Գլխավոր » Լրահոս, Վերլուծական

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը ներկայացնում է Երևանի Պետական Համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փորձագետներ հեղինակած վերլուծությունները` հայ-թուրքական հարաբերությունների մասին

Դեկտեմբեր 4, 2009թ. 09:30

Անդրադառնալո՞ւ են, արդյոք, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  և փոխհարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունները Ղարաբաղյան հիմնհարցի կարգավորման գործընթացի վրա

2008 թ. սեպտեմբերից ի վեր Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունների նպատակն էր առանց որևէ նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու արդյունքում միակողմանի փակ սահմանի բացումը: Այս սկզբունքով է ՀՀ արտաքին գերատեսչության կողմից մեկնարկել և ընթացել բանակցային ողջ գործընթացը, որի արդյունքում` 2009 թ. մարտ-ապրիլին համաձայնեցվեցին, իսկ հետագայում նախաստորագրվեցին արձանագրությունները: Վերջապես, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրեցին Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները:

Ինչ վերաբերում է թուրք և ազերի քաղաքական գործիչների ու պաշտոնյաների այն հայտարարություններին, թե Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման և բանակցային գործընթացի հետ, ապա դրանք անհիմն են, քանզի միանգամայն հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքում այդ հարցը երբևէ քննարկման առարկա չի եղել:

Թուրքական կողմը, հիրավի, չի կարող անկողմնակալ միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:

Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և ղարաբաղյան հիմնահարցը երբեք չեն կարող զուգորդվել և միմյանցով պայմանավորել, քանիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` որպես իրենց կառավարությունների պաշտոնական դիրքորոշում: Այդ մասին հայտարարել են նաև ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարները, եվրոպական կառույցների ղեկավարները:

«Այս հարաբերությոնները որևէ ձևով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ և ինքնուրույն գործընթաց է, ինչի մասին բազմիցս խոսել են ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, այնպես էլ ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի առաքելություն կատարող միջազգային կազմակերպություններն ու միջնորդ երկրները»,- ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 10-ի ուղերձում:

Հստակ ընդգծվեց նաև, որ «Թուրքիայի հետ որևէ հարաբերության հաստատում չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման և Ցեղասպանության իրողությունը»:

Դրա մասին է վկայում նաև միջազգային հեղինակավոր փորձագիտական շրջանակների հրապարակումն առ այն, որ «Հայաստանը, փաստորեն, մերժել է Թուրքիայի ղեկավար անձանց այն ցանկությունը, համաձայն որի` երկրի խորհրդարանը վավերացնելու է արձանագրությունները միայն այն ժամանակ, երբ առաջընթաց կտեսնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններում»:

Ս.թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Է. Նալբանդյանը և Ա. Դավութօղլուն Ցյուրիխում ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ: Օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների (ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն, Ռու-սաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեռնար Կուշներ, Եվրոպական Միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանա, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Սամուել Ժբոգար) ներկայությունը ստորագրման արարողությանը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը կարևորում և անթաքույց աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու հարաբերությունների հետագա զարգացմանը` որպես անկախ գործընթացի:

Ստորագրումից հետո աշխարհի շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով, որոնցում սատարում ու պաշտպանում են Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումն ու դրույթների իրականացումը, սակայն նրանցից և ոչ մեկը (իհարկե բացի Ադրբեջանից ու Թուրքիայից) չի նշում և անգամ չի ակնարկում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ որևէ փոխկապակցություն:

«Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացումից հետո որևէ պայմանների, լրացուցիչ պայմանների ներկայացումը, որոնք արծարծված չեն արձանագրությունների մեջ, կարող են խոչընդոտել ողջ գործընթացը, քանի որ այս արձանագրությունները ստորագրվել են բանակցությունների արդյունքում, որտեղ որևէ այլ հարց, բացի նրանից, ինչ որ ներառված է արձանագրությունների մեջ, չի քննարկվել» (ՀՀ նախագահի հոկտեմբերի 10-ի ուղերձից):

Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում հստակ գիտակցում են, որ եթե կողմերից որևէ մեկը փորձի արհեստականորեն ձգձգել կամ ինչ-որ կերպ հավելյալ նախապայմաններով խոչընդոտել արձանագրությունների ժամանակին վավերացումը, ապա բացասական հետևանքների ու խնդրի ձախողման ողջ պատասխանատվությունը միջազգային հանրության առջև ստանձնելու է հենց նա:

Ի վերջո և Ադրբեջանում, ևԹուրքիայում հիանալի հասկանում են, որ հայթուրքական արձանագրությունների վավերացումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում զիջումներ կորզելու անհեռատես քաղաքականության հետ կապելը ի սկզբանե դատապարտված է ձախողման և կհետաձգի ինչպես հայթուրքական հարաբերությունների կարգավորումը, այնպես էլ ղարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացը:

Արամ Հարությունյան, դոցենտ

ArmAr.am

Ի՞նչ մտահոգություններ ունի թուրքական հասարակական կարծիքը

Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները սուր քննադատության են ենթարկվում թուրքական ընդդիմության, լրագրողների և մի շարք վերլուծաբանների կողմից, որոնք շարունակվում են ուղղակիորեն մեղադրել նախագահ Աբդուլլահ Գյուլին և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Հայաստանին զիջումների գնալու և «ադրբեջանցի եղբայրներին դավաճանելու» համար:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Դենիզ Բայքալը և Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, հետևողականորեն դատապարտում են Թուրքիայի իշխանություններին` ընդգծելով, որ վերոհիշյալ արձանագրությունները չեն բխում Թուրքիայի ազգային շահերից, որ փաստաթղթերում բացակայում է «Ղարաμաղի հարցը», ինչն էլ, ինքնըստինքյան, անհնար պետք է դարձներ երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև: Դենիզ Բայքալը նույնիսկ կարծիք է հայտնել, որ արձանագրությունների ստորագրումը լրջորեն վտանգում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, և թուրք-ադրբեջանական եղբայրական կապերը չպետք է դառնան «թուրքական կառավարության սխալի զոհը»: Նա նաև ասել է. «Ցու՜յց տվեք ինձ մի այնպիսի երկիր, որի եղբայրները գտնվում են պատերազմի մեջ, նրանց սպանում են, իսկ նրանք սեղմում են իրենց եղբայրների թշնամիների ձեռքը»:

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման նախապայմանների առաջադրման «փաստարկումը», կարծես թե ավանդական էր դարձել հիմնահարցով զբաղվող թուրք վերլուծաբանների համար, քանզի ԽՍՀՄ փլուզումից և Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումից հետո Թուրքիայում իշխանության եկած բոլոր կառավարությունները (Սուլեյման Դեմիրելի, Թանսու Չիլերի, Մեսութ Յըլմազի, Նեջմեթթին Էրբաքանի, Բյուլենթ Էջևիթի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի) Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման «զգայուն» կետը միշտ էլ, փաստորեն, դիտարկել են բացառապես թուրք-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում:

Թուրք քաղաքական վերնախավի, գիտական ու լրագրողական ընտրանու ներկայացուցիչների զգալի մասը, պարզապես, չի կարող չկրել Հայաստանին նախապայմաններ առաջադրող նախկին հայտարարությունների ու հրապարակումների «բեռը»: Բնականաբար, այդ լրագրողներն ու վերլուծաբաններն այսօր նույնպես հայտարարում են, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարները և իշխող «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունն «արտաքին ուժերի ճնշման տակ» նահանջ են գրանցել Հայաստանի նկատմամբ ճնշումներ կիրառելու քաղաքականությունից` «հայկական ագրեսիայի դեմ միայնակ թողնելով եղբայրական Ադրբեջանին»:

