ԼՂՀ քաղաքագետները համոզված են, որ հասունացել է ԼՂՀ ակտիվացման անհրաժեշտությունը
Օրերս ԼՂՀ Ազգային ժողովը հանդես եկավ Ղարաբաղյան խնդրի հետ կապված գործընթացների վերաբերյալ հայտարարությամբ: Առաջին «ինտրիգը» հենց` հայտարարությամբ հանդես գալու փաստն էր: Ի վերջո, Արցախի իշխանություններն այնքան էլ հաճախ չեն հայտարարություններով հանդես գալիս: Տեղի քաղաքագետներն այդ փաստը որպես առավելություն են գնահատում: «Ընդհանրապես, հայտարարությունների առումով, մեր հանրապետությունը բավական հավասարակշռված պահվածք ունի. հայտարարություններով հազվադեպ ենք հանդես գալիս`միայն անհրաժեշտւթյան դեպքում: Եվ դա ինքնին մեծացնում է հնչեցված հայտարարությունների կշիռը»,-գնահատում է քաղաքագետ Դավիթ Բաբայանը:
Գուցե ոչ բոլորը կկիսեն այդ տեսակետը, փոխարենը, ԱԺ վերջին հայտարարության շարժառիթների հարցում բոլորն են համակարծիք: Այսպես. ՀՅԴ Արցախի մարմնի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը շարժառիթների թվում նշում է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հերթական` մյունխենյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմի ակտիվ ռազմաշունչ հայտարարությունները:
Պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների համաժողովից հետո առկա են որոշակի մտավախությունները:
Խնդիրն այն է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները թևակոխում են նոր փուլ.«Խնդրի, այսպես ասած, սառեցված փուլն արդեն հետեւում է»,- գնահատում է քաղաքագետ Հրաչ Արզումանյանը և հավելում, որ Ղարաբաղյան խնդրի շուրջ հետաքրքրություններն առավել մեծանում են: Նա այն կարծիքին է, որ. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների տրամաբանությունը հուշում է, որ քննարկումները մոտենում են որոշումներ ընդունելու փուլին»,- համոզմունք է հայտնում ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Ընդ որում` նման զարգացումների հիմքերը մեկ օրում չեն ստեղծվել, համոզված են Արցախում: Հայ-թուրքական հարաբերություններում 2009-ին արձանագրված տեղաշարժերն ինչ-որ կերպ պետք է ազդեին նաեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա եւ այսօր արձանագրվում են այդ ազդեցության առաջին հետեւանքները. «Հայ–թուրքական հարաբերություններում գրանցված որոշակի տեղաշարժերից հետո միանգամայն բնական է նաեւ ղարաբաղյան ճակատում ադրբեջանաթուրքական կողմի ակտիվացումը»,- արձանագրում է քաղաքագետ Հրաչ Արզումանյանը:
Այս պարագայում ղարաբաղյան կողմի ակտիվացումն ուղղակի անհրաժեշտություն է: Դրա համար միանգամայն բավարար պատճառներ կան: «Բանակցային գործընթացում այսօր տեսանելի է Ադրբեջանի տեսակետը եւ Հայաստանի տեսակետը, սակայն դեռեւս հստակ ձեւակերպված եւ ներկայացված չէ ղարաբաղյան կողմի մոտեցումը»,- ասում է Վահրամ Աթանեսյանը` հավելելով, որ արդեն հասունացել է նաեւ դրա անհրաժեշտությունը: «Անհրաժեշտ է հստակեցնել այն շրջանակը, որից դուրս ընդունված որեւէ որոշման համար մենք պատասխանատվություն չենք կրում»,-գտնում է նա:
Արդյո՞ք Արցախի խորհրդարանականների արձագանքն ուշացած չէ. այս հարցում կարծիքները տարբեր են: ՀՅԴ ներկայացուցիչը դա գնահատում է որպես ճիշտ ժամանակին արված քայլ: Գեղամ Բաղդասարյանի համոզմամբ` Արցախի օրենսդիրները չպետք է իրենց հայտարարությունները պայմանավորեն միայն արտաքին ազդակներով. Արցախի ժողովուրդն ունի իր հստակ դիրքորոշումը եւ իր իշխանության բարձրագույն մարմիններին դեռ 1991թ. անկախության հանրաքվեով պատվիրել է կյանքի կոչել դրանք` անկախ արտաքին ուժերի մոտեցումներից:
Հայտարարությունը քննարկվել է խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից: Որոշ կետեր նախապես համաձայնեցվել են: Հավանաբար, նաեւ դրանով էր պայմանավորված, որ փաստաթղթի վերջնական տարբերակն ընդունվեց գրեթե միաձայն: Որոշ խորհրդարանականների սպասումները, սակայն, ավելի մեծ էին:
Ղարաբաղյան կողմն ավելի ազատ է հայտարարություններով հանդես գալու հարցում, քան միջազգային տարբեր պարտավորություններով կաշկանդված Հայաստանի Հանրապետությունը, եւ այդ հնարավորությունը պետք է ավելի արդյունավետ օգտագործվի: Ընդ որում` իր այդ պահվածքով Արցախը միայն կհեշտացնի ՀՀ խնդիրները, համոզված է Գեղամ Բաղդասարյանը:
Ինչեւէ: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Հայտարարությունն արդեն ընդունվել է. Ու՞մ է այն, ի վերջո, հասցեագրված: Ընդգծված շեշտադրումներն ինքնին հուշում են պատասխանը: Այդ հարցում մեր բոլոր զրուցակիցներն էլ միակարծիք են` այդ հայտարարությունը ոչ թե ներքին, այլ արտաքին լսարանի համար է: Ընդ որում` այնտեղ հստակ շեշտադրումներ են արվել, հատկապես, Մադրիդյան հայտնի սկզբունքների վերաբերյալ: «Դրանք մեզ համար անհասկանալի ու անընդունլի են,-նշում է Վահրամ Աթանեսյանը,-«Մենք մեր հայտարարությամբ միջնորդներին ասում ենք, որ մեզ համար անհասկանալի եւ անընդունելի սկզբունքների մեջ Ադրբեջանը փորձում է ավելի նեղ շրջանակներ գծել»:
Այնուամենայնիվ` ԼՂՀ քաղաքագետները համոզված են, որ Մադրիդյան սկզբունքները քարացած չեն և որ իրենք, ոչ հեռու ապագայում, նրանցում էական փոփոխություններ են ակնկալում:
Սակայն և’ միջազգային կառույցները, և’ Ադրբեջանը հստակ պետք է մեկ բան գիտակցեն, որ Արցախում կան անփոփոխ սկզբունքներ, որոնց նկատմամբ արցախահայությունը մեկ անգամ չէ, որ ամենատարբեր մակարդակներով արտահայտել է իր հավատարմությունը. «Վերադարձ 1988-ն` թե’ տարածքային, եւ թե’ կարգավիճակի առումով` անհնար է: Այդ մասին բազմիցս հայտարարել է նաեւ ԼՂՀ նախագահը»,– մեր զրույցն ամփոփեց քաղաքագետ Դավիթ Բաբայանը:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












