Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանական բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը պարզապես հանցածին է»

Դեկտեմբեր 3, 2009թ. 18:16

azerՎերջին շրջանում ադրբեջանական քարոզչությունն ավելի հաճախ է անդրադառնում հայկական բանակին, թե ինչո՞վ է պայմանավորված երևույթը` տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեկնաբանել է այս կերպ.

«Ի տարբերություն նախկին համակողմանի հարձակման, վերջերս Ադրբեջանն ընտրել է երկու  թիրախ՝ բանակ եւ տնտեսություն: Անընդհատ հրապարակվում են հայկական բանակի «անմխիթար» վիճակը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության «անկումը» նկարագրող նյութեր:

Միանգամայն հասկանալի է Ադրբեջանի մեծ ուշադրությունը հայկական բանակի հանդեպ, որովհետեւ գնալով  խորանում է հայկական եւ ադրբեջանական բանակների տարբերությունը. հայկական բանակը օր օրի զարգանում է, բարձրանում են կենսամակարդակը, պրոֆեսիոնալիզմը, մարտական ոգին, բարելավվում է բարոյահոգեբանական վիճակը, իսկ ադրբեջանական բանակը նույն տեմպերով հետընթաց է արձանագրում:  Նույնիսկ բաց տեղեկատվությունից ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը պարզապես հանցածին է, բանակը ղեկավարում են ամենատարբեր մակարդակի «հեղինակությունները», զանազան «միջադեպերի» զոհ են գնում բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ, կտրուկ տեմպերով աճում է սպանությունների, ինքնասպանությունների, ինքնախեղումների, դասալքումների քանակը:

Ադրբեջանցի զինվորները, չնայած ծախսվող ահռելի ֆինանսական միջոցներին, թերսնված են: Բերեմ մի  բնորոշ օրինակ  ադրբեջանական բանակում տիրող անհեթեթ բարքերի վերաբերյալ: Սննդի մատակարարումը ադրբեջանական բանակում իրականացվում է ոչ թե կենտրոնացված համակարգով, այլ անհատական, այսինքն՝ յուրաքանչյուր գնդի հրամանատար ստանում է համապատասխան գումար եւ իր զինվորների համար սնունդ է գնում: Թե ստացվող գումարի ո՞ր մասն է սննդի ձեւով հայտնվում զինվորի սեղանին, դժվար չէ կռահել, մանավանդ՝ եթե հիշենք, որ խոսքը Ադրբեջանի պես անօրեն ու կոռումպացված երկրի մասին է»:

Սամվել Մարտիրոսյանը նկատում է, որ Հայկական բանակը վարկաբեկող լուրերը և’ Ադրբեջանի ներքին սպառման համար են, և հայկական կողմի համար: «Հայկական զինուժը նսեմացնող նյութերը առաջին հերթին պետք են ադրբեջանցի զինվորներին ու ժողովրդին, որպեսզի մեղմեն վախը, որպեսզի ասեն, թե միայն իրենք չեն ծանր վիճակում, Հայաստանում վիճակը էլ ավելի վատ է»:

Փորձագետը նկատում է, որ  Հայաստանի տնտեսության օրհասական վիճակի եւ Հայաստանի սովահար բնակչության մասին տարածվող ինֆորմացիան դարձյալ նույն հեռահար նպատակն ունի. սեփական ժողովրդին համոզել, որ միայն իրենք չեն քաղցած:

Ինչ վերաբերում է  ադրբեջանական բանակի հզորության եւ ադրբեջանցի ժողովրդի ծաղկող  կենսամակարդակի մասին հրապարակումներին, ապա ըստ Ս. Մարտիրոսյանի, դրանք էլ մեր զինվորների ու ժողովրդի համար են: «Խնդիրը մեկն է՝ վախ ներշնչել, վերահաս պատերազմի սպառնալիքով խուճապ առաջացնել հայ հասարակության եւ զինվորների շրջանում»:

«Ադրբեջանական կողմը փաստարկում է Իլհամ Ալիեւի արդյունավետ քաղաքականությամբ նոր ու մարտունակ բանակ կազմավորելու վարկածը, սակայն մենք գիտենք, որ ադրբեջանական բանակի գեներալները եւ բարձրաստիճան սպաները Արցախյան պատերազմում ջախջախիչ պարտություն կրած նույն զինվորականներն են:

«Պաշտպանության նախարար Աբիեւը Արցախում պարտված հրամանատարներից է: Ի դեպ, նա Ադրբեջանի ամենաերկարակյաց ու ամենակոռումպացված նախարարն է՝ կաշառակերի հաստատուն համբավով: Ադրբեջանցիները հաճախ իրենք են խճճվում  իրենց ստի մեջ եւ արժանանում  տրամագծորեն հակառակ արձագանքի: Հայկական բանակի՝ սովամահ լինող զինվորների մասին երկար-բարակ խոսելուց  հետո  ինտերնետում հայտնվում են հայ շարքայինների  լուսանկարներ՝ գարեջրի շշերը ձեռքին կերուխում անելիս: Հայտնի չէ, թե իրականում ովքեր էին նկարում, բայց թմբլիկ, թիկնեղ, ինքնավստահ զինվորները հակառակ ազդեցությունը թողեցին ադրբեջանցիների վրա: Կամ՝ որպես Աղդամի մատույցներում տեղի ունեցած ընդհարման ժամանակ զոհված հայ զինվոր՝ ներկայացվել էր զոհված վրացի զինվորի լուսանկար, ինչը արագ պարզվեց եւ զավեշտալի  դրության մեջ գցեց ադրբեջանական կողմին»:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն