Ադրբեջանը շարունակում է հակահայկական գործունեությունը գիտական մակարդակում
Ադրբեջանում վերջերս տեղի ունեցավ` հայկական «պատմության խեղաթյուրումների» մասին ևս մեկ «գիտական աշխատության» շնորհանդես[1]: «Խեղաթյուրման պատմության գաղտնիքները» վերնագրով այս գիրքն ադրբեջանցիների հերթական քայլն է՝ վարկաբեկելու Հայաստանը և Հայոց Պատմությունը միջազգային գիտական մակարդակում: Իհարկե, այս աշխատությունը շատ հեռու է «գիտական» կոչվելուց, սակայն Հայոց Պատմությանն անտեղյակ անձանց կողմից այն կարող է նույնիսկ գիտականի տեղ ընդունվել:
Գիրքը պատրաստվել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Մարդու իրավունքների ինստիտուտի աջակցությամբ:
Մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Հայթան Մուսթաֆաևն իր զեկույցում նշել է, որ գրքում օգտագործվել են նյութեր` ինչպես ադրբեջանական և արտասահմանյան արխիվներից, այնպես էլ հայկական ինտերնետային ռեսուրսից: Ըստ նրա՝ ցանկացած հայկական խեղաթյուրում բացահայտված է փաստերով: Նա նաև նշել է «հայկական ահաբեկչության» դաժան հետևանքների և համաշխարհային հանրության վրա դրանց հսկայական ազդեցության մասին[2]:
«Երբեմն հայերը թուրքերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը ֆոտոշոպի միջոցով կեղծում են և աշխարհին ներկայացնում որպես հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանություն»,-ասել է ինստիտուտի տնօրենը[3]:
Գրքի շնորհանդեսի ընթացքում խոսվել է գրքի՝ ռուսերենից բացի` նաև այլ լեզուներով թարգմանելու կարևորության մասին, որպեսզի աշխարհին պարզ լինի, թե ինչպես են հայերը, խեղաթյուրելով փաստերը, խաբում ողջ աշխարհին: Ասվել է, որ արդեն պատրաստ է անգլերեն տարբերակը և այն շուտով կհրատարակվի:
Գրքի համահեղինակ Ջումշուդ Նուրևը նշել է, որ նա պարզել է 1915-1994թթ. Հայոց Պատմության 32 խեղաթյուրված տարբերակ:
Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը, բացի կարճաժամկետ հակահայկական տեղեկատվական պրովոկացիաներից (հակահայկական հայտարարություններ, հոդվածներ), ակտիվորեն գործում է նաև երկարաժամկետ հակահայկական տեղեկատվական ռեսուրսներ ստեղծելու ուղղությամբ:
Այս պարագայում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ադրբեջանական հակահայկական «գիտական» գործունեությունը վարկաբեկելու և օբյեկտիվ իրականությունն աշխարհին մատուցելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, անթույլատրելի է հույսը դնել այն հանգամանքի վրա, թե միևնույն է` ճշմարտությունը մեր կողմից է ու ադրբեջանցիներին չի հաջողվի խեղաթյուրել իրական փաստերը, քանի որ այդ հավասարակշռությունը հեշտությամբ խախտվող է և այստեղ այլևս կարևոր չէ, թե ում կողմից է արդարությունը:
Վահրամ Միրաքյան
[1] В Азербайджане состоялась презентация книги, разоблачающей армянский терроризм и фальсификации. 02.12.2009, http://ru.trend.az/
[2] Вчера состоялась научно-практическая конференция на тему «Армянская фальсификация истории», Bakililar.az
[3] В Азербайджане состоялась презентация книги, разоблачающей армянский терроризм и фальсификации. 02.12.2009, http://ru.trend.az/