Միաժամանակ, թուրքական ԶԼՄ-ները լայնորեն արձագանքում են ադրբեջանական ԶԼՄ-ներում շեփորվող հիասթափությանը, իսկ Ադրբեջանում քիչ չեն հրապարակումները, որոնք նպատակաուղղված են հաշտեցնելու սեփական հանրությանը այն մտքի հետ, որ որոշակի ձգձգումներից հետո ցյուրիխյան արձանագրությունները վերջիվերջո վավերացվելու են Թուրքիայի խորհրդարանի կողմից, քանի որ իշխող կուսակցությունն այնտեղ ունի ճնշող մեծամասնություն:

Հատկանշական է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման տնտեսական շահավետության հիմնավորմամբ` ավանդաբար հանդես են գալիս թուրք-հայկական գործարար համաժողովի հիմնադիր-նախագահ Քաան Սոյաքը և փոխնախագահ Նոյան Սոյաքը: Սոյաք եղբայրներին ընդդիմախոսող թուրք վերլուծաբանները շարունակում են պնդել, որ Հայաստանը, հայոց սփյուռքի ներդրումներով հանդերձ, փոքր ու փակ երկիր է, Թուրքիան Հայաստանի հետ արդեն ունի առևտրական հարաբերություններ, որոնք իրականացվում են` գլխավորապես Վրաստանի, նաև Իրանի միջոցով, իսկ եթե թուրքական ապրանքներն ուղղակիորեն մտնեն Հայաստան, ապա տեղի կունենա դրանց գների կտրուկ անկում, ինչը, սակայն, թուրքական ապրանքների նկատմամբ հայաստանյան շուկայի պահանջարկը էապես չի մեծացնի: Թուրք փորձագետների հաշվարկով Հայաստանի հետ թուրքական առևտրի ծավալը երբևէ չի գերազանցել 250 միլիոն ԱՄՆ դոլարը: Եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ ավելի մեծ բնակչություն ունեցող Վրաստանի և Ադրբեջանի հետ Թուրքիայի առևտրի ծավալներն այս թվերից շատ չեն տարբերվում, ապա հայաստանյան շուկան թուրքական ընկերությունների համար առանձնապես գրավիչ չի կարող լինել, իսկ արևելյան շրջաններում զբաղվածության մակարդակի բարձրացման մասին խոսակցությունները խիստ չափազանցված են: Ըստ թուրք ընդդիմախոսների` սահմանի բացումից առավելապես օգտվելու են Արևմուտքի վերազգային ընկերությունները և Հայաստանը: Եթե անգամ սահմանի բացումը կարող է աշխուժացնել արևելյան մի քանի քաղաքների առևտուրն ու արհեստները, ապա, ըստ ընդդիմախոսների` համեմատած մյուս արժեքային կորուստների` դա շատ փոքր ձեռքբերում է:

Փաստորեն, Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության «զգայուն» հարցում նախապայմաններից հրաժարվելու մեջ մեղադրվող, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հովանավորների առջև պատասխանատվություն ստանձնած Թուրքիայի ղեկավարները չեն կարող չանել հայտարարություններ` մեղմելու սեփական հանրային տրամադրությունները, բայց, միևնույնն է, այդ հայտարարությունների անկեղծությունը կրկին կասկածի տակ է դրվում թուրքական ընդդիմության կողմից:

Ալեքսանդր Սաֆարյան
պատմական գիտությունների թեկնածու

Վտանգվո՞ւմ է արդյոք, հայի ինքնությունը Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման դեպքում

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում մեր ազգային ինքնության կորստի մասին պատկերացումները համակարգված չեն և կարիք ունեն պարզաբանման:

Ինքնությունը պատմամշակութային երևույթ է, որի հիմքում ընկած են այնպիսի էական գործոններ, ինչպիսիք են ազգային պատկանելիո-թյան զգացումը, ազգային ինքնագիտակցությունը, պետությունը, լեզուն, ավանդույթները: Ակնհայտ է, որ որևէ երկրի հետ հարաբերությունների հաստատումը չի կարող հայի էթնոհոգեբանության մեջ նվազեցնել նշված գործոնների դերը, ուստի` հայի ազգային ինքնությանն այս առումով վտանգ չի սպառնում:

Տարածված մտահոգությունների դրդապատճառներից առաջնայինն այն է, որ հայի ինքնագիտակցության մեջ արմատացած է Ցեղասպանության զոհի զգացումը, ինչն առավել սուր, ցավոտ արտահայտվում է սփյուռքահայերի միջավայրում, քանզի հայկական Սփյուռքն առաջացել է հիմնականում Ցեղասպանության հետևանքով, և սփյուռքահայերին համախմբող գլխավոր գործոններից է միասնական թշնամու` թուրքի կերպարը: Այս իմաստով հասկանալի է, թե ինչու ինքնության կորստի մասին ազդակները ավելի շատ գալիս են Սփյուռքից, որի գիտակցության մեջ թշնամու հետ հարաբերությունների հաստատումը դիտվում է Թուրքիայի դիվանագիտական և բարոյական հաղթանակ:

Միևնույն ժամանակ խնդիրն ունի մի տեսանկյուն ևս. բանն այն է, որ անկախության պայմաններում ինքնության պահպանման գործոններ են հանդես գալիս ինչպես ազգային մշակույթը, այնպես էլ ազգային պետությունը: Դեռ ավելին, լինելով առաջին հերթին քաղաքական միավորում` մշակութային երևույթից բացի ազգն ինքնության պահպանման հարցում առաջնահերթ կարիք ունի ուժեղ պետության, քանզի ձեռք բերելով անկախություն` ազգն իր զարգացման ճանապարհին այլևս նպատակ ունի ավանդական-մշակութային միավորից վերածվելու քաղաքական հանրության, դառնալու քաղաքական ազգ: Թերևս սրա կարևորությունը հայաստանաբնակ հայերն առավել մեծ չափով են զգում, քան սփյուռքահայերը, որովհետև վերջիններիս գիտակցության մեջ Հայաստան-երկիրն ակնկալվում է Հայրենիքի իմաստով, իսկ հայաստանաբնակների մոտ` Պետության: Հայաստանը որպես Հայրենիք և որպես Պետություն ընկալումները բնավ չեն հակասում իրար, այլ միայն լրացնում են միմյանց այն իմաստով, որ «Հայրենիք» բարոյական կատեգորիան իր ամբողջական տեսքն է ստանում «Պետություն» քաղաքական կատեգորիայի միջոցով: Այդ Պետությունն է, որ այսօր կարիք ունի զարգանալու, ուստի և փոխելու հարևանների հետ իր հարաբերությունների ձևաչափը, որպեսզի հիմք ստեղծի ժամանակակից հայի ազգային ինքնության համար:

Մովսես Դեմիրճյան

փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Ստորագրված արձանագրություններ. Մհերը դո՞ւրս է գալիս քարանձավից

ArmAr.am- էլեկտրոնային օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում` Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փորձագետների վերլուծությունները` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին

Նման հարցադրումը, անշուշտ, շատերի համար խիստ զարմանահարույց կարող է լինել: Եվ դա պատահական չէ, քանզի դժվար է առաջին իսկ պահից «որսալ» երկու Մհերի և ստորագրված արձանագրությունների եղելության միջև որոշակի «կապը»: Եվ սա այն դեպքում, երբ ստորագրված արձանագրությունների դատապարտմանը միտված տեսակետները հիմնականում «կառուցվում» են թուրք-հայկական սահմանի բացմամբ Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի անխուսափելիության, Արցախի հարցում ՀՀ միակողմանի և կործանարար զիջումների, Հայոց ցեղասպանության ուրացման դրույթների հիման վրա: Դրույթներ, որոնք ոչ միայն լրջագույն հիմնավորման կարիք ունեն, այլև որոշակի տուրք են հայկական քաղաքական «զգացմունքայնությանն» ու ոչ հազվադեպ դրսևորվող անիրատեսությունը: Ասվածը բնավ չի նշանակում, թե ստորագրված արձանագրությունները հարցեր չեն կարող առաջացնել, մտահոգությունների առիթ չեն կարող դառնալ: Ավելին, դրանց գոյությունը միագամայն հասկանալի և ողջունելի պետք է համարել, քանի որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ տեսակետների բախումը, մասնագիտական բանավեճերը կարող են օգտակար լինել` հնարավոր ռիսկերի առավել ամբողջական բացահայտման և հաղթահարման ուղիների մշակման համար:

