Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հայաստանի խորհրդարանը հայտարարում է` պատասխանատվություն կրողը Ադրբեջանն է

Դեկտեմբեր 4, 2009թ. 18:04

azgajin-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատրաստակամության մասին.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.

ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքին ու այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրությանը,

շեշտելով` Խորհրդային Միության փլուզումով նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու իրավահավասար անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  և Ադրբեջանի Հանրապետության ձևավորումը,

փաստելով` ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացին ի պատասխան, ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրված էթնիկ զտումների քաղաքականության և ուժային մեթոդներով հարցի լուծման ճանապարհը, դրսևորված.

–          Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր  բնակավայրերում` Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու և այլ 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության զանգվածային տեղահանումներով, ջարդերով, բռնություններով ու սպանություններով,

–          ԼՂՀ և հարակից տարածքներում իր բնօրրանում ապրող հայ բնակչության նկատմամբ իրականացրած էթնիկական զտումներով,

–          վարձկան գրոհայինների և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջան կողմից 1991-1994թթ. սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայով,

վերահաստատելով` Հայաստանի Հանրապետության հանձնառությունն առ այն, որ հանդիսացել և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա բնակչության անվտանգության երաշխավորը,

արձանագրելով, որ Ադրբեջանի ուժային քաղաքականության արդյունք հանդիսացող  բազմահազար մարդկային անդառնալի կորուստների, անկախ ազգային պատկանելիությունից  մեկ միլիոնից ավելի փախստականների ու տեղահանվածների, ծանր նյութական կորուստների ու ԼՂՀ և Ադրբեջանի փոխադարձ վերահսկողության տակ տարածքներ  անցնելու անմիջական պատասխանատուն ագրեսոր Ադրբեջանն է,

վկայակոչելով` Ադրբեջանի կողմից շարունակվող.

–          արցախյան հիմնախնդրի էության և հակամարտության ծագման ու ծավալման պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որպես բանակցային լիիրավ կողմ չճանաչելու Ադրբեջանի մարտավարությունը, որոնք նպատակ են հետապնդում խուսափել հակամարտության բուն առարկան հանդիսացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի և անվտանգության հետ կապված հարցերի առաջնահերթ լուծումից և հակամարտության հետևանքների համար պատասխանատվությունից,

–          ռազմատենչ հայտարարությունները, հայատյացության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված քաղաքականությունը, ինչը խոչընդոտում է կողմերի միջև փոխվստահության ձևավորման հնարավորությունները,

համոզված լինելով, որ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման, ռազմական ճանապարհի բացառման և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության և արդյունավետության ապահովման երաշխիքը եղել և մնում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքի անվերապահ կիրառումը,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, հակամարտության ծագման և հետևանքների պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, ատելություն սերմանող հակահայկական կոչերն ու գործողությունները, իրենց կողմից կատարված ոճրագործությունների ծանրությունը չընդունելը, շարունակում են հակամարտության կարգավորման սկզբունքային ու առանցքային խոչընդոտը հանդիսանալ և այս քաղաքականության շարունակության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը:


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն