Պատերազմ սկսելն Ադրբեջանի համար աղետալի սխալ կլինի` այս կարծիքի են ռուս վերլուծաբանները
Նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների`
հանդիպման նախօրեին Ալիևը կրկին սովորույթի համաձայն խրոխտացել էր, թե եթե այդ հանդիպումն էլ արդյունք չտա, ապա Ադրբեջանը կընդհատի բանակցությունն ու կպատրաստվի խնդրի ուժային լուծման տարբերակին: Այս հայտարարությունը որոշ քաղաքագետների այնքան լուրջ ընդունեցին, որ սկսեցին վերլուծություններով հանդես գալ, և նույնիսկ ակամա «յուղ լցնելով» ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքների «կրակին»:
Այսպես. ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը` Ալիևի հայտարարությունից հետո լրջորեն վերլուծելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հեռանկարը, անգամ կանխատեսեց, թե ինչպիսին կարող է լինել Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմը. այն կլինի միայն «կայծակնային», որի գլխավոր խնդիրները կլինի ռազմաճակատի գծի փոփոխությունը, խաղաղ բնակչության արտաքսումն Արցախից, հայկական կողմի պաշտպանական ենթակառուցվածքների ոչնչացումը:
Շարունակելով իր կանխատեսումը, վերլուծաբանը նկատում է, թե Ադրբեջանը փորձելու է շեշտը դնել ավիացիայի և հեռահար հրետանու վրա, քանի որ ցամաքային գործողություններում, եթե 10 000 զոհ և 50-70 հազար վիրավոր էլ տա, ապա դա կլինի Ալիևի իշխանության կործանումը: Քաղաքագետը սակայն Ադրբեջանին նաև նախազգուշացնում է, որ պատերազմի հետևանքով այդ երկիրը լուրջ վնասներ է կրելու, իսկ վնասների շարքում ընդգծում` շարքից դուրս կգա Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը և Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը:
Հնարավոր պատերազմի թեման շարունակում է ռուս մեկ այլ քաղաքագետ` Ալեքսանդր Կարավաևը: Վերջինս հնարավոր պատերազմը կապում է Թուրքիայի հետ ու նկատում, թե` Թուրքիան եթե հայտարարի, որ հրաժարվում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, ապա դրանից հետո միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը պատերազմ սանձազերծի ԼՂՀ–ի և Հայաստանի դեմ: Սակայն վերլուծաբանը միաժամանակ հավելում է, որ իրադարձությունների նման ընթացքը ձեռնտու չի լինի Թուրքիայի համար:
Մեկ այլ վերլուծաբան` Ստանիսլավ Տարասովն էլ հետևություն է անում, որ Ալիևի ռազմատենչ հայտարարությունը Թուրքիային մղում է ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը, քանի որ հակառակ դեպքում Թուրքիան դառնում է պատերազմի սանձազերծման «հանցակիցը»:
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով էլ, Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հռետորությամբ փորձում է ուշադրություն հրավիրել իր դիրքորոշման վրա, որպեսզի կարողանա դիվանագիտական ճնշում գործադրել միջնորդների վրա: Ինչպես մյուս բոլոր վերլուծաբանները, այնպես էլ Մարկեդոնովը, համոզված է, որ «Պատերազմ սկսելն Ադրբեջանի համար աղետալի սխալ կլիներ` միանգամայն գործնական նկատառումներից ելնելով»,– եզրակացնում է քաղաքագետը:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, Ալեքսանդր Կարավաև, Ալիև, Արցախ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Թուրքիա, Հայաստան, Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայան, Մյունխեն, Մոդեստ Կոլերով, Սերգեյ Մարկեդոնով, Ստանիսլավ Տարասով