Փաստ է, որ արձանագրություններն արդեն ստորագրված են: Սակայն, համոզված ենք, դրանց հանդեպ հետաքրքրությունը չի կարելի բացատրել սոսկ թուրք-հայկական սահմանի բացման, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, արցախյան հակամարտության լուծման հետ կապված տարաբնույթ հարցերի կարևորության գիտակցումով: Բանն այն է, որ որոշակի նախապատրաստական շրջան անցած այս գործընթացը հայ ժողովրդի քաղաքական կյանքում նշանավորվեց մի իրադարձությամբ, որը խիստ պայմանականորեն կարելի է անվանել պրագմատիկ նախաձեռնողականություն, որը, օրինակ, ի տարբերություն ՀՀ նախկին նախագահների սաղմնային նախաձեռնողականության` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ դարձավ իրականություն: Ասվածն առավել առարկայական կդառնա, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ բոլոր նախագահներն էլ կողմ են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների (առանց նախապայմանների բարելավմանը, սակայն միայն ներկայիս նախագահի հետևողական քաղաքականությամբ նախորդ նախագահների «մտադրությունները» կյանքի կոչվեցին: Ուստի` որոշակիորեն տարօրինակ են այն ուժերը կամ մոտեցումները, որոնք ՀՀ նախագահի «ֆուտբոլային դիվանագիտությունն» աննահանջ դատապարտում են:

Միգուցե դա կարելի է բացատրել. ա) այդ մոտեցումների ոչ այնքան սկզμունքային, որքան իրավիճակային բնույթ ունենալու գործոնով, քանզի սկզբունքայնության պարագայում հետևողական քննադատությունից չպետք է խուսափեին ընդհանուր դիրքորոշում ունեցող ՀՀ բոլոր նախագահները, բ) այն հանգամանքով, որ «ֆուտμոլային դիվանագիտությունը» որակվեց որպես նախապայմանային, ինչը, բնականաբար, կարող էր հիմք հանդիսանալ համապատասխան քննադատության: Մինչդեռ, հարկ է փաստել, որ ստորագրված արձանագրու-թյունների տեքստում ՀՀ-ին հասցեագրված նախապայմաններ դեր յուրե չկան: Իսկ դա թույլ է տալիս պնդելու, որ բազմաթիվ քննադատողների համար արձանագրությունների տեքստում «արտացոլված» է ոչ միայն այն, ինչ հստակ կա, այլև այն, ինչ չկա, բայց «ցանկալի» է:

Պրագմատիկ նախաձեռնողականութունը, ի դեմս ստորագրված արձանագրությունների, անշուշտ, պետք է հայ իրականության որոշ շրջանակներում բավականին լուրջ հակազդեցության հանդիպեր, քանի որ այն կարծրատիպեր կազմաքանդող, մեր հոգեբարոյական նկարագրի որոշ թերիներին հակասող նախաձեռնություն էր:

Դարեր շարունակ բարոյական հաղթանակներով բավարարվող, սեփական ճակատագրի կերտման գործից խուսանավող, կողմնորոշումների դաշտում «ինքնորոշման» իր իրավունքը փնտրող, արդարա-մտությունը դրսից «աղերսող», «Սասնա Ծռեր»-ի Մհերի նման իր թերիների քարանձավում աշխարհի անարդարությունների դեմ «պայքարող» հայ ժողովրդին դժվար հասկանալի է այն, որ աշխարհի անարդարությունները չեն վերանա քարանձավում մնալով, սեփական խնդիրները չեն լուծվի, եթե իր նկարագրի խնդիրը չլուծվի: «Մենք այնքան անարժեք ենք թվում մեզ,- կարծես մեր օրերի համար գրում էր Նժդեհը,- որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որևէ բանի պատճառ, անգամ դժբախտության` մենք կարող ենք լինել: Ամեն ինչ լինում է գուցե մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից»: Այո՞, մենք մեզ համար այնքան անարժեք ենք թվում, որ կողմնորոշումների դաշտում ենք որոնում ինքնորոշման մեր իրավունքը, այլ ոչ թե ինքնորոշվածության դիրքերից սահմանում մեզ համար ցանկալի կողմնորոշումների շրջանակը: Այնքան անարժեք, որ մեր դիվանագիտական նախաձեռնությունները բացատրում ենք օտարածին (տվյա պարագայում` թուրքական) դիվանագիտության ամենազորության որոգայթներով, նորարարությունները` դավաճանությամբ, ինքնուրույնության կամքը` ինքնախաբեությամբ: Չենք ցանկանում հասկանալ, որ արտաքին ճակատում պարտությունները մեր ներքին պարտությունների արտահայտություններն են, որ ոչ մի ստորագրված արձանագրություն չի կարող Արցախի, Ցեղասպանության և այլ հարցեր լուծել, եթե ինքներս մեզ համար դրանք հստակ լուծել ենք: Մեզ համար էլ այսօր շատ դժվար է հավատալ մեր` գործոն լինելու հնարավորության գաղափարին: Հայկական քաղաքական կրավորականությունը մեզ հարազատել ենք իբրև սրբազան ճշմարտություն, որն էլ ցանկացած նախահարձակություն հոգեբանորեն անընդունելի է համարում, քանի որ համարվում է մեղանչում ճշմարտության դեմ: Պատահական չէ, որ դարեր շարունակ մեր կրավորական նկարագրին հարիր ճշմարտությունների մենիշխանությամբ ապրելով` մենք հիմնականում չկարողացանք լրջագույն հաջողություններ արձանագրել քաղաքական կյանքում: Չկարողացանք և չէինք էլ կարող, քանզի «ճշմարտությունների» վերանայման խնդիր ունենալով` չվերանայեցինք: Պատահական չէ, որ ռուս նշանավոր մտածող Պ. Սորոկինը տարբեր մշակույթների վերելքն ու անկումը բացատրում էր «ճշմարտությունների» մենիշխանությամբ, այնպիսի «ճշմարտությունների», որոնք համահունչ չէին իրականության թելադրանքներին: «Վաղ թե ուշ,- գրում է Պ. Սորոկինը,- գալիս է պահ, երբ այն (նկատի ունի ժողովուրդների սոցիալ-մշակութային կյանքը – Ա. Սարգըսյան) կանգնում է այլընտրանքի առջև. կամ շարունակել զարգացումը տվյալ ուղղությամբ և վերապրել ամբողջական ատրոֆիա, կամ էլ փոխել իր ընթացքը, ճշմարտութան, իրականության և մշակութային արժեքների առավել կենսունակ համակարգով»: Հակառակ պարագայում, ըստ Սորոկինի, մշակույթները կդառնան սոսկ թանգարանային նմուշ, կլինեն նյութ առավել ուժեղ, կենսունակ և ստեղծագործ մշակույթների համար: Այս տեսանկյունից արձանագրությունների ստորագրման ողջ գործընթացը ողջունելի պետք է համարել, քանի որ դրանում նկատվում է միտվածություն դեպի մեր քաղաքական մշակույթի բարեփոխում, քաղաքական «սենտիմենատիլիզմից» կամ ոչնչապաշտությունից անցում դեպի քաղաքական իրատեսություն: «Մուրացկանություն և լալկանություն, – ժամանակին գրում էր Նժդեհը,- մի ամբողջ ժամանակի հոգեբանություն, քաղաքական մեր միակ զենքը: Լալկանությունը, սակայն, ապացույց է հոգևոր տհասության կամ անարիության: Մուրացկանությունը զզվելի է ընդհանրապես: Մուրացկանին օգնում են ոչ միայն կարեկցանքից դրդված, այլև հաճախ զզվանքից: Ավելի սարսափելի է քաղաքական մուրացկանությունը, քանի որ քաղաքականության մեջ կարեկցանք չկա, իսկ զզվանք` շատ քիչ»:

