Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վրաստան, Քաղաքականություն

Ինչո՞ւ են Վրաստանում շրջանառվում Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին խոսակցություններ

Դեկտեմբեր 4, 2009թ. 15:06

VrastanԻնչո՞ւ են Վրաստանի իշխանությունները դրական արտահայտվում Վերին Լարս անցակետի բացման առնչությամբ. դա ամենևին է Հայաստանին օգնելու նպատակով չի արվում, համոզված է ՀՀԿ խմբակցության անդամ, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը. «Վրաստանը պարզապես, մտավախություն ունի, որ հայ-թուրքական սահմանը բացվելու պարագայում   կարող է կորցնել տարանցիկ երկրի նշանակությունը Հայաստանի համար եւ զրկվել այդ կարգավիճակի բերած միլիոնավոր դոլարներից»:

«Փաստարկ» մամուլի ակումբի հյուրը նկատում է, որ ամենևին էլ  պատահական չէ, որ օրերս Վրաստանի քաղաքական շրջանակներում սկսեցին շրջանառվել  խոսակցություններ` Վրաստանի կողմից  Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:

Բայց  կգնա՞, արդյոք, այդ քայլին Վրաստանը. «Պարզ է, որ` ոչ, Վրաստանը չի ճանաչի ցեղասպանությունը»: Այդ դեպքում ի՞նչ նպատակով են տարածվում նման խոսակցությունները, Շիրակ Թորոսյանի մեկնաբանությունը հետևյալն է. Վրաստանը նման խոսակցություններով փորձում է սպառնալ Թուրքիային չբացել հայ-թուրքական սահմանը, քանի որ գիտակցում է, որ բացվելու դեպքում Վրաստանը կկորցնի Հայաստանի համար տարանցիկ երկրի մոնոպոլ դիրքերը:

Շիրակ Թորոսյանը նշում է, որ ներկա իրավիճակը հոգնեցրել է և’ Հայաստանին, և Թուրքիային ու անգամ Ադրբեջանին. «Այս երկրները ևս կցանկանային ունենալ իրար հետ հաղորդակցվելու, ինչպես նաեւ կոմունիկացիոն այլ նպատակների համար անհրաժեշտ այլընտրանքային ճանապարհ»:

«Թուրք-հայկական սահմանի բացումն առաջին հերթին միտված է լինելու Հարավային Կովկասը տնտեսական մեկ տարածաշրջան դիտարկելու գործընթացին»,- ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահը։

Նա նկատեց, որ  Հայաստանի իշխանությունները միշտ հայտարարել են, թե քանի որ կախված ենք Վրաստանից, չենք կարող համարժեք հակազդեցություն ցուցաբերել Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքում կատարվող քաղաքականությանը։ «Բայց այսօր, երբ հայթուրքական սահմանի բացմամբ այլընտրանքային ճանապարհ կունենանք, վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն էապես կկոշտացնեն իրենց դիրքորոշումը և վրաց իշխանություններից կպահանջեն արդարացի համարժեք վերաբերմունք ցուցաբերել ջավախահայության նկատմամբ և հարգել նրանց իրավունքները»:

«Հայ-վրացական հարաբերությունը հավասարների,  իրական բարեկամների հարաբերություն կդառնա միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո, երբ Վրաստանը այլեւս չի շահարկի Հայաստանի տարանցիկ ճանապարհ լինելու հանգամանքը».- համոզված է Շիրակ Թորոսյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն