Կեղծիքը դատապարտված է
Զրույց տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ
– Պարոն Մարտիրոսյան, ըստ շրջանառվող կարծիքների` ադրբեջանցիները հայերի դեմ տեղեկատվական պայքարում որոշակի առավելություն ունեն: Ինչպե՞ս կգնահատեք, այսպես ասած, քարոզչական պատերազմի արդյունքները:
– Քարոզչական պատերազմում Ադրբեջանը մինչ օրս օգտագործել է բոլոր հնարավոր միջոցները, տեղեկատվական պայքարը կազմակերպվել եւ վերահսկվել է պետական մակարդակով, ծախսվել են ահռելի ֆինանսական միջոցներ: Քարոզչությունը ուղղված է եղել երեք հիմնական լսարանի՝ միջազգային, ներքին եւ հայկական: Արտերկրում մեծ տպաքանակով հրատարակվել եւ տարածվել են ինչպես հայ-ադրբեջանական հակամարտությանը, այնպես էլ երկու երկրների պատմությանը, մշակույթին, ծագումնաբանությանը նվիրված գրքեր, որտեղ պատմությունը նենգափոխելու գործում հավասարը չունեցող թուրք պատմաբանները զետեղել են անհիմն ու արտառոց հրապարակումներ, բնականաբար՝ ի շահ ադրբեջանցիների եւ ի վնաս հայ ժողովրդի: Ամբողջ աշխարհում տարբեր լեզուներով լույս տեսնող ադրբեջանական թերթերը տարածել են ապատեղեկատվություն ու զրպարտանք: Էլեկտրոնային լրատվամիջոցները աշխատել են նույն ակտիվությամբ: Ադրբեջանական կողմը մշտապես հրապարակել է սեփական երկրի ուժն ու բանակի մարտունակությունը գովերգող նյութեր, զուգահեռաբար, բացահայտ ապատեղեկատվություն է տարածել հայկական բանակի եւ հայ հասարակության կացության մասին:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մինչ վերջերս տեղեկատվական-քարոզչական պայքարը չի կազմակերպվել պետական մակարդակով, իրականացել է տարերայնորեն, անհատների կամ խմբերի նախաձեռնությամբ: Մեծ դերակատարում են ունեցել սփյուռքի լոբբիստական գործոնը, ինչպես նաեւ պատմաբանների, արվեստագետների կամ զանազան հայկական կազմակերպությունների ջանքերով հրատարակած գրքերը, էկրանավորած ֆիլմերը, կազմակերպած գիտական սեմինարները, ինտերնետային կայքերը եւ այլն: Դժվար չի նկատել, որ տարերային գործունեությունը, բնականաբար, չէր կարող նույնքան արդյունավետ լինել, որքան ծրագրավորված, պետության պատվերով իրականացվող աշխատանքը:
– Իսկ ինչո՞ւ են ադրբեջանցիներն այդքան եռանդուն քարոզչական պատերազմում, եւ ինչո՞ւ հայկական կողմը պատշաճ հակազդեցություն չի իրականացրել:
– Ադրբեջանական կողմին խթանել է, այսպես ասած, պարտվողի բարդույթը: Ադրբեջանը հավաքել է ողջ ուժերը՝ հետ բերելու այն, ինչը վաղուց ու անվերադարձ կորցրել է: Ադրբեջանը գիտի, որ եւ պատմական իրողությունները, եւ վերջին տասնամյակների իրադարձությունները իր օգտին չեն խոսում, որ իր տեղեկատվական պայքարը պիտի հիմնված լինի ստի, կեղծիքի, նենգափոխումների ու զրպարտանքի վրա, ու գործի է դրել քարոզչական պատերազմի ողջ զինանոցը:
Հայկական կողմին ինքնաթմբիրի մեջ է գցել այն միտքը, որ ճշմարտությունն ու արդարությունն իր կողմն են, որ ինքը հզոր է հենց ճիշտ ու արդար լինելու հանգամանքով, որ ադրբեջանական բացահայտ կեղծիքը դատապարտված է անարգանքի ու մերժման: Մենք չենք օգտագործել նույնիսկ ամենաակնառու հակափաստարկները: Օրինակ՝ Ադրբեջանը հակառուսական տրամադրություններ ունեցող երկրներում հակահայկական կրքեր արթնացնելու նպատակով երկար ժամանակ շահարկում էր Ղարաբաղյան պատերազմում ռուսների վճռորոշ մասնակցության վարկածը, բառացիորեն պնդելով, որ Ղարաբաղում հաղթել է ռուսական բանակը: Մինչդեռ մենք շատ լավ գիտենք, որ խորհրդային բանակը հենց Ադրբեջանին է օժանդակել: Հիշենք, թեկուզ «Կոլցո» օպերացիան: Ադրբեջանական քարոզչությունը կարող էր ավելի մեծ նվաճումներ արձանագրել, ավելի մեծ ազդեցություն ունենալ լսարանի, թիրախային խմբերի վրա, եթե չլիներ այդքան ստահոդ ու անհիմն, եթե «Հեյդար Ալիեւ» հիմնադրամից ստացվող մեծ դրամաշնորհների զգալի մասը չփոշիացվեր:
– Վերջին շրջանում ադրբեջանական քարոզչությունն ավելի հաճախ է անդրադառնում հայկական բանակին: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Այո, ի տարբերություն նախկին համակողմանի հարձակման, վերջերս Ադրբեջանն ընտրել է երկու թիրախ՝ բանակ եւ տնտեսություն: Անընդհատ հրապարակվում են հայկական բանակի «անմխիթար» վիճակը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության «անկումը» նկարագրող նյութեր: Միանգամայն հասկանալի է Ադրբեջանի մեծ ուշադրությունը հայկական բանակի հանդեպ, որովհետեւ գնալով խորանում է հայկական եւ ադրբեջանական բանակների տարբերությունը. հայկական բանակը օր օրի զարգանում է, բարձրանում են կենսամակարդակը, պրոֆեսիոնալիզմը, մարտական ոգին, բարելավվում է բարոյահոգեբանական վիճակը, իսկ ադրբեջանական բանակը նույն տեմպերով հետընթաց է արձանագրում: Նույնիսկ բաց տեղեկատվությունից ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը պարզապես հանցածին է, բանակը ղեկավարում են ամենատարբեր մակարդակի «հեղինակությունները», զանազան «միջադեպերի» զոհ են գնում բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ, կտրուկ տեմպերով աճում է սպանությունների, ինքնասպանությունների, ինքնախեղումների, դասալքումների քանակը: Ադրբեջանցի զինվորները, չնայած ծախսվող ահռելի ֆինանսական միջոցներին, թերսնված են: Բերեմ մի բնորոշ օրինակ ադրբեջանական բանակում տիրող անհեթեթ բարքերի վերաբերյալ: Սննդի մատակարարումը ադրբեջանական բանակում իրականացվում է ոչ թե կենտրոնացված համակարգով, այլ անհատական, այսինքն՝ յուրաքանչյուր գնդի հրամանատար ստանում է համապատասխան գումար եւ իր զինվորների համար սնունդ է գնում: Թե ստացվող գումարի ո՞ր մասն է սննդի ձեւով հայտնվում զինվորի սեղանին, դժվար չէ կռահել, մանավանդ՝ եթե հիշենք, որ խոսքը Ադրբեջանի պես անօրեն ու կոռումպացված երկրի մասին է:
– Պարոն Մարտիրոսյան, մի՞թե մենք ադրբեջանական կայքերից պիտի իմանանք մեր բանակի վիճակի մասին: Ո՞ւմ են հասցեագրված մեր բանակի մասին տարածվող ստահոդ լուրերը:
– Հայկական բանակը վարկաբեկող լուրերը եւ Ադրբեջանի ներքին սպառման համար են, եւ հայկական կողմի համար: Հայկական զինուժը նսեմացնող նյութերը առաջին հերթին պետք են ադրբեջանցի զինվորներին ու ժողովրդին, որպեսզի մեղմեն վախը, որպեսզի ասեն, թե միայն իրենք չեն ծանր վիճակում, Հայաստանում վիճակը էլ ավելի վատ է: Հայաստանի տնտեսության օրհասական վիճակի եւ Հայաստանի սովահար բնակչության մասին տարածվող ինֆորմացիան դարձյալ նույն հեռահար նպատակն ունի. սեփական ժողովրդին համոզել, որ միայն իրենք չեն քաղցած: Իսկ ադրբեջանական բանակի հզորության եւ ադրբեջանցի ժողովրդի ծաղկող կենսամակարդակի մասին հրապարակումները մեր զինվորների ու ժողովրդի համար են: Խնդիրը մեկն է՝ վախ ներշնչել, վերահաս պատերազմի սպառնալիքով խուճապ առաջացնել հայ հասարակության եւ զինվորների շրջանում:
Ադրբեջանական կողմը փաստարկում է Իլհամ Ալիեւի արդյունավետ քաղաքականությամբ նոր ու մարտունակ բանակ կազմավորելու վարկածը, սակայն մենք գիտենք, որ ադրբեջանական բանակի գեներալները եւ բարձրաստիճան սպաները Արցախյան պատերազմում ջախջախիչ պարտություն կրած նույն զինվորականներն են: Պաշտպանության նախարար Աբիեւը Արցախում պարտված հրամանատարներից է: Ի դեպ, նա Ադրբեջանի ամենաերկարակյաց ու ամենակոռումպացված նախարարն է՝ կաշառակերի հաստատուն համբավով: Ադրբեջանցիները հաճախ իրենք են խճճվում իրենց ստի մեջ եւ արժանանում տրամագծորեն հակառակ արձագանքի: Հայկական բանակի՝ սովամահ լինող զինվորների մասին երկար-բարակ խոսելուց հետո ինտերնետում հայտնվում են հայ շարքայինների լուսանկարներ՝ գարեջրի շշերը ձեռքին կերուխում անելիս: Հայտնի չէ, թե իրականում ովքեր էին նկարում, բայց թմբլիկ, թիկնեղ, ինքնավստահ զինվորները հակառակ ազդեցությունը թողեցին ադրբեջանցիների վրա: Կամ՝ որպես Աղդամի մատույցներում տեղի ունեցած ընդհարման ժամանակ զոհված հայ զինվոր՝ ներկայացվել էր զոհված վրացի զինվորի լուսանկար, ինչը արագ պարզվեց եւ զավեշտալի դրության մեջ գցեց ադրբեջանական կողմին:
– Դուք զրույցի սկզբում ասացիք, որ մինչեւ վերջերս Հայաստանը պետական մակարդակով չի կանոնակարգել տեղեկատվական պայքարը: Ի՞նչ զարգացումներ կան այսօր, ենթադրվում է, որ պետությունն արդեն որոշակի գործունեություն է ծավալում:
– «Տեղեկատվության անվտանգության հայեցակարգը» ընդունելուց հետո պետական քարոզչամեքենան օգտագործում է հակազդեցության լծակները եւ ներքին սպառման դաշտում, եւ արտաքին: Ստեղծվել են տարբեր շահագրգիռ խմբեր, որոնք իրականացնում են տեղեկատվական-քարոզչական գործունեություն: Սումգայիթյան ոճրագործության 40 հատորանոց արխիվն այսօր ուսումնասիրվում է, որպեսզի դառնա հրապարակումների նյութ: Աշխուժացել է աշխատանքը ինտերնետում: Եվ պետական կայքերում, եւ բլոգերների մակարդակով հայկական կողմի դիրքորոշումն ու ադրբեջանցիների կեղծարարությունները մերկացնող հրապարակումները հասցվում են լսարանին: Պատահական չէ, որ օր օրի ավելանում է հայկական կայքեր այցելողների թիվը:
– Պարոն Մարտիրոսյան, Հայաստանի ընդդիմադիր մամուլը երբեմն հրապարակում է այնպիսի հոդվածներ, որոնք պարզապես ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին: Մինչեւ անգամ որոշ լրատվամիջոցներ արտատպում են ադրբեջանական կայքերում զետեղված հակահայկական ուղղվածության նյութերը:
– Հակառակորդ երկրի մամուլը համարվում է քարոզչական պատերազմի երկրորդ էշելոնը: Մեր լրագրողները պետք է վեր կանգնեն կուսակցական, խմբային շահերից, իշխանություններին քննադատելու գայթակղությունից եւ զանազանեն պետության, հասարակության շահը նեղ-անձնային ձգտումներից: Եղել են դեպքեր, երբ մեր լրագրողները հրապարակել են ադրբեջանական կայքերի՝ հայկական բանակին վերաբերող ապատեղեկատվությունը այն դեպքում, երբ ճշտված չի եղել անգամ լուրի սկզբնաղբյուրը: Խոսվում է սահմանային ընդհարումների, հայկական կողմի զոհերի մասին՝ առանց նշելու տեղեկատվության աղբյուրը: Եվ այդ նյութը մեր որոշ լրագրողների թեթեւ ձեռքով տարածվում է Հայաստանում:
– Ասվածից չի բխում, թե չի կարելի քննադատել բանակում առկա թերությունները, բայց այս դեպքում ավելի քան պետք է հաշվի առնել լսարանի արձագանքը, հրապարակման հետեւանքները:
– Իրավիճակը, պետական շահերը, հասարակության խնդիրներն իրենք են թելադրում ազատությունների եւ սահմանափակումների չափը:
– Ինչպե՞ս կգնահատեք գերատեսչական լրատվամիջոցների աշխատանքը, պետական գաղափարախոսության առկայությունը լրատվական դաշտում, ազգային գաղափարների քարոզչությունը:
– Ազգային գաղափարների եւ արժեքների քարոզը պետական լրատվամիջոցների մենաշնորհը չէ: Պաշտպանության նախարարության հեռուստածրագրերը, «Հայ զինվոր» թերթը ունեն գերատեսչական լրատվության հարիր պաշտոնական ոճ, թեմատիկ սահմանափակումներ եւ, ըստ այդմ, չեն կարող հետաքրքրել մեծ լսարանի: Սակայն այդ ամենով հանդերձ, դրանք խիստ անհրաժեշտ են եւ մեծ գործ են կատարում: Զուգահեռաբար, անհրաժեշտ են այլընտրանքային հրապարակումներ, հեռուստահաղորդումներ, հոդվածներ ուրիշ ԶԼՄ-ներում, որտեղ ազգային գաղափարախոսության ու բանակի վերաբերյալ քարոզչությունը կլինի ենթատեքստում, կմատուցվի լսարանին ավելի հետաքրքիր ձեւով:
– Պարոն Մարտիրոսյան, հայտնի՞ է, թե ինչ ազդեցություն է ունենում հայկական քարոզչությունը ադրբեջանական լսարանի վրա:
– Մեր քարոզչությունն իր չափերով ու կազմակերպվածությամբ զիջում է ադրբեջանականին, սակայն մենք ունենք մի խոշոր առավելություն. մեր քարոզչությունը հիմնված է օբյեկտիվ տեղեկությունների վրա: Ադրբեջանական քարոզչությունն այդ առումով շատ խոցելի է: Տարիներ առաջ ադրբեջանական հասարակության վրա մեծ ազդեցություն գործեց Արցախի բանակի շքերթը Անկախության տարեդարձի կապակցությամբ: Ադրբեջանի իշխանությունները փորձում էին համոզել իրենց ժողովրդին, որ Արցախի բանակը զինված է հնամաշ, անպետք տեխնիկայով, որ զինվորները քրքրված շորերով են, սոված են, չեն տիրապետում զինվորական գործին, ու հանկարծ շքերթի ժամանակ հրապարակ են մտնում կուռ շարքերով քայլող զինվորներ, ժամանակակից զինտեխնիկան:
– Իմ տպավորությամբ՝ չնայած ակտիվ քարոզչությանը, ադրբեջանցի ժողովուրդն այսօր չի հավատում սեփական բանակի հզորության, Ադրբեջանի սպասվող բարեկեցության առասպելին եւ բոլորովին էլ չի խրախուսում Իլհամ Ալիեւի ռեւանշիստական հոխորտանքները:
– Ադրբեջանի ժողովուրդը վախենում է պատերազմից, վախենում է հայկական բանակից: Ադրբեջանական քարոզչամեքենան ապարդյուն ճիգեր է անում՝ մեղմելու վախի բարդույթը: Այսինքն՝ չնսեմացնելով քարոզչության նշանակությունը, այդուամենայնիվ, պիտի փաստենք, որ կյանքից կտրված, իրական հենք չունեցող տեղեկատվությունը, ի վերջո դատապարտված է եւ չի կարող գլոբալ խնդիրներ լուծել:
Հարցազրույցը` Գայանե Պողոսյանի
«Հայ զինվոր» 2 – 9 դեկտեմբերի