Վերոգրյալի համատեքստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը, կարծում ենք, պատշաճում է մեծանուն հայի` Գարեգին Նժդեհի «վճռական մենակի» գործունեության բնութագրին, քանի որ նկատվում է հստակ նպատակ և դրան հասնելու վճռական կամք: Իհարկե, ասվածը չի նշանակում, թե իր նախաձեռնողության հարցում նախագահը չունի համախոհներ կամ կողմնակիցներ, դա պարզապես նշանակում է ինքնուրույն կերպով ազգային շահերին հետամուտ լինելու նախագահական հավատ և վճռականություն:

Այսպիսով, խնդրահարույց արձանագրություններն ինքնին չեն վկայում Հայաստանի պարտվողական քաղաքականության մասին, դրանք հավաստումն են այն բանի, որ մեր պետության քաղաքականությունն այսօր նպատակ ունի հաղթահարել բարոյական հաղթանակներով բավարարվելու բարդույթը, խնդիր ունի մեզ համար կարևոր հարցերի բարձրաձայնման համար լրացուցիչ «խոսափող» ունենալ նաև Թուրքիայում, Մհերին քարանձավից «դուրս բերելով»` ցանկություն ունի իրական մասնակիցը դառնալ աշխարհի և մեր կյանքի փոփոխման գործի: Հուսով ենք, որ ստորագրված արձանագրությունների արդյունքները կլինեն իրատեսական և շոշափելի, նախաձեռնությունը կդիմանա պատմության ու ժամանակի «փորձաքննությանը»:

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

փիլիսոփայական գիտությունների թեկնածու

ArmAr.am

Վտանգվո՞ւմ է արդյոք, հայի ինքնությունը Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման դեպքում

Հայ-թուրքական հարաբերությունների թեմատիկան մեզանում նոր երևույթ չէ: Ավելին` այն շատ մեծ նշանակություն է ունեցել ժամանակակից հայի ազգային ինքնության ձևավորման և պահպանման համար: Ազգային ինքնագիտակցությունը կառուցում է հայի «մենքը»` հակադրելով և սահմանազատելով այն «նրանցից»: Սիմվոլիկ սահմանազատման մյուս կողմում որպես գլխավոր «հակամենք»  հանդես են գալիս թուրքերը: Այդ հակադրությունը հայ-թուրքական փոխհարաբերությունները բնորոշում են թշնամական: Այստեղից հետևություն. թշնամուն չի կարելի զիջել և ոչ մի հարցում: Հետևաբար, երբ խոսում են հնարավոր զիջումների մասին, ազգային ինքնության որոշակի փոփոխության խնդիր է առաջանում:

Ազգային ինքնության պահպանումն ազգապահպանություն է նշանակում: Միայն թե մարդկության զարգացման ժամանակակից միտումները պահանջում են, որ հայի ավանդական էթնոմշակութային ինքնության պատմական բաղադրիչները համալրվեն հայ ազգի հետագա զարգացման ուղենիշերով իմաստավորված բաղադրիչներով: Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում տեղի ունեցող գործընթացներն իրողություն է, որը պետք է ընդունել որպես փաստ և հետ նայելու փոխարեն` փորձել առաջ գնալ: Դա չի նշանակում մոռանալ անցյալը, կորցնել պատմական հիշողությունը: Փոխվում է փոխհարաբերվելու մարտավարությունը:

Նման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորող հիմնական գործոնները երկուսն են` աշխարհի գլոբալացումը և հայոց անկախ պետականության կայացումը: Աշխարհի գլոբալացման հիմքը համաշխարհային տնտեսական համակարգի ձևավորումն է: Վերջինս էլ անհնար կլիներ առանց ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաների: Տեղեկատվական հոսքերի գլոբալ կառավարումը, դրանց 10

արագընթաց տարածումն աշխարհով մեկ տեղեկատվական իրականության նոր իրողություն են ստեղծում, որն անվանում ենք «տեղեկատվական հասարակություն»: Այսուհետև մենք պետք է գիտակցենք, որ մեզանում կատարվող ամեն ինչ այդ հասարակության գլոբալ համատեքստում է տեղի ունենում:

Գլոբալ համատեքստում է իրականանում նաև մեր պետականության կայացումը: Քանի որ պետական իշխանությունը ենթադրում է նաև մեր պետության իրավասությունների ճանաչում «նրանց» կողմից, ստիպված ենք առաջնորդվել գլոբալ աշխարհում ընդունված սկզբունքներով և ոչ թե ցանկություններով: «Տեղեկատվական հասարակության» պայմաններում փոխվում են ազգային պետության բնութագրիչներն ու դերակատարությունը: Տարածական ներփակման փոխարեն կարևորվում է մասնակցությունը գլոբալ հաղորդակցության գործընթացներին: Եթե մեր ազգի քաղաքական զորությունը թույլ չի տալիս սահմանելու այդ գործընթացների բովանդակությունն ու ուղղությունը, ապա հնարավոր է և անհրաժեշտ, օգտագործելով «տեղեկատվական հասարակության» ցանցային կառուցվածքի հանգույցներում կենտրոնացած հայկական սփյուռքի կարողությունները և հայոց պետության քաղաքական հնարավորությունները, այդ գործընթացները ծառայեցնել մեր ազգային շահերին:

Այստեղից էլ առաջանում է մի կարևորագույն գերխնդիր` հայ ազգի ինքնակազմակերպում, տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ հատուկ կառույցների ստեղծում: Իսկ կազմակերպել հնարավոր է միայն ազգային ինքնության առանցքի շուրջ: Դրա համար առավելապես էթնոմշակութային բաղադրիչներով սահմանված ազգային ինքնությունը պետք է արդիականացվի, պետք է ձևավորվի ազգպետության հետ իրեն նույնականացնող հայի ինքնություն թե’ Հայաստանում, թե’ Սփյուռքում:

Ինքնությունը ոչ այլ ինչ է, քան ինքնանույնականացման գործընթացների ամբողջություն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պահանջում է, որ մենք մեզ նույնականացնենք ոչ միայն անցյալի կորուստների, այլև ներկայի հաղթանակների և ապագա անելիքների հետ: Նման մոտեցման դեպքում մենք չենք խուսափի թուրքերի հետ հարաբերվելուց, չենք լինի այդ հարաբերության կրավորական կողմ: Հաստատուն ռազմավարական նպատակների հասնելու համար անհրաժեշտ է նոր, ավելի ճկուն մարտավարություն: Հայության համար սա գերխնդիր է թե անցած ճանապարհին ձեռքբերումների և կորուստների չմոռացվող փաստի, թե աշխարհաքաղաքական բարդ դիրքի, թե համաշխարհային հասարակություն արդեն կայացած մուտքի առումով: Հետևաբար` հայի ավանդական ինքնության արդիականացումն օրակարգային խնդիր է:

Արթուր Մկրտիչյան

փիլիսոփայական գիտությունների դոկտոր



Դիտել Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն