիայի» մասին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անվանում են«անջատողական ռեժիմ», իսկ արցախահայությանը` «ագրեսիվ անջատողականներ»:


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն